«Ապառաժ». Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում է ծնվել Սյուզաննա Բադալյանը․ 1991 թվականին, երբ Արցախում պատերազմ էր, ու արցախցին իր հողն ու իրավունքներն էր պաշտպանում արժանապատվորեն։ Նա Անկախության սերնդից է, ով երազում էր ապրել հաղթանակած Արցախում ու շարունակել հերոսների կիսատ թողած գործը։ Հայրը՝ Հայասեր Հայրապետյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։
Սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին խոսելը Սյուզաննայի համար շատ ծանր է
-Եղբայրս զինվորական էր, ծառայում էր որպես հետախույզ։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան նա հրազենային ծանր վիրավորում է ստանում գլխից։ Մարտունուց մի կերպ տեղափոխում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ վիրահատվում է՝ հայտնվելով կոմայի մեջ։ Բժիշկները հույս չէին տալիս։ Սակայն ես հոգուս խորքում հավատում էի, որ եղբայրս ուշքի կգա ու կապաքինվի։ Աստված չէր կարող այդքան անարդար գտնվել մեր հանդեպ։ Սեպտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով կարողանում են բոլոր վիրավորներին տեղափոխել Երևան․ եղբայրս ևս նրանց մեջ էր։ Իսկ Արցախն արդեն տեղահանվում էր։ Մենք ևս պատրաստվում էինք։ Ինչպես շատերը, ամուսինս նույնպես վառելիք չուներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, նա բենզին ձեռք բերելու համար գնում է Հայկազովի վառելիքի պահեստը։ Չարաբաստիկ պայթյունի պահին այնտեղ էր։ Ստանում է բազմաթիվ այրվածքներ, բայց փառք Աստծո ողջ ու առողջ է մնում, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխում են Երևան։ Երեք երեխաներիս հետ մնում եմ Արցախում՝ անտեղյակ հարազատներիս վիճակից, քանի որ հնարավոր չէր կապ հաստատել ոչ ոքի հետ։ Պատերազմի ու պայթյունի ժամանակ, ցավոք, շատ հարազատ մարդիկ ենք կորցրել։ Վերջին ամենածանր հարվածն ինձ համար Արցախի կորուստն ու գաղթի ճանապարհը բռնելն էր։ Երկու օր ճանապարհ անցնելուց հետո հասանք Գորիս։ Ես չէի գիտակցում, թե ինչպես եմ անցել դժոխային այդ ճանապարհը։ Ոչինչ չէի հասկանում, բոլորովին ունակ չէի մտածելու։ Չէի գիտակցում ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, որ արդեն հասել ենք Գորիս, փրկվել թշնամուց։ Ուրախանում էի, որ հասնելու եմ եղբորս, ամուսնուս ու մորս, ով անասելի ծանր ապրումների մեջ էր, միաժամանակ տխրվում, որ հայրենիքս մնացել է հետևում։
Սկսվեց ծանր, փորձություններով լի շրջան
Կարդացեք նաև
-Տեղահանությունից հետո շուրջ երկու ամիս հիվանդանոցներում էինք։ Եղբորս ու ամուսնուս վիճակը մի փոքր թեթևանալուց հետո միայն կարողացանք ուշքի գալ և կրկին գիտակցել մեր կորստի չափը։ Առանց Արցախ՝ կիսատ էի․․․ Միաժամանակ հասկանում էինք, որ պետք է շարունակենք ապրել։ Սկզբում ընտանիքով հաստատվել ենք Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Երեխաները սկսել են հաճախել դպրոց։ Ամուսինս իր մասնագիտությամբ աշխատանք է գտել Արմավիր քաղաքում։ Որպես գլխավոր գյուղատնտես հիմա ևս այնտեղ է աշխատում։ Մինչև ուսումնական տարվա ավարտը, մոտ 10 ամիս մնացել ենք Նոր Հաճնում, այնուհետև տեղափոխվել Երևան ու հաստատվել Դավթաշենում։ Գրեթե մեկուկես տարի է, ինչ ապրում ենք այստեղ։ Երեխաները հաճախում են դպրոց ու մանկապարտեզ։ Ժամանակի սղության պատճառով դեռևս չեմ ուզում աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ առաջին հերթին ցանկանում եմ կազմակերպել երեխաներիս առօրյան։ Ներկայում դասապատրաստում եմ իրականացնում Ուրտեխե կրթարանում։
Սյուզաննան խոսում է ապագայից՝ երազելով տունդարձի մասին
-Այսօրվա դրությամբ մեր հիմնական նպատակը բնակարան ձեռք բերելն է, ինչը մեծ խնդիր է ինչպես բոլոր արցախցիների, այնպես էլ մեզ համար։ Այս պահին կարևորը մեր գլխին տանիք ունենալն է, իսկ հետո կմտածենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որ ժամանակավոր մեր ապագան կառուցենք։ Ժամանակավոր եմ ասում, որովհետև ես մեծ հույս ունեմ, որ կվերադառնանք Արցախ։ Ինչքան էլ փորձում ենք, չենք կարողանում հարմարվել։ Եթե մարդու ուշքը դեպի հետ է, դեպի իր տունն ու նախնիները, ապա նա չի կարող լիարժեք հարմարվել նոր իրականությանը։ Ուղղակի մեր գոյությունն ենք ցանկանում պահել։ Փորձում ես ծիծաղել, որ երեխաներդ քեզ ուրախ տեսնեն ու վարակվեն քո ուրախությամբ։ Պարզապես հանուն երեխաների ես ապրում ու արարում։ Մեր բոլոր երազանքներն ու նպատակները մնացել են Արցախում, որոնք կապված էին մեր հող ու ջրի, տան ու հայրենիքի հետ։ Գիտեմ՝ ինձ նման մտածում են գրեթե բոլոր արցախցիները։ Բայց և այնպես ես ցանկանում եմ, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնեն վերադարձի հույսն ու հավատը։ Եթե հանկարծ հնարավորություն ստեղծվի վերադառնալու, ապա բոլորս միահամուռ պետք է վերադառնանք ու շենացնենք մեր դրախտավայրը։ Իսկ մինչև այդ բաղձալի օրը գա, մենք պարտավոր ենք արժանապատվորեն ապրել ու հոգալ մեր երեխաների կարիքները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































