«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում խոսելով ԱԱԾ-ի՝ Շիրակի մարզում գտնվելու մասին, որպեսզի առաջիկա պատարագում զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, ասաց. «Իրապես սկանդալ է, շատ մեծ սկանդալ։ Հասել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողը գնում է եկեղեցի, մոտենում է քահանային եւ հորդորներ, խնդրանքներ, պահանջներ, չգիտեմ ինչպես որակել այդ երեւույթը, հորդորում է, որ պատարագի տեքստից զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Սա իրականում աներեւակայելի բան է նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Գուցե, մենք նման բաներ կարողանանք գտնել այլանդակ բռնապետական ռեժիմների պայմաններում։ Բայց Հայաստանի պայմաններում ունենալ մի իրավիճակ, որ ԱԱԾ-ն արդեն կրոնական ծիսակարգերով է զբաղվում, շատ խորը մտահոգությունների տեղիք է տալիս եւ պարտադրում է ավելի զգոն լինել, ավելի սթափ նայել մեր պետության ապագայի կտրվածքով, որովհետեւ սա կարող է խոսել պետության չգոյության մասին, այն բանի մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ուժայիններին, ԱԱԾ-ին ծառայեցնում է իր քաղաքական նպատակների համար։
Հստակ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի ակտիվացումն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, իմ գնահատականով, պայմանավորված է օտար պետություններից, հատկապես Ադրբեջանից՝ Փաշազադեի հրահանգներով։ Որովհետեւ այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ժնեւում բարձրացրեց Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը, արցախահայերի իրավունքների իրացման, վերադարձի խնդիրը։ Դրանից հետո Փաշազադեն հայտարարությամբ հանդես եկավ, դատապարտեց Հայ Առաքելական Եկեղեցուն, մեղմ ասած, այն կործանելու կոչեր հնչեցրեց, որից հետո Նիկոլ Փաշինյանը տարօրինակ զուգադիպությամբ սկսեց իր արշավանքը։ Ֆիքսենք՝ հակաքրիստոնեական արշավը ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու ե հայ հոգեւորականների։
Մենք չպետք է տրվենք Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին՝ եկեղեցին մաքրել եւ այլն։ Պետք է հստակ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Փաշազադեի հրահանգները։
Կարդացեք նաև
Այս թեզը հաստատող երկրորդ հանգամանքը։ Ես ուզում եմ հարց տալ մեզ դիտողներին։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հիշում եք, չէ՞, կար «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը չեզոք պահեց իրեն, չմիացավ այդ շարժմանը։ Եթե ինքը այդքան մտածում էր Հայ Առաքելական Եկեղեցին մաքրելու մասին, ապա ինչո՞ւ 2018 թվականին չաջակցեց այդ շարժմանը: Առավել եւս, որ այդ շարժումը կազմակերպողները սերտորեն կապված էին ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ դրա վառ ապացույցն է, որ դրա կազմակերպիչներից, եթե չեմ սխալվում, Կարեն Պետրոսյանը, այնուհետեւ նշանակվեց Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր: Այսինքն, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի համար եկեղեցին ընդհանրապես խնդիր չէր, որովհետեւ ոչ պատվեր ուներ, ոչ էլ սպառնում էր իր քաղաքական իշխանությանը։
Որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է դրսից եւ հատկապես Ադրբեջանից եկող պահանջներով, եւս մեկ օրինակ բերեմ, որպեսզի հասկանանք, թե ինչ համատեքստի հետ գործ ունենք։ Նույն սահմանադրության խնդիրը։ Երբ նա 2018-ին եկավ իշխանության, շատերը հարց բարձրացրեցին, որ պետք է փոխել նախորդ սահմանադրությունը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդհանրապես սահմանադրություն փոխելու խնդիր չկա։ Բայց 2021 թվականին Իլհամ Ալիեւը Բաքվում հենց պահանջ դրեց, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ պայմանավորված նաեւ Անկախության Հռչակագրով, Նիկել Փաշինյանը միանգամից լծվեց գործի: Այսինքն, ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխությունը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի թելադրանքով: Իրենք դա մի պահ հերքեցին, բայց վերջերս, կարծեմ մեկ ամիս առաջ, Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ «խաղաղության պայմանագրի» խոչընդոտ հանդիսանում է Ադրբեջանի կողմից դրված Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Եվս մեկ ապացույց առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգվում է Բաքվից՝ կոնկրետ եկեղեցու դեմ պայքարելու եւ Սահմանադրությունը փոխելու առումով։
Տասը, թե ինը եպիսկոպոս հավաքելն իր մոտ եւ ցույց տալ, թե տեսեք, ես էլ աջակիցներ ունեմ բարձրագույն հոգեւորական դասի շրջանակներում, ես գնահատում եմ որպես հուսահատական քայլ։ Հնարավոր է՝ Փաշազադեն պահանջել է, որ Նիկոլը ցույց տա, թե ինչ հաջողության է հասել եկեղեցու դեմ արշավում։ Եվ Նիկոլ Փաշինյանը հուսահատ իր «ականներին պայթեցրել» է։ Այդ ականներից մեկն էլ Նավասարդ Կճոյանն է։
Խոսել Նավասարդ Կճոյանի միջոցով եկեղեցին բարեփոխելու մասին, դրանից բարձր այլասերում ես ընդհանրապես չեմ պատկերացնում։ Նավասարդ Կճոյանը ուղիղ հակառակ տրամաբանության մեջ է եկեղեցին մաքրելու, բարեփոխելու առումով։ Հիշեք, Նավասարդ Կճոյանը 2013 թվականից գտնվում է լրատվամիջոցների թիրախում այն բանի համար, որ օֆշորային սկանդալների մեջ էր հայտնվել։ Դա վերաբերում էր միլիոնավոր դոլարների լվացմանը, մի գործարարի «քցելու» եւ նմանատիպ անճոռնի պատմությունների։ Հետո եղավ «Բենթլիի» պատմությունը։ Նավասարդ Կճոյանի միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է միայն վարկաբեկել, ախտահարել եկեղեցին։ Ի միջի այլոց, մյուս սրբազանները, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, Կճոյանից այնքան էլ պակաս չեն «տղերք» չեն, եթե այդ տեսանկյունով նայենք: Նրանք մտել են Նիկոլ Փաշինյանի մոտ խոնարհ հարսի կարգավիճակում», – ասաց Դերենիկ Մալխասյանը։
Անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների՝ Գյումրի գնալու եւ սբ. Հակոբ եկեղեցու քահանային Գարեգին Բ Կաթողիկոսի անունը պատարագում զեղչելու ուղղությամբ աշխատելուն ինչը չի հերքել Նիկոլ Փաշինյանը, Դերենիկ Մալխասյանը նաեւ հիշեցրեց, որ եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին ասում էր, որ պետք է գնան սատանա բռնեն, հիմա ընկել է հոգեւորականների եւ պատարագի տեքստերի հետևից», – ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































