Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գրողի տուն–թանգարանում տեղի է ունեցել «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» հայերեն և անգլերեն ձեռնարկների շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ամփոփվել է «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ռեմիքս պատմասացության մրցույթ՝ բիզնեսի և մասնագիտական զարգացման համար» նախագիծը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը:
«Այս տարին հագեցած էր Ավետիք Իսահակյանին նվիրված բազմաբնույթ նախաձեռնություններով, և հատկապես ուրախալի է, որ դրանց արդյունքում մեր և օտար ընթերցողների սեղանին են դրվել նոր հրատարակություններ։ Այդ համատեքստում ֆրանսերենով և պարսկերենով հրատարակվեցին Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, վարպետի սիրային նամակների հիման վրա «Իմ սե՛ր, Ավետիք» խորագրով գիրքը, կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որի ընթացքում հայ և արտասահմանցի գիտնականները ներկայացրել են մոտ վեց տասնյակ զեկուցումներ: Տպագրվել է գիտաժողովի զեկուցումների ժողովածուն։ Այսօր ներկա ենք ևս մեկ կարևոր նախաձեռնության շնորհանդեսին, որը ոչ միայն հարգանքի տուրք է Ավետիք Իսահակյանի ժառանգությանը, այլև նոր մոտեցում՝ ժամանակակից կրթական և մասնագիտական կյանքի համար»,- ողջույնի խոսքում նշել է Ալֆրեդ Քոչարյանը։
Նա հույս է հայտնել, որ ձեռնարկը լայն կիրառություն կգտնի կրթական գործընթացում և կօգնի երիտասարդներին հասկանալ, թե ինչպես կարող է գրականությունը դառնալ մտածողության գործիք, իսկ մշակութային ժառանգությունը՝ նորարարության հենք։
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալը նաև շնորհավորել է «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ռեմիքս պատմասացության մրցույթ՝ բիզնեսի և մասնագիտական զարգացման համար» նախագծի մասնակիցներին՝ ընդգծելով, որ երիտասարդներն ունեն ստեղծագործ և նորարար մտածողություն, որն արտացոլված է ներկայացված աշխատանքներում։
«Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» ձեռնարկի հիմնական գաղափարն է Իսահակյանի պատմվածքներից բխող բարոյական դասերն ու ուղերձները կիրառել ժամանակակից կորպորատիվ և մասնագիտական համատեքստում։ Այն ներառում է էսսեներ, որոնք ստեղծագործական կամուրջ են ձևավորում դասական հայ գրականության և արդի մասնագիտական աշխարհի միջև։ Ցույց է տրվում, թե ինչպես են Իսահակյանի պատմվածքներից բխող բարոյական դասերն ու իմաստությունները (օրինակ՝ «Ամենապիտանի բանը», «Աղա Նազար», «Հայրենի հողը» և այլն) վերածվում գործնական վերլուծությունների, որոնք կարևոր են մարդկային ռեսուրսների կառավարման, մոտիվացիայի, թիմային համագործակցության և կորպորատիվ էթիկայի համար։
Ձեռնարկի առաջաբանի հեղինակներն են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) MBA ծրագրի ղեկավար, ռազմավարության ու հաղորդակցությունների դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Էսսեների հեղինակներն են Արտակ Շաքարյանը, Արևիկ Համբարձումյանը, Աննա Կոնջորյանը, Արփի Կարապետյանը, Մարիանա Էդիլյանը, Մարիամ Դիլբանդյանը։ Գրքում ներառված են նաև նախագծի շրջանակում տեղի ունեցած մրցույթի երեք հաղթողների՝ Գայանե Տաշյանի, Մարիա Դերվիշողլյանի և Տաթև Ազիզբեկյանի էսսեները: Վերջիններս ստացել են նաև դրամական պարգևներ՝ 1-ին տեղ` 200 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 150 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 100 հազար դրամ։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































