ՍԴ դիմողը գտնում է, որ իր կողմից «նյարդայնացած վիճակում անչափահաս եղբայրներին հարվածներ հասցնելու արարքը, եթե նույնիսկ ապացուցված համարենք, ապա ենթակա է որակման բռնություն գործադրելու համապատասխան հոդվածով, որը իրենից ներկայացնում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, այլ ոչ թե թրաֆիքինգ»:
«Ստացվում է այնպես, որ անչափահասների դեպքում անձի արարքը թրաֆիքինգ է նույնիսկ այն պարագայում, երբ բացակայում է երեխայի հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը կամ ստանալը, ինչը խեղաթյուրում է թրաֆիքինգ արարքի էությունը»,- ներկայացված դիմում գրել էր Արտակ Առաքելյանը։
Սահմանադրական դատարան դիմելով, նա նշել է, որ թրաֆիքինգի հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը «հակասահմանադրական է», քանի որ թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործով Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, եւ նա դատապարտվել է «անչափահասներին շահագործման ենթարկելու համար՝ առանց շահագործման նպատակով երեխային հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու կամ ստանալու»։
Ըստ դիմողի՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաներին, հարկադիր աշխատանքի ներգրավելու՝ հանցավորի նպատակն այլ անձանց աշխատանքի պտուղների հաշվին նյութական օգուտ, նյութական շահ ստանալն է, եւ արարքը թրաֆիքինգ որակելու համար հարկադիր աշխատանք հասկացությունը պետք է ներառի այնպիսի իրավիճակներ, որոնք իրենց բնույթով եւ հանրային վտանգավորությամբ համադրելի են սեռական շահագործման, ստրկության, տաժանակիր աշխատանքի եւ մարդու օրգանների հեռացման հետ:
Կարդացեք նաև
Դիմողի պնդմամբ՝ «թրաֆիքինգի հոդվածով հարկադիր աշխատանքը չպետք է այնքան լայն մեկնաբանվի, որ օրենքով նախատեսված աշխատավարձի պահումների գործընթացի ցանկացած խախտում մեկնաբանվի որպես հարկադիր աշխատանք եւ յուրաքանչյուր գործատուի կողմից իր աշխատակցի նկատմամբ ոչ իրավաչափ պահանջ ներկայացնելը (…) դիտվի որպես թրաֆիքինգ»: Նա նշել էր, որ վիճարկվող հոդվածով նախատեսված ազատազրկման ձեւով պատժի նվազագույն շեմը խիստ բարձր է, չի համապատասխանում հոդվածով նախատեսված արարքի հանրային վտանգավորությանը եւ այդ մասով նորմը պետք է ճանաչվի հակասահմանադրական, մասնավորապես ՀՀ սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող:
ՍԴԴԿՈ-65 որոշումով անհատական դիմումով գործի քննությունը մերժվել էր։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2025


















































