Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանի դիտարկումները
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի հեղինակած «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն: «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն է, թարգմանիչը՝ երաժշտագետ, ԵՊԿ դասախոս Նոնա Ոսկանյանը:
Aravot.am-ը զրուցել է տիկին Հովհաննիսյանի հետ: «Ընդհանրապես կամերային գործիքային անսամբլի մասին կան աշխատանքներ, դա ուսումնասիրված առարկա է, այս պարագայում ուղղակի հետաքրքիր է Իրինա Կրասոտինայի դպրոցի, ուրիշ ուղղության եւ անձամբ իր վերաբերմունքը, այդ առարկայի՝ իր մեթոդաբանությունը»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ նորատիպ ձեռնարկը հասցեագրված է եւ ուսանողներին, եւ կամերային անսամբլի դասախոսներին ու դասատուներին:
Ինչ վերաբերում է ձեռնարկում Իրինա Կրասոտինայի առաջարկած լուծումներին ու պատասխաններին՝ հիմնված ձեւավորված երաժշտական ավանդույթների, մեթոդների, սեփական փորձի վրա, այս մասին էլ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը նշեց. «Ամեն ինչ համապատասխանում է այն գիտելիքներին եւ ուղղությանը, ինչ ունենք նաեւ Հայաստանում, մեր կամերային անսամբլային արվեստում, բայց հայկականը մի քիչ ավելի տարբեր է: Իմ կարծիքով, մեզանում ավելի շատ են ուշադրություն դարձրել մեր դասախոսները, կատարողները՝ ավելի հուզական, անգամ ազգային ուղղություն տալով դասական երաժշտությանը: Կրասոտինայի մոտ ամեն ինչը հիմնված է ավանդական դպրոցի վրա»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե կամերային երաժշտությունն ինչ դեր է խաղում ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի կրթության մեջ: «Այդպիսի սոլիստ կամ հայտնի երաժիշտ չկա, որ կյանքում չանդրադառնա կամերային երաժշտությանը, որովհետեւ կամերային երաժշտությունը մի ուրիշ բան է սովորեցնուն մարդուն, կատարողին՝ ընդհանուրի մեջ զգալ յուրահատուկ անձնական եսը եւ կարողանալ այդ եսը մենքի մեջ գտնել»,-ասաց մեր զրուցակիցը: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններին: Գայանե Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պետք է ընդհանրապես ավելի շատ ուշադրություն դարձվի հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններին, որովհետեւ, ցավոք, արտասահմանում հիմնականում մի քանի կոմպոզիտորի կամերային գործեր են հնչում, մինչդեռ մենք շատ հարուստ գունապնակ ունենք այդ առումով:
Պրոֆեսորի խոսքով, Կրասոտինան ոչ միայն կլասիկ եւ ճանաչված անսամբլների հետ է աշխատում Հայաստանում, այլեւ ինքն է նվագում ուսանողների հետ՝ 4 ձեռքով դաշնամուրային ստեղծագործություններ, ինչը իր հերթին հետաքրքիր է դարձնում եւ դասընթացները, եւ համերգները:
Պատասխանելով մեր հարցին, Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ Կրասոտինայի ձեռնարկը շատ կարեւոր է, բայց մեզանում էլ բավականին գործ է արվել տարիների ընթացքում, հատկապես, երբ ստեղծվել է կամերային- գործիքային անսամբլի ամբիոնը: Նա հիշեց հայտնի ջութակահար Կարեն Կոստանյանին ու նրա բացառիկ համերգները, նշեց, որ Կոստանյանն առաջինն էր Հայաստանում, որ 2 համերգների ընթացքում կատարեց Բեթհովենի բոլոր սոնատները՝ ջութակի եւ դաշնամուրի համար: Հավելեց, որ հետագա տարիներին եւս եղել են մեթոդական աշխատանքներ, բաց դասեր, փառատոներ: Օրինակ, իրենց ամբիոնի վարիչ Ալլա Բերբերյանն ամեն տարի կազմակերպում էր կամերային անսամբլների փառատոն, Հայաստանում իրականացվել է փառատոն՝ նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, փառատոն՝ նվիրված ոչ հայտնի կամերային ստեղծագործություններին, Կոնսերվատորիայի կամերային-գործիքային անսամբլի ամբիոնի վարիչ Իրինա Բադալյանը այժմ էլ շարունակում է այդ գիծը: Նաեւ հավելեց, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների աշխատանքները միշտ տպագրվել են եւ կոնսերվատորիայի մեթոդական ձեռնարկում, եւ առանձին գրքով:
Դառնալով ձեռնարկին՝ նշենք, որ այնտեղ տրվում են մեթոդաբանական և պրակտիկ խորհուրդներ, քննվում են կամերային անսամբլները երաժիշտների համար գրավիչ դարձնելու, երկացանկի ընտրության, փորձերի անցկացման վարպետության, երաժշտական տեքստերի ընթերցման բարդությունների, երաժշտական երկխոսության դրամատուրգիայի, երաժշտական արտահայտչամիջոցների եւ այլ թեմաների շուրջ խնդիրները:
Հավելենք, որ Իրինա Կրասոտինան Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավարն է: Հիմնադրամում ծավալած գործունեության շրջանակում, 2023թ.-ից սկսած՝ Կրասոտինան Երևանում ամեն տարի անցկացնում է «Կամերային երաժշտության դպրոց», ինչի արդյունքում իր շուրջ է հավաքվել տաղանդավոր հայ երաժիշտների, մանկավարժների եւ համախոհների մի խումբ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից եւ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Հենց նրանց հետ սերտ համագործակցությունն էլ խթան է հանդիսացել Կրասոտինայի ուսումնամեթոդական ձեռնարկի թարգմանության համար:
«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը, խոսելով ձեռնարկի թարգմանության կարևորության մասին՝ նշել է. «Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային եւ անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս: Այն ներկայացնում է կամերային անսամբլի վերաբերյալ ուսումնական ծրագրերի և մեթոդական աշխատանքների ընդարձակ ցանկ, որոնք գրվել են հայտնի երաժշտական մանկավարժների, այդ թվում՝ Ա. Դ. Գոտլիբի, Կ. Կ. Աճեմովի, Դ. Դ. Բլագոյի, Տ. Ա. Գայդամովիչի և Ա. Զ. Բոնդուրյանսկու կողմից: Այս աշխատանքում Կրասոտինան ներկայացնում է իր տեսակետները՝ հիմնվելով գիտական տեսության, ավանդույթների և սեփական դասավանդման փորձի վրա: Այս մեթոդական ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ավելի արդյունավետ կազմակերպել անսամբլային դասընթացները, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների շրջանում կխթանի անսամբլային արվեստի հանդեպ հետաքրքրությունը»։
Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը ձեռնարկն անվճար կտրամադրի ուսումնական հաստատություններին: Այս ստանալու համար պարզապես պետք է լրացնել հայտը հիմնադրամի կայքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.12.2025



















































