Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ ճաղապատ, անհասանելի ազատությունը

Ապրիլ 20,2023 13:30
Razmik markosyan

Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: Ցերեկը քնելն արգելվում էր, եւ վատ լուսավորության պայմաններում երկար կարդալուց աչքերս գերլարվում էին ու ինձանից միջանկյալ հանգիստ պահանջում: Առհասարակ, արտաքին աշխարհի հետ` լիներ դա «Ստոլիպինում», «Վորոնոկում», թե խցում, միակ շփումը նեղ` 30 աստիճան թեքությամբ, 2 սմ հեռավորությամբ ճաղերով պատուհանից ինչ-որ բաներ հպանցիկ, ակնթարթային տեսնելն էր: Այսպիսին էր մեր եւ ազատ աշխարհի փոխհարաբերությունը: Այստեղ էլ, երբ ընթերցանությունից հոգնում էի, հանգիստս «վայելում էի» իմ հերթական բանտային պատուհանից դուրս նայելով: Ճաղերից այնկողմ մեր` բանտարկյալներիս նկատմամբ միանգամայն անտարբեր ազատությունն էր:

Այս անգամ իմ բանտային պատուհանի շրջանակի մեջ պատկերված էր մի սովորական ուրբանիստական տեսարան` մի կտոր անփոփոխ ու անշունչ ազատություն, որը հանկարծ շունչ առավ, դարձավ շարժուն ու սկսեց ապրել…

Հեռվում մի բնակելի շենք էր: Առաջին իսկ օրերին նկատեցի, որ այդ շենքի 4-րդ, թե 5-րդ հարկի պատշգամբում պարբերաբար մի աղջիկ է հայտնվում: Մի թռվռուն աղջիկ էր նա` կարճ մազերով, կարճ զգեստով: Նրա ամենօրյա բնակարանային մաքրությունը սկսվում կամ ավարտվում էր իրենց բաց պատշգամբով: Որոշ ժամանակ անց այդ հեռավոր անծանոթուհուն տեսնելն ինձ համար պահանջի նման մի բան դարձավ, որը գնալով սաստկանում էր: Ես սկսել էի բնազդով զգալ նրա պատշգամբ դուրս գալու պահերը: Իմ ներսում ինչ-որ բան էր կատարվում: Այդ աղջկան տեսնելն ինձ համար կենսական անհրաժեշտություն էր դարձել:

Մի օր տարվել էի ընթերցանությամբ, չէի կարողանում կտրվել գրքից: Մեկ էլ հանկարծ նկատեցի, որ խուցընկերս սովորականից երկար է նայում պատուհանից: Ներսումս մի սոսկալի բան կատարվեց: Աստված գիտի` ինչ հայացքով նայեցի, ու նա գող կատվի պես պոչը քաշեց ու պատուհանն ինձ զիջեց: Մեր տարածքում, այսինքն` խցում, ես ունեի այդ իրավունքը, քանի որ արդեն դատապարտված էի եւ իմ պատժաչափը որոշակի էր: Իսկ քննության տակ գտնվողների պատժաչափը հայտնի չէր, հետեւաբար` կարգավիճակը նույնպես: Բայց միայն այդ պատճառով չէր, որ նրանք ինձ «մրցակից» չէին: Պատշգամբի աղջիկը երբեք չէր կարող նրանց համար այնքան կարեւոր ու բաղձալի լինել, որքան ինձ համար: Փշալարեր, շներ, էտապ, զրկանքներ… Այս ամենից կարծրացած հոգիս հաճելիորեն նրբացել էր: Այդ աղջիկը իմն էր սեփական հայտնագործության պես: Ես վստահ էի դրանում: Այդ վստահությունն էր նաեւ հայացքիս մեջ, որ խուցընկերոջս ստիպեց զիջել պատուհանը: Հետագայում խցիս բնակիչներն ինձ պատուհանի մոտ էին «հրավիրում», երբ իրենց նայելու ժամանակ աղջիկը պատշգամբ էր դուրս գալիս:

Եվ այսպես, օրը մի քանի անգամ մենք «հանդիպում էինք»: Այդ աղջկա բաց պատշգամբը, նրա կարճ հագուստները եւ այն, որ նա չգիտեր իր տեսանելի լինելու մասին… այդ ամենը սկսել էր ինձ ահավոր տանջել: Ես խանդում էի: Ո՛նց էի ուզում մի բան անել, որ նա հասկանա, որ իրենց տնից քիչ հեռու գտնվող շենքից հնարավոր է, որ բանտարկյալների կոպիտ հայացքներ են հետեւում իրեն: Եթե իմ խցում չէին համարձակվում նայել նրան, ապա կողքի խցերի հայացքները չէի կարող վերահսկել: Այսպես, եկավ մի պահ, երբ նրա հեռավոր ներկայությունը ինձ համար վերածվեց տառապանքի: Այն պատշգամբը, որն ինձ հիշեցնում էր ազատության համը, սկսել էր կրկնապատկել իմ անազատությունը: Մի անգամ ինձ բժշկական ստուգման տարան: Ես դուրս եկա փողոց: Ո՛նց էի կարոտել քաղաքի ասֆալտը: Շուրջս իրենց օրն անփութորեն վայելող, իրենց ազատության նկատմամբ անտարբեր մարդիկ էին: Նրանք անտարբեր էին նաեւ ի՜մ ազատության նկատմամբ: Բայց չէ՞ որ իմ ազատությունը նման չէր իրենց ունեցածին: Այն ինձ տրվել էր ընդամենը մեկ ժամով եւ իր մեջ մի դավադիր միտում էր թաքցնում` երեսովս տալ իմ անազատությունը: Չէ՞ որ ես դրսում էի բանտային վարչակազմի որոշմամբ ու հսկիչների ուղեկցությամբ: Ես բոլորի պես քայլում էի ասֆալտի վրայով, արեւին պատուհանից չէի նայում, բայց դա նման էր սիրելի էակիդ երազում տեսնելուն. երազը չի հագեցնում, այլ բորբոքում է կարոտը: Մի՞թե քաղաքացիական հագուստը կարող է այդքան բան թաքցնել: Ես հոգուս մեջ ցավ էի զգում այն մարդկանց համար, որոնք խաբված էին` ինձ իրենցից մեկը կարծելով, Աստծո տված օրն ինձ հետ կիսելով: Անցորդների մեջ նաեւ երիտասարդ աղջիկներ կային: Տե՛ր Աստված, ես հնարավորություն ունեի նրանց տեսնելու շատ փոքր հեռավորությունից. անհամեմատ փոքր: Բայց որքա՛ն օտար էին նրանք: Կյանքումս առաջին անգամ ազատությունը կաշկանդեց ինձ: Հավատարմությունս մտքիս քայլերն ուղղում էր դեպի իմ խուցը, նրա նեղ պատուհանը` հայացքով նորից պարուրելու, քողարկելու նրան, ով երբեմն հայտնվում էր իր բաց պատշգամբում ու իմաստավորում իմ ճաղապատ գոյությունը. իմ ճաղապատ գոյությունը` լեցուն նրան ինչ-որ մեկի հետ կիսելու վախով:

Որոշ ժամանակ անց վերջ տրվեց իմ լուռ տառապանքներին: Ծնողները փակեցին իրենց պատշգամբը: «Իմ աղջիկն» այդուհետ տեսանելի էր միայն գոտկատեղից վերեւ: Չեմ կարող ասել, թե ես սկսեցի հանդուրժել, որ «մեր շենքի բնակիչները» նայեն նրան, բայց այնուամենայնիվ, փակված պատշգամբը իմ մեծագույն ուրախությունն էր ու մխիթարությունը: Այդ «քողարկումից» հետո իմ ու այդ աղջկա մտերմությունը կարծես ավելի խորացավ: Համենայնդեպս, ես այդպես էի զգում: Այդպես` պաշտպանված վիճակում, երբ նա դժվար թե ուրիշներին հետաքրքրեր, կարծես ավելի էր իմը դարձել:

Եղել են դեպքեր, երբ այս պատմությունը ստացվել է լավ պատմել (գուցե սա այդ դեպքերից չէր), ու միշտ զգացել եմ, որ ունկնդիրների մեջ տպավորվել է այն: Զարմանալի է` գրեթե բոլորը մի պահ լռելուց հետո հարցրել են. «Իսկ դու հետագայում չփորձեցի՞ր գտնել նրան»: Ո՜չ: Չե՜մ փորձել: Ու կարծում եմ` ճիշտ եմ արել: Թող այդպես անավարտ էլ մնա իմ հեքիաթը: Իսկ ո՞վ գիտի` գուցե հենց դա էլ իմ հեքիաթի ավարտն է. այդ անավարտությունը… Չէ՞ որ ես կյանքը մտքիս մեջ էի ապրում…

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ

1977թ., Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարան

«Առավոտ» օրաթերթ
19.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930