Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի գործով այսօր դատարանն ուսումնասիրեց գործում առկա գրավոր ապացույցները: Դրանցից ուշագրավ էր հատկապես այն ապացույցը, որ 2022-23 թթ ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել: Ազատ գյուղի կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչներով, սակայն համապատասխան տաքացուցիչներ Գլխավոր շտաբից ( ԳՇ) չեն տրամադրվել:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը ներկայացված ապացույցի մասին ներկայացրեց իր դիտարկումները. «Ապացույցով հիմնավորվում է, որ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմին 2022-23թթ կացարանում ջեռուցումն ապահովելու համար որեւէ վառելիք, վառելանյութ չի հատկացվել, ենթադրաբար, կացարանը պետք է ջեռուցվեր ջեռոցների միջոցով: Այդ ձմեռը պետք է ընդհանրապես վառարան չլիներ կացարանում: Եթե ջեռուցումը իրականացվեր էլեկտրական ջեռոցներով, հնարավոր է՝ այս ողբերգությունն էլ տեղի չունենար»:
Կարդացեք նաև
Նորիկ Նորիկյանը նաեւ նկատեց, որ կացարանի հրդեհից մեկուկես ամիս առաջ էր Զինված ուժերի (ԶՈՒ) թիկունքի պետը անհրաժեշտ փորձաքննություններից հետո եզրահանգման եկել, որ հակահրդեհային համակարգը Զինված ուժերում փնթի ու ահավոր վիճակում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































