Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՀՀ վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է իմ հայցն ընդդեմ Երևանի ավագանու՝ անվավեր ճանաչելով Երևանի ավագանու ապօրինի որոշումը, որով դադարեցվել էին ավագանու անդամի իմ լիազորությունները՝ տրված Երևանի բնակիչների կողմից ընտրությունների միջոցով։
Դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ավագանու որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի, Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, հետևաբար ենթակա է անվավեր ճանաչման:
Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի, ինչպես նաև Երևանի ընտրողների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները կոպիտ կերպով ոտնահարվել են և չեն պահպանվել։
Կարդացեք նաև
🔹Երևանի ավագանու կամայական որոշմամբ՝ Երևան քաղաքի քաղաքացիների քվեարկության հաստատման կարգը փոխվել է:
🔹Գրիգորի Երիցյանը փաստացի իրացրել է իր բոյկոտելու իրավունքը, որի համար ոչ իրավաչափ կարգով, անօրինական վաղաժամկետ զրկվել է իր լիազորություններից։
🔹Ավագանու այլ անդամների բացակայությունները հիմք չեն հանդիսացել վերջիններիս լիազորությունները դադարեցնելու համար, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Գրիգոր Երիցյանը եղել է թիրախավորված, վերջինիս քաղաքական հայացքների համար:
🔹ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որը հստակ ամրագրում է՝ կարծիքի արտահայտման մասին ազատությունը, պետք է փաստել, որ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքի ազատ արտահայտման իրավունքը կոպտորեն ոտնահարվել է:
Հույս ունեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի ավագանու իր կամակատարները գիտակցում են իրենց ամոթալի որոշման հետևանքները և դրա բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի վրա։ Այս ապօրինի որոշման տակ ստորագրած յուրաքանչյուրը գողացել է մեզ ընտրած 43,765 ՀՀ քաղաքացիների ձայները։
Շնորհակալ եմ բոլոր սկզբունքային մարդկանց, ովքեր չլռեցին և կանգնեցին արդարության կողքին, Երևանի ավագանու մեր ֆրակցիայի ընկերներին և Հայկ Մարությանին, Hovsepyan Law Firm–ի արհեստավարժ փաստաբանական թիմին՝ Քրիստ Հովսեփյանին, Լիանա Գրիգորյանին և Անի Գրիգորյանին։
Սա կարևոր նախադեպ է հետագա բոլոր նմանատիպ գործերի համար։ Քաղաքացիների ընտրության արդյունքում ձևավորված քաղաքական մարմինները չպետք է ընտրություններից հետո ձևափոխվեն օրվա իշխանությունների քիմքին համապատասխան»։


















































