«Շատ տեղերում արծարծվում է, որ եկեղեցում գործող կանոնը նշում է, թե քանի եպիսկոպոս կարող են անվստահություն հայտնել, բայց այդտեղ նրբություն կա, նախ պիտի եպիսկոպոսաց ժողով լինի, և այդ եպիսկոպոսները, որ ձայն են բարձրացնում, իրենք պետք է անբասիր լինեն, մաքուր լինեն։
Հիմա ինչքանո՞վ է ճիշտ իրենց արածը».- պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե երբեւէ կսպասե՞ր եպիսկոպոսներից, որ Վեհափառ հայրապետի հրաժարականը կպահանջեին՝ ասաց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Հրայր սարկավագը:
« Եթե Ամենայն Հայոց Հայրապետն էլ հայրաբար, խնամքով, ժամանակի ընթացքում իրենց էլի հնարավորություն է տվել ուղղվելու, իսկ հիմա ինչ-որ այլևայլ պատճառաբանություններ են բերում, ասելով, որ կապ չունի ներկայիս ժամանակներում տիրող իրավիճակի հետ, բայց դա այլ բան է իրենց ասածը»,–ասաց սարկավագը:
Aravot.am-ի դիտարկմանը, թե այդ եպիսկոպոսները իրենց տարբեր հարցազրույցներում պնդում են, թե երկար տարիներ փորձել են իրենց այսօր բարձրաձայնած հարցերի լուծումները ստանալ ներեկեղեցական պատերի ներսում, բայց լուծումը չեն գտել, սարկավագն ասաց. «Ես, ի պաշտոնե իրավազոր չեմ եղել մասնակցելու նման ժողովներին, որովհետև այնտեղ բարձրաստիճան հոգևորականներն են, և ինֆորմացված չեմ եղել, թե ինչ հարցեր են քննարկել այնտեղ։ Բայց մի բան ես վստահաբար գիտեմ. խնդիրը, եթե առաջանում էր, հոգեւորականը ձայնը բարձրացնում էր, հիմա այս պատերի ներսում դատվում է։ Ես տեսել եմ այդ հոգևորականին, որ վստահված ձեռքերում թողնելով իրեն վստահված թեմը, պատերազմի է գնացել։ Ես այդպես հոգեւորականին վստահում եմ։ Մնացած հոգեւորականները, եթե իրենք օրհասական պահին իրենց ճիշտ խոսքը չեն ասում, եւ պարզ մարդկային տրամաբանությամբ խնդիրը առաջացած ժամանակ թողնում են, թե ինչ-որ մեկը կլուծի խնդիրը, ու հետո ելնում, բարձրաձայնում են, որ գիտեք, տարիներով խնդիրներ կային… է, բարձրաձայնեիք, լուծեիք, բա ինչի՞ համար եք դուք բարձրաստիճան հոգևորական։
Կարդացեք նաև
Բայց այս ամեն ինչը սադրողին էլ թող մի քիչ ուշադիր լինի, շատ բաների մեջ է թաթախվում»։
Նրա խոսքով՝ իր համար անսպասելի էր Արցախի թեմի առաջնորդի ՝Փաշինյանի հետ հանդիպման գնալը. «Ես չեմ կարող հստակ ինչ-որ մի պատասխան տալ; համենայնդեպս; անձամբ պիտի խոսեմ իր հետ։ Դա եթերով ասելու բան չի, մեր քննարկումն է լինելու, ես իրեն գիտեմ, ինքը՝ ինձ»։
Հրայր Սարկավագի խոսքով՝ եթե անգամ կաթողիկոսը զավակ ունի, դա ոչ մեկին չի խանգարում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած է եղել, իր որդիները, հետո թոռներն են կաթողիկոս դառել։ Դա նորմալ էր։ Աստվածաշնչում գրված է, եպիսկոպոսը մի կնոջ ամուսին պետք է լինի, այսինքն՝ բազմակնություն չէր կարելի։ Դա գրված է առաքելական կանոնում, պետք չի էլի աղանդավորի նման մի հատված վերցնել, ասել այսպես է, մի հատ ընդհանուր ուսումնասիրեք, հասկացեք, թե ինչն ինչոց է: Բայց խոսքս ուղղեմ այն մարդկանց, որոնք ասում են, թե կուսակրոն հոգեւորականն այդ մեղքը չպետք է գործած լիներ: Քննադատողներից որեւէ մեկը գիտի՞, թե արդյոք կուսակրոնության ուխտը խախտածը ոնց է ապաշխարել, թողություն ստացել է, թե՞ չի ստացել։ Իրենք ընդամենը ուզում են քարկոծեն։ Զգույշ եղեք, այդ քարերը կարող է թեքվել ձեր կողմը։
Հայ ազգի մեջ տղամարդկությունը արդեն վերացա՞ծ է, որ սկսում են բամբասկոտ ինչ-որ բաներով զբաղվել։ Ունե՞ք ինչ-որ բան պնդելու, ով որ մեղադրում է, թող ինքն էլ ապացուցի։ Բան ունեք ասելու, տղամարդավարի եկեք դիմացը կանգնեք, ոչ թե հելեք այս կողմ, այն կողմ, պատի տակերում ինչ-որ բամբասանքներ արեք։ Սա վայել չի, հայկական չի։ Ո՞ր ժամանակ մենք կորցրեցինք մեր տղամարդկությունը»։
Անդրադառնալով Aravot.am-ի դիտարկմանը, թե կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից Գեւորգ սրբազանը հայտնել է, որ Վեհափառի հրաժարականը պահանջում են, որովհետեւ իրենց առջեւ կոնկրետ փաստեր են դրել կաթողիկոսի՝ գործակալ լինելու վերաբերյալ, Հրայր սարկավագը զարմացավ. «Վեհափա՞ռն է գործակալ, որ ուր գնում է, որ երկիր գնում է, հայ ազգի հարցն է բարձրացնում, Արցախի հարցն է բարձրացնում, գերեւարվածների հարցն է բարձրացնում, Արցախից տեղահանվածների հարցն է բարձրացնում։ Ի՞նքն է գործակալ, թե՞ այն մարդիկ, որոնք կամայական հրահանգներով ինչ-որ բաներ են անում…
Ես իմ ծառայության բերումով Մայր Աթոռում ծառայել եմ, Արցախում էլ ծառայել եմ, զինված ուժերում էլ ծառայել եմ և հիմա այդքան որ ամպագորգոռ հայտարարություններ են անում ինֆորմացիաներ ունեն, ես էլ ինֆորմացիաներ ունեմ թող մի քիչ զգույշ լինեն։ Թող փորձեն դե եկեղեցու դեմ մի բան անել, բայց լավ չեն մարսելու։
Անշուշտ լավ է, երբ որ ե՛ւ պետական ոլորտում, ե՛ւ եկեղեցում մաքրման գործընթաց սկսի։ Եթե հոգևորականը ձայնը բարձրացնում է ազգի համար, կարող է, քանի որ ՀՀ քաղաքացի է, և բոլորի պես ինքն էլ ունի իրավունք իր խոսքը բարձրացնելու։ Երեք հոգևորականներ խոսել են երկրի մաքրման մասին, ազատագրման, ճիշտ ճանապարհի մասին ոչ թե ավելորդությունների մասին, կալանավորված են: Դա քաղաքականության մեջ մտնել չի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































