«Ազատություն». Երրորդ օրն է՝ Ամերիկյան լրատվամիջոցները քննարկում, քննադատում կամ արդարացնում են Ադրբեջանից շուրջ կես միլիոն դոլարի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող կոնգրեսական Հենրի Քյուելարին ներում շնորհելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
Տեքսասից ընտրված դեմոկրատը կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել անցած տարի, ամերիկացի իրավապահները պնդել էին, թե կոնգրեսականը տարիներ ի վեր անօրինական գումարներ է ստացել ադրբեջանական SOCAR-ից, մշտական կապի մեջ եղել Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանի ու այլ դիվանագետների հետ՝ նրանց խոստանալով Կոնգրեսում առաջ տանել ադրբեջանամետ օրինագծեր։
Թրամփ․ «Նա շատ հարգված անձնավորություն է»
ԱՄՆ նախագահը, մինչդեռ, պնդում է, թե Քյուելարը «շատ հարգված անձնավորություն է» և անարդար հետապնդման զոհ է դարձել․ ըստ Դոնալդ Թրամփի՝ նախկին նախագահ Ջո Բայդենը իր թիմակցի դեմ արշավ էր սկսել, քանի որ նա քննադատում էր ներգաղթյալների առջև սահմանները բացելու՝դեմոկրատների քաղաքականությունը։
«Ներում շնորհելով այս մարդուն՝ նախագահ Թրամփն օրինականացնում է կոռուպցիան»
«Ներում շնորհելով այս մարդուն՝ նախագահ Թրամփն օրինականացնում է կոռուպցիան», – PBS-ին ասել է նախկին վարչակազմի ներման հարցերով փաստաբան Լիզ Օյերը: – «Նա բառացիորեն ներում է շնորհել հանրային պաշտոնյայի, որին մեդադրանք էր առաջադրված հարստանալու նպատակով իր լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում, այս կոնգրեսականի դատը դեռ չէր սկսվել, և եթե, ինչպես Թրամփն է ասում, նրա դեմ հետապնդումն անարդար էր, դա կարող էր ապացուցվել դատարանում։ Սակայն նախագահը մինչ այդ որոշեց միջամտել և ներում շնորհել»։
Կարդացեք նաև
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ կոնգրեսականը 2013-ին այցելել է Ադրբեջան, երկու տարի անց՝ հայտարարել Տեքսասի համալսարանի և «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» կոչվող կազմակերպության միջև համաձայնագիր կնքելու մասին՝ նավթի և գազի հետազոտությունների ոլորտում համագործակցության նպատակով: Մեղադրականի հիմքում ընկած նամակագրություններից դատելով՝ ադրբեջանցի դիվանագետները նրան դիմել էին «Էլ Ջեֆե» («Շեֆ») մականունով, կոնգրեսականն էլ ի պատասխան քանիցս խոստացել էր օգնել ու «ամեն ինչ անել»՝ Ադրբեջանի համար բարենպաստ օրինագծերն առաջ տանելու համար։
Օրինակ, 2016-ի ապրիլի 11-ին՝ քառօրյա պատերազմի ավարտից օրեր անց, նա ԱՄՆ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյային նամակ էր գրել՝ մեղադրելով ՀՀ-ին «Ռուսաստանի պրոքսի լինելու մեջ, ում միջոցով փորձում են վախեցնել Ադրբեջանի գործընկերներին»։ Նույն նամակում նա գրել էր հայկական զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից» դուրս բերելու անհրաժեշտւթյան մասին։
Քուելյարը նաև 2020-ի ամռանն է նամակագրական կապի մեջ եղել Ադրբեջանի դիվանագետներից մեկի հետ, որտեղ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային. նա ադրբեջանցի դիվանագետի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ կոնֆլիկտը կարծես սրվում է, ինչին ի պատասխան ադրբեջանցի դիվանագետը գրում է, թե ռուսները մեծ ջանքեր են գործադրում՝ խափանելու խողովակաշարերի ու տրանսպորտային ուղիների աշխատանքը և որ անհավատալի է այն, որ բազմաթիվ կոնգրեսականներ աջակցում են «հայ-ռուսական հարձակմանը»։ Ի պատասխան կոնգրեսականը, ըստ մեղադրականի, խոստացել է անել հնարավորը՝ Ադրբեջանին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։


















































