2026 թվականին մենք՝ ՀՀ քաղաքացիներով, բոլորով միասին, մեր բոլոր եկամուտներից մոտ 423 միլիարդ դրամ պետք է վճարենք միայն իբրեւ արտաքին պարտքի տոկոս։ Եթե գումարը հաշվենք մայր գումարի հետ, ապա այն կգերազանցի մեկ միլիոնը․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
«ՀՀ ներքին պարտքը, որով որ հիանում է ներկա կառավարությունը, արդեն 9,5-10 տոկոս է, իսկ առանձին պետական պարտատոմսերի տեղաբաշխումների մասով շեմը նույնիսկ 11 տոկոսի է հասել։ Դուք պատկերացնո՞ւմ եք մի ընտանիք, որ 11 տոկոսով անընդհատ վարկ փակի եւ լավ ապրի»,- հարց հնչեցրեց բանախոսը։
Ըստ նրա, ՀՀ արտաքին պարտքի շեմը, նախկին 25 տարիների վերլուծությամբ, 3,5-3,7 տոկոս է եղել, առանձին կորպորացիաներից ավելի էժան տոկոսներով ենք պարտք վերցրել․ «Վերջին տարվա ընթացքում մոտ 750 միլիոն եվրոյի պարտատոմսեր տեղաբաշխեցինք՝ 7,5 տոկոսով, բայց դա նույնիսկ զիջում է ՀՀ-ում պարտքի այդ տոկոսներին։ Հիմա, շատերը կարող են ասել՝ աշխատենք՝ պարտքը տանք, բայց սրա վերջը չի երեւում․ անընդհատ արտաքին պարտքն ավելանում է, ներքին պարտքը ավելանում է։ Ներկա վարչախմբին հարցնում են՝ ինչ եք արել, ասում են՝ զենք ենք առել։ Երբ դուք զենք առնելու մասին այդ զրույցը տանում եք, նշանակում է առնվազն պետական ողջ համակարգում դուք մարդկանց պարզապես թաթախում եք ստի մեջ։ Բյուջետային յուրաքանչյուր կոպեկ մեր երկրում պլանավորվում է եւ ասել, որ միլիարդավոր դոլարներ՝ մի բան պլանավորել ենք, այլ բան ենք արել․․․ այդպես չի»։
Տնտեսագետը նաեւ հավելում է՝ երբ ասում ենք, որ արտաքին գործոնների բարենպաստ ազդեցության պատճառով Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն կա, պետք է հասկանանք, որ դա արտաքին գործոնների ազդեցությունն է, որը ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման փուլում արդեն կչեզոքանա եւ այդ արտաքին գործոնների բարենպաստ ազդեցությունը կվերանա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































