Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի փորձ 90-ականներին էլ է եղել, ԳԽ պատգամավորը մեկնեց Բաքու, վերադառնալուց հետո սկսեց ակտիվ քարոզչություն անել Բաքվի օգտին»

Դեկտեմբեր 04,2025 21:00

Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

– Ադրբեջանի հետ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու նպատակով, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից պատվիրակություն էր մեկնել Ադրբեջան ՝ պետական բյուջեից տրամադրված գումարով, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության այցելության։  Ո՞նց եք սրան վերաբերվում, սա կօգնի՞ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությանը։

-Այդպիսի բանակցություններ եւ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ հարաբերություններ հաստատելու առումով 90-ական թվականներին էլ փորձեր արվել են․ երբ Գերագույն խորհրդի պատգամավորը մեկնեց Բաքու, վերադառնալուց հետո սկսեց ակտիվ քարոզչություն անել Բաքվի օգտին։

Իսկ քաղհասարակության առումով նույնպես բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել եւ որեւէ դրական արդյունք չեն գրանցել։ Եւ չէին էլ կարող գրանցել, քանի որ խնդիրը արդարացի լուծման տանելու փոխարեն, մեր իշխանությունը, առավել եւս Բաքուն, ձգտում էին խնդիրը պահել 1921 թվականի պայմանագրերի շրջանակում եւ լուծել Բաքվի օգտին, ինչը եւ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը եւ ազատագրված տարածքները հանձնելով Բաքվին եւ մասնակից դարձավ Արցախում իրականացրած ցեղասպանությանը եւ հայրենազրկմանը։

Պուտինը Նիկոլին հանձնել է էրդողանին։ Էրդողանը՝ հարյուր տարի առաջ Հայաստանի նկատմամբ թուրքական ծրագիրը՝ ոչնչացնել հայ ժողովրդին եւ վերջնականապես վտարել մեզ՝ հայերիս, Աստուծու տված հայրենիքից՝ հայկական բարձրավանդակից, փորձում է այժմ իրականացնել Նիկոլի միջոցով։ Իսկ Նիկոլը պատրաստակամորեն կատարում է նրա բոլոր պահանջները։

-Այդ ամենին դիմակայելու առաջարկ ունե՞ք։

-Դիմակայելու մեկ ճանապարհ կա․ հավատալ Աստուծուն եւ հույսը դնել մեր հավաքականության վրա, փոխել իշխանությունը, վերակազմակերպվել, ընտրել հուսալի եւ անդավաճան դաշնակիցներ եւ հետ բերել ոչ միայն կորցրածը, այլեւ վերականգնել Հայոց միջազգայնորեն ընդունված սահմանները՝ տեր դառնալ Հայոց բռնազավթված բոլոր տարածքներին։

-Իրատեսական համարո՞ւմ եք այդ ամենը։

-Իհարկե։ Աստված ասում է՝ դու արա քո գործը, քայլերը, գործողությունները եւ կստանաս իմ օգնությունն ու աջակցությունը։ Քանի որ մեր առաքելությունը Աստված է սահմանել, ուստի Նա միշտ մեր կողքին է, մենք ենք երբեմն հեռանում նրանից։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ է ընդամենը ապաշխարել եւ գործել։ Եվ Աստուծու ներկայությունը մեր կյանքում անմիջապես կզգանք։

Հարց է առաջանում ինչո՞ւ են թուրքերը այդպես մոլեգին պայքարում մեր եկեղեցու դեմ, որի դրսեւորումներից են Նիկոլի կատարած քայլերը՝ վարկաբեկել հոգեւոր դասին, որի միջոցով էլ  ոչնչացնել եկեղեցին եւ դուրս թողնել նրա՝ Հայոց ազգային շահերը պաշտպանելու առաքելությունից։ Սակայն հետ հայացք կատարելիս մեր պատմությանը, տեսնում ենք, որ էլ ավելի ավերիչ ժամանակաշրջաններ են եղել մեր պատմության մեջ, որի ամենադաժան շրջանը դարձավ Հայոց ցեղասպանության եւ բոլշեւիզմի շրջանները, երբ սպանվեցին հազարավոր հոգեւորականներ, իսկ կենդանի մնացածներն էլ քշվեցին Սիբիր։ Փակվեցին կանգուն մնացած բոլոր եկեղեցիները, միայն Մայր Աթոռում ընդամենը յոթ հոգեւորական մնաց։

Այնպես որ այս փորձությունն էլ կանցկացնենք, էլ ավելի բյուրեղացած, մաքրված, դեպի Աստված վերընթաց սլացքով։ Գիտեք ինչպիսի ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ մեր եկեղեցում հավատացյալների՝ սուրբ Պատարագի մասնակիցների ավելացում, առանձնապես երիտասարդների։ Այսպիսի հալածանքները էլ ավելի են ամրացնում, ամրակուռ դարձնում Հայոց եկեղեցին։ Ժողովրդի այն հատվածը, որը քրիստոնյա լինելով հանդերձ, հեռու է հավատքից, սկսում է մտածել, խորհել, թե ինչո՞ւ է թշնամին այսպիսի մոլեգնությամբ պայքարում մեր եկեղեցու դեմ եւ գտնում է պատասխանը. ուզում է ոչնչացնել մեր հավատքի տունը, հեռացնել մեզ Աստուծուց, մեր հավատքից, մեր էությունից, մեզ՝ մեզնից։

-Իշխանությունը նաեւ քայլեր է կատարում, որ որոնք անդառնալի կորուստներ են բերելու ու դրանց հետեւանքների վերականգնելը գրեթե անհնար է լինելու․ օրինակ, բանակի ժամկետային զինծառայությունը նվազեցրին կես տարով, այն դարձնելով մեկ ու կես տարի։ Արդյո՞ք, դա մեր անվտանգությանը վնաս չի պատճառի։

-Իհարկե մեծ վնաս կպատճառի, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ օրենքի գործողությունը ընդամենը կես տարով է լինելու։ Իշխանափոխությունից հետո դա անմիջապես վերանայվելու է։

Հայաստանի անվտանգությունը ապահովող միակ երաշխիքը հոգեպես պատրաստ ժողովուրդն է եւ իր զինված ուժերը։

Մեր անվտանգությունը ապահովելու եւ երկարատեւ խաղաղ ժամանակաշրջան ապրելու համար, ելնելով տարածաշրջանային ուժային հավասարակշռությունից մեզ անհրաժեշտ է ունենալ շուրջ 150 հազարանոց արհեստավարժ բանակ, զինված արդիական զինատեսակներով եւ մոտ 400 հազարանոց պահեստազոր, որոնք պատրաստված են եւ միշտ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ժամերի ընթացքում համալրել բանակի շարքերը եւ դիմակայել թշնամուն։

Այդպիսի մակարդակի, ազգային իշխանություն ունենալու դեպքում կարելի է հասնել կարճ ժամանակամիջոցում, ընդհուպ մեկ-երկու տարում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել եւ ուժեղացնել բանակը, որոնցից ամենագլխավորը ժողովրդի հոգեբանությունը փոխելն է, որ մեր բանակը հայ մարդը դիտարկի որպես իր անվտանգությունն ապահովող միակ միջոցը եւ նվիրվի նրան անմնացորդ։

Երկրորդ՝ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը դարձնել երեք տարի, օրենք ընդունել եւ պետական համակարգում արգելել բանակում չծառայածներին աշխատանք տալ, բանակում չծառայածներին զրկել որեւէ պետական աջակցությունից, հասնել նրան, որ ինչպես Հայոց պետությունը, այնպես էլ Հայոց բանակը դառնա համահայկական, այսինքն ազգությամբ հայերը անկախ իրենց քաղաքացիությունից, աշխարհի ցանկացած երկրից սիրով գան հայկական բանակում ծառայելու եւ ծառայությունը հայկական բանակում համարեն իրենց հիմնական պարտականությունը հայրենիքի հանդեպ։

Եվ ամենակարեւորը, Հայոց բանակը դարձնել համազգային սիրո, փայփայանքի եւ պարծանքի բանակ։ Յուրաքանչյուր հայ, անկախ բնակության վայրից, Հայոց բանակը պետք է համարի իրենը եւ անմիջական մասնակցությամբ հզորացնի այն։ Միայն այս դեպքում մենք կունենանք անվտանգ ապրելու եւ մեր երկիրը զորացնելու երաշխիք։

Այս պարագայում մենք այլեւս հոխորտացող եւ նվաստացուցիչ պահանջներ ներկայացնող հարեւան չենք ունենա։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031