Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը մեկնարկել է

Դեկտեմբեր 04,2025 18:02

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Արդեն 33-րդ անգամ, այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները:

«Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:

«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքն սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս, այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները՝ այսօ՛ր, ո՛չ թե վաղը»,-ասված է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել: Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել:

Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:

Հատկանշական է, որ արշավի շրջանակում նոյեմբերի վերջին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և Հայաստանի խոշոր ձեռնարկատիրությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակազմի կողմից ներկայացվել են հաշվետու նախագծերը: Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորության են անդրադարձել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արշավի ու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի մասին հանրայնացման ուղղությամբ մեծապես աջակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, իսկ արշավի կոնցեպտը և տեսաֆիլմերը նախագծել է «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունը:

Հայաստանի անկախությունից ի վեր Համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր նոյեմբերին միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից` կենտրոնացնելու ջանքերը հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության համար: Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը:

Հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել` ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար՝ ներդրնելով 1500-ից ավելի նախագծերում: 2024-ից սկսած հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում` թույլ տալով ապահովել առավելագույն արդյունավետություն, թափանցիկության և հաշվետվողականություն: Այս տարի դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031