Լույս է տեսել մեր ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից մեկի՝ Գեւորգ Միրզոյանի «Որպես փառքի անհաս ճամփա՝ Ես իմ Մասիս սարն եմ սիրում» հոդվածների, բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ Նա, ավաղ, չտեսավ այն։
Գիրքը ծնվեց հեղինակի դուստրերի՝ Անի եւ Տաթեւիկ Միրզոյանների հովանավորությամբ, այն կազմել է Սվետլանա Դանիելյանը։
Նախ, հեղինակի մասին։
Գեւորգ Միրզոյանը «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության հիմնադիրներից է, խմբագրել է կազմակերպության «Անկախություն» շաբաթաթերթը, խմբագրել եւ հիմնել է ԱԻՄ-ի համակարգչային կենտրոնի «Ինքնորոշում» պաշտոնաթերթը։
Կարդացեք նաև
Հետապնդվել է ՊԱԿ-ի կողմից, ենթարկվել տույժերի, ձերբակալվել է։ ՊԱԿ-ի նախագահ Մ. Յուզբաշյանի գրությամբ հեռացվել է Հեռուստապետկոմից, ապա վերականգնվել է աշխատանքի դատարանի միջոցով։
Նա լիազորվել էր Պարույր Հայրիկյանի կողմից նրա աքսորում գտնվելու ժամանակահատվածում ներկայացնել նրան ՀՀ Գերագույն Խորհրդում, եղել է նրա վստահված անձը։ Միրզոյանին մի քանի անգամ առաջադրել են պատգամավորության թեկնածու… Նա Երասխի ինքնապաշտպանական մարտերի, Արցախի Մարտակերտի ազատագրման մարտիկներից էր։
Ճանաչելով Գեւորգին, ինձ համար իսկական բացահայտում էր նրա քնարերգությունը։
Գրքում տեղ են գտել «Եղիշե Չարենցի հիշատակին», «Անմահներ, թանկ անուններ», «Իմ սուրբ Երկիր», «Եվ լողում է մտքերիս նավը», «Սիրտս ծաղիկ է բուրում», «Ես եմ թագավորն իմ հուշերի» բանաստեղծական շարքերը։
Դրանք Հայրենիքի, սիրո, պայքարի մասին խոստովանություններ են.
«Ինչքան էլ որ փչի քամին,
Հողմը սաստիկ անձրեւ տեղա,
Բուքը փչի, սառույց չորս դին,
Երկրի ցնցում՝ ավեր տա նա,
Չեմ ուրանա ես իմ Աստծուն,
Իմ հայ ազգին չեմ ուրանա»։
Հոդվածներից գրքում տեղ են գտել նրա «Անկախ իշխանավորներ, կախված հայրենիք», «Օրհներգը սոսկ խոսք-երգ-երաժշտություն չէ», «Ինչու ստեղծվեց «Հայ կամավորների համախմբումը», «Արյունաշաղախ ավազի վրա կառուցված երրորդ հանրապետությունը»…, նաեւ լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի հարցազրույցը նրա հետ (տպագրվել է 168 ժամ, 7(24)։ Այդ ժամանակ Գ. Միրզոյանը եղբայրների հետ ստեղծել էին Հայաստանի մարզական ձիերի ամենամեծ ձիանոցը, իրեն քաղաքական անցուդարձերից հեռու պահելով- Ռ.Մ.)։
«Խոսք-ընտրողինը» 1999թ. մայիսի 30-ին նրա նախընտրականն էր, որը նույնքան արդիական է, ինչպես այն ժամանակ։
Նա գրում էր. «Օտարի կողմից պարտադրված լինելը, ազգային գաղափարներով եւ ավանդներով չառաջնորդվելը, երկրի ուժերն ու հնարավորությունները թերագնահատելը, կուսակցական ու խմբակային շահերով մեր միասնությունը ջլատելը՝ հայի համար հոգեւոր, վերջիվերջո, մարմնական մահ է։ Այս իրավիճակից դուրս գալու եւ մեր առաջընթացի հիմքերը դնելու համար անհրաժեշտ է. ապահովել երկրի կենսագործունեությանը նպաստող բոլոր կարող ուժերի ազատ գործունեությունը, ապակենտրոնացնել քաղաքները, վերականգնել լքված գյուղերը, հիմել նոր գյուղեր, ապահովել կրթության եւ մշակույթի ոլորտի աշխատողների մարդավայել կենսագործունեությանը…»։
Գրքում տեղ են գտել բացառիկ լուսանկարներ, նրա ձեռագիրը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2025



















































