-Արշակ սրբազանի նկատմամբ այնպիսի հոդվածով են փորձում գործ հարուցել, որ հասարակությունը իրեն չպաշտպանի: Իրենց զոմբիներն ու նիկոլազավրերն էլ խիստ քննադատեն, ասեն՝ տեսաք, թմրամոլ է: Սա ուղղված է եկեղեցին վարկաբեկելու,- Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի ձերբակալությանը:
Հիշեցնենք, որ ըստ Արշակ սրբազանի պաշտպանի, Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Նրա խոսքով՝ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքն այնքանով է հիմնավոր, որքանով Բագրատ, Միքայել ու Մկրտիչ սրբազանների եւ մյուսների մեղադրանքները. «Նույն տրամաբանության մեջ էլ սա է: Ուժայիններից գալիս, ձերբակալում են, հետո մտածում՝ ինչ հոդվածով ձերբակալվածին դատեն: Էական չէ՝ ինչ հոդվածով են ձերբակալում, հոդվածն ընթացքում են մտածում: Հայտնվել ենք 37 թվի շրջանը, երբ երկու- երեք հոգու տանում, գնդակահարում, աքսորում էին, հետո 50-ականներին նոր արդարացվեցին: Այսինքն՝ Ստալինի մահից հետո: Նման իրավիճակ է հիմա»:
Տեր Վրթանեսը անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարություններին, թե քահանաների մեծ մասը չքավորության մեջ է ապրում. «Իրավիճակ է ստեղծում, որ գյուղական քահանաներն այդ խայծն ուտեն ու միանան իրեն: Եթե գյուղական քահանաները վատ են ապրում, դու էլ այդքանը գիտակցում ես, այդ հարցով Մայր Աթոռի հետ բանակցեիր, մանավանդ այն եպիսկոպոսների հետ, որոնք քո շուրջն էին հավաքվել ու հենց իրենք էլ հնարավորություն ունեին այդ քահանաներին աշխատավարձ տալու ու չեն տալիս»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով թոթոլ տեղերում ծանոթով քահանա նշանակվելուն՝ իսկ ծանոթ չունեցողներին հեռավոր գյուղեր ուղարկելուն՝ Տեր Վրթանեսն ասաց. «21 տարվա քահանա եմ, միշտ ծառայել եմ հեռավոր գյուղերում, բայց փառք մեր Տիրոջը գյուղերում էլ, քաղաքներում էլ, ամեն տեղ էլ նույն Աստվածն է, ու մենք մեր ծառայությունը սիրով ու պատվով կատարում ենք: Որեւէ ձեւով չենք դժգոհում. մեզ հասած գյուղական վայրերում խնդիրները ու հոգսերը, երբ քրիստոնեաբար հաղթահարում ենք, մեզ համար օրհնություն է դառնում: Երբեւէ իր պատկերացրած թոթոլ տեղերում չեմ եղել, որ այդ ճանապարհները իմանամ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































