Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրիի Հայորդյաց տունը օրերս կրկին դարձավ բարձրարվեստ երաժշտության կենտրոն։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) Գյումրիի մասնաճյուղում (ԵՊԿ ԳՄ) անցկացվող «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» ծրագրի շրջանակներում այստեղ հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ։
Երեկոն, որը միախառնում էր արվեստի երիտասարդ շունչը, նոր գեղարվեստական որոնումներն ու ավանդույթների շարունակականությունը, դարձավ տարվա նշանակալի երաժշտական իրադարձություններից մեկը։
Aravot.am-ը զրույցի հրավիրեց ԵՊԿ ԳՄ-ի մագիստրոս Հեղինե Խաչատրյանին և խնդրեց նախ մանրամասնել՝ մինչ համերգի օրը մշտապես լսում էինք, թե այս համերգը խորհրդանշական է մի քանի առումներով։ «Իսկապես, այս համերգը խորհրդանշական է մի քանի առումներով։ Ճիշտ 100 տարի առաջ՝ 1925 թվականին, Արշակ Ադամյանի ղեկավարությամբ առաջին անգամ բեմ բարձրացավ Հայաստանի առաջին սիմֆոնիկ կազմերից մեկը՝ կոնսերվատորիայի նվագախումբը, որտեղ տարիներ անց ձևավորվեցին հայ դասական կատարողական արվեստի ավանդույթներն ու նշանավոր անունները։ Ներկայիս համերգը այդ հարուստ պատմության խորհրդանշական շարունակությունն էր՝ նոր ձևով վերագալիք», – ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Շարունակելով խոսքը՝ նշեց, թե երեկոյի կարևոր ու հուզիչ պահերից մեկն էր նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նատալի Գալստյանի ծննդյան օրվա շնորհավորանքը։ Ջերմությամբ ու սիրով ներկաները շնորհակալություն հայտնեցին տաղանդավոր դիրիժորին՝ նրա ստեղծագործական ներդրման, նվիրումի և հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած անսպառ սիրո համար, իսկ երեկոյին ավելացան նաև բարեմաղթանքներ ու երաժշտական ուղերձներ, որոնք համերգին հաղորդեցին յուրահատուկ մթնոլորտ։
Ապա հատուկ նշեց, թե համերգի կայացումը հնարավոր է դարձել ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանի նախաձեռնությամբ ու հետևողական աջակցությամբ։
Ի պատասխան մեր հարցի՝ զրուցակից մագիստրոսը հակիրճ ներկայացրեց երեկոյի ընթացքում հնչած ստեղծագործություններն ու երիտասարդ մենակատարներին։ «Համերգային ծրագիրը, միանշանակ, առանձնացավ իր բազմաշերտությամբ և համահունչ կառուցվածքով։ Երեկոյի մեկնարկը տրվեց Պաուլ Հինդեմիթի «Թութիֆենթխեն» սյուիտի հայաստանյան պրեմիերայով։ Ժամանակակից երաժշտամտածողության հագեցած գույները, դինամիկ շեշտադրումները և այս հեղինակի համար բնորոշ արտահայտչականությունը անմիջապես գրավեց ունկնդրի ուշադրությունը։
Հետո ներկայացվեց ջութակի համաշխարհային գրականության գոհարներից մեկը՝ Մենդելսոնի Ջութակի e-moll, op. 64 կոնցերտը, որի մեկնաբանությունը վստահված էր ԵՊԿ երիտասարդ երաժիշտներին։
Կոնցերտի առաջին մասը կատարեց Մանյա Մուշեղյանը (պրոֆեսոր Արմեն Հարությունյանի դասարան), իսկ երկրորդ և երրորդ մասերը՝ Սեյրան Բաղդասարյանը (դասախոս Արամ Հարությունյանի դասարան)։
Ասեմ, որ երիտասարդ մենակատարները կարողացան իրենց երաժշտական մեկնաբանությամբ գրավել հանդիսատեսին՝ ապացուցելով, որ նոր սերունդը լիարժեքորեն շարունակում է Հայաստանի կատարողական դպրոցի բարձրարժեք ավանդույթները», – ներկայացրեց Հեղինե Խաչատրյանը՝ հավելելով, թե երեկոյի ավարտին հնչել է Բիզեի հայտնի ու սիրված գործը՝ «Ֆարանդոլա»-ն «Արլեզիանուհի» թիվ 2 սյուիտից, իսկ կայացած համերգը, ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի հիշողության մեջ կարծես դարձել է արվեստի, նորարարության և սերնդափոխության գեղեցիկ խորհրդանիշ։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ Գյումրիում կայացած կոնսերվատորիայի նվագախմբի համերգից


























































