«Պարո′ն Մարագոս, հորդորում եմ Ձեզ` կանգ առեք և տեսեք՝ ինչ է կատարվում մեր հանրապետությունում, խնդրում եմ՝ դադարեք հովանավորել այս իշխանություններին»,-ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Իմնեմնիմի»-ի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
Նշենք, որ «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են «հետույք» բառն օգտագործելու համար՝ խուլիգանության հոդվածով։
Նարեկ Սամսոնյանի կինն օրեր առաջ ուղերձով էր հանդես եկել` ուղղված ԵՄ դեսպանին, բայց ոչ մի արձագանք։
Կարդացեք նաև
Լուսինե Առաքելյանի նամակը վերցրեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակիցը։

Լրագրողների հետ զրույցում Լուսինե Առաքելյանն ասաց․ «Մեկ տոկոս հավանականություն և մեկ տոկոս սպասում ունեմ, որ հնարավոր է արձագանքեն։ Ինձ համար հնարավորություն էր նաև այն, որ տարբերակ չունեն ասելու՝ ձեր ուղերձը մեզ չի հասել, մեկ տոկոս հավանականությունը գուցե կարող է դառնալ ավելի մեծ շանս։ Հույսս չեմ կորցնում, խորհուրդ կտամ այս օրերին փաշինյանական ռեժիմի կողմից հետապնդվողներին և իրենց ընտանիքներին չհուսահատվել և վստահ լինել, որ Փաշինյանն իր այս մեթոդներով իր իշխանությունը երկար չի կարողանալու պահել, և գալու է օրը, որ իրեն հովանավորող ուժերն էլ են դա տեսնելու և իրեն թողնելու են մեն-մենակ։ Հուսով եմ՝ իր պատիժը կկրի ՀՀ-ում, իր սիրելի քրեակատարողական հիմնարկներից մեկում»։
Լուսինե Առաքելյանը նաև նշեց՝ իր նամակը եղել է պատմության համար, որ տեսնեն, թե ինչ է կատարվել ու ինչ լռությամբ են իրենք այդ ամենը հանդուրժել․ «Եթե խոսում ենք այն մասին, որ ԵՄ-ն պայքարում է խոսքի ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար, այդ դեպքում չեն տեսնո՞ւմ նրանք՝ ՀՀ-ում ինչ է կատարվում։ Իրենք չեն տեսնում, թե Փաշինյանի իշխանությունն ինչ փոխակերպում է ապրում բացահայտ ու լկտի ձևերով․ ոչնչից չեն վախենում և շարունակում են իրենց գործողությունները»։
Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, որ ԵՄ դեսպանին են փոխանցել նաև Antifake-ի նամակը․ «Նամակի հետ հանձնում ենք նաև այն սկավառակը, որում տեղադրված է համապատասխան տեսագրությունը, որ դեսպանն իր աչքերով նայի ու կարդա, թե ինչեր են տեղի ունենում ՀՀ-ում, եթե առ այս պահը տեղեկացված չէ։ Ակնկալում ենք, որ կամ Վասիլիս Մարագոսը մեզ հետ հանդիպում կկազմակերպի, կամ հրապարակային կարձագանքի։ Կարող է նաև հանդիպումը տեղի ունենալ off the record ձևաչափով»։
Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































