Aravot.am-ը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ղեկավար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք իր գլխավորած շարժման անդամների ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Արշակ Սրբազանի կալանավորման հարցում։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը երկամսյա կալանքի ենթարկեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության,նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Նա մեղադրվում է 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման» անդամներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց տեղադրել տալու համար։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ Արշակ Սրբազանի կալանավորման հարցում ամենամեծ մասնակցությունն իրենն է։ Մենք մամուլից ենք իմացել, որ սա մի դեպքի մասին է, որին մենք ժամանակին ականատես ենք եղել, երբ որ Մայր Աթոռում ապօրինի, ծածուկ և գաղտագողի ուզում էին Հայ Կորյունի կարգալուծության հարցը քննարկել։ Այդ ժամանակ շարժման աջակից եպիսկոպոսներից ներսից իմացանք, որ նման ձեռնարկ կա, և շարժման անդամները գնացին Վեհարան։
Եվ երբ որ մուտք գործեցին Վեհարան, այդ ժամանակ նույն Արշակ Սրբազանը բոլոր մասնակիցների ներկայությամբ խոստովանեց, որ Սուրբ Գեղարդից իրենք կտոր են կտրել, և հետո շարժման անդամներն, այնտեղ մնալով ու պահանջելով արդար քննություն, թե ուզում եք կարգալույծ անել, ուրեմն արդար քննեք, մարդուն կանչեք, առանց մարդու ներկայության կարգալուծության հարց մի քննեք, չգիտեմ ինչու որոշեցին, որ իրենք լքում են դիվանատունը։ Նույն Արշակ Սրբազանը ելավ, Վեհարանի առաջ հայտարարեց, որ մենք լքում ենք դիվանատունը։
Եվ հետո մանիպուլյացիա եղավ, սուտ ու կեղծիք տարածվեց, թե մենք զավթել ենք Վեհարանը, երբ մենք՝ շարժման անդամներս, գնացել էինք Վեհարան, որպեսզի պահանջեինք արդար քննություն, եթե կարգապահական հանձնախումբ է աշխատում, դա լինի արդար տվյալ անձի մասնակցությամբ, ոչ թե գաղտագողի և ծածուկ։
Եվ Վեհարանը լքողը Վեհարանում գտնվողին անվանեց զավթող։
Սա արդեն ցույց է տալիս այդ կառույցի ղեկավարի կեղծիքի և մարդատյացության չափը։
Բայց դա դեռ ոչինչ, մենք դրա հետ համակերպվեցինք, հաջորդ օրը ինձ զանգեց ոստիկանապետը և ասաց, որ խնդրում ենք՝ այս ինչ պայուսակը ներկայացնել ոստիկաններին, որովհետև ահազանգ ունենք։ Խոսքը Հայր Կորյունի եղբորորդու պայուսակի մասին էր։
Մենք մոտեցանք, Հայր Կորյունի եղբորորդին պայուսակը ներկայացրեց ոստիկաններին, և այնտեղ ոչ մի արտառոց բան չկար։ Այստեղ բացահայտվում է նաև Աստծո հրաշքը, ով որ ուզել էր տեղադրել թմրանյութը պայուսակի մեջ, թերևս չէր հաջողել կամ չէր հասցրել, բայց ահազանգն արդեն եղել էր սարկավագի կողմից։
Պայուսակը վերադարձվեց, ներողություն խնդրեցին, պայուսակը կախվեց իր տեղում, կես ժամ հետո նորից զանգ եմ ստանում, նորից հրավիրում եմ այդ տղային, նորից իր պայուսակով մոտենում ենք ոստիկաններին, բացում են պայուսակը, դրա մեջ հայտնաբերվում է թմրանյութ կամ թմրանյութին նմանվող զանգված՝ անձեռոցիկի մեջ։
Շատ հետաքրքիր էր, որ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, որը ներկա էր, ասաց՝ էս ինչ հրաշք էր, որ առաջին անգամ չհայտնաբերվեց, ինքը նույնիսկ զարմացավ։
Մեր ինչ մտքով անցներ, որ որևէ մեկի մտքով կանցնի 17-18 տարեկան քրիստոնյա տղայի պայուսակի մեջ թմրանյութ տեղադրել, ինչ է՝ հետո ասեն, որ շարժման անդամները թմրամոլ են», -ասաց Կարեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ սարկավագի բողոքով քրեական վարույթ է նախաձեռնվել, այնուհետ երևան են եկել հանգամանքներ, որոնցով պարզ է դարձել, որ սարկավագին ոստիկանություն զանգելու ցուցում տվել է Արշակ Սրբազանը։
«Մեզ համար ակներև էր, որ դա հենց դիվանատան կողմից կազմակերպված դավադրություն էր մեր շարժման և մեր շարժման անդամների նկատմամբ»,-ասաց Կարեն Պետրոսյանը։
Նա պատմեց, որ շարժման կողմից երկու անգամ իրավապահներին պահանջ են ներկայացրել գործի արդար քննության, քանի, որը, ըստ նրա, այդ ժամանակ այդ գործն իրենց համար անհայտ հանգամանքներում կոծկվել է՝ չունենալով ընթացք։
Aravot.am-ի դիտարկմանը, թե այդ դեպքից անցել է մոտ 7 տարի, ինչո՞ւ հանկարծ այս ամենը հիշեցին այսօր Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու համար, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, թե այդ հարցը իրենց չէ, որ պիտի ուղղենք։
Կարեն Պետրոսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցելու թեմայով ի՞նչ զրույց է ունեցել Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենի հետ։
Նա հավաստիացրեց, որ չնայած Տեր Ռուբենի պնդումներին՝ նրա հետ զրույցում իր կողմից կաթողիկոսի անունը զեղչելու առաջարկ, խնդրանք, հորդոր չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































