«Իմ դեմքով երևաց, թե ինչպիսի դատավարություն է այստեղ կատարվում։ Հնարավոր չէր, որ ես մեկ շաբաթ առաջ լինեի շատ վտանգավոր անձ, մեկ շաբաթ հետո այդ վտանգն այնքան կորեր, որ ինձ վարչական վերահսկողություն տային։ Սա աբսուրդ է։ Ամոթի զգացում էլ չունեն այդ մարդիկ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման մասնակից, Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը մինչեւ 2026 թվականի հունվար երկարաձգել էր Մանթաշյանի խափանման միջոց կալանքը, անցած շաբաթ կալանքից ազատեց Մանթաշյանին։ Վերջինն ու նրա պաշտպանը համոզված են, որ դատավորի որոշումը պայմանավորված էր հանրային ճնշմամբ։
«Ամոթի զգացում էլ չունի այդ որոշում կայացնողը։ Հիմա մտածում են, ես շնորհակալություն պիտի՞ հայտնեմ, որ նման որոշում են կայացրել։ Ոչ, ժողովուրդը ճնշեց, նստացույց արեցին, գրեցին բոլորը։ Այդ ընդվզումը լռեցնելու համար մարդիկ իրենց որոշումը մեկ շաբաթվա ընթացքում փոխեցին, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Մանթաշյանը։
Անդրադառնալով քաղաքական դրդապատճառներին՝ Մանթաշյանն ասաց. «Ինձ ասել են՝ ՔՊ-ից մարդ կա, որ կուրացիա է անում այս գործով, դա Վահագն Ալեքսանյանն է։ Միջադեպ եղել է իր մայրիկի հետ։ Հավանաբար դա էլ պատճառ։ Հետո Իգորը Սարգսյան, մի ճիշտ բան ասեց նիստի ժամանակ, Լիդյային մեր դեմ որպես զենք մի օգտագործեք, ասում էր մեզ պահեք, Լիդյային թողեք։ Ես դուրս գալուց հետո շատ բան եմ իմացել, չգիտեի, որ մեր երկրում այսքան քաղբանտարկյալ կա։ Պետք է բոլորը խոսեն այդ մասին, պետք է բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































