Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց

Դեկտեմբեր 06,2025 13:30

ՔՊ կուսակցության որեւէ անդամի դատական գործընթացները սովորաբար, նկատել եմ, կամ ընթանում են արագացված ընթացակարգով, կամ դռնփակ որոշումներով։

Բացառություն չէր ՔՊ-ական գործարար, բայց սոցցանցերում իր տգեղ գրառումներով հայտնի Թաթուլ Ասիլյանի գործը։

ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի 2024 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ արտավարութային փաստաթուղթ էր ճանաչվել ՀՀ վարչության օպերլիազորի կողմից ներկայացված հաղորդումը, բջջային հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող լազերային սկավառակը, Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված շինարարության թույլտվության վերաբերյալ՝ N 50/99428-24 եւ շինարարության թույլտվությունների ժամկետի երկարացման համար հարկերի ու տուրքերի վերաբերյալ՝ N 50/125214-24 գրությունները։

2025 թ. ապրիլի 12-ին Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո նույն օրը, ժամը 23:35-ին, «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող Թաթուլ Ասիլյանը, որին տեղափոխել էին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

2025թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի) Թաթուլ Ասիլյանին (պաշտպան՝ Ռոբերտ Բեջանյան) մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով եւ պատժի կրման սկիզբը հաշվելով փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։

Դատարանը փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 10 ամիս 26 օրը հաշվակցել էր ազատազրկման ձեւով նշանակված պատժին` թողնելով կրելու նրան 7 ամիս 4 օրը։

Թ. Ասիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել էր անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը եւ որոշվել էր 25 մլն ՀՀ դրամ բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Այս գործով հանրային մեղադրողները երկուսն էին՝ Նիկոլայ Բարսեղյանը եւ Սերգեյ Առաքելյանը։

Նոյեմբերի 14-ին քրեական գործով վերաքննիչ դատարանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թ. հոկտեմբերի 2-ին կայացված դատավճիռը պատժի մասով փոփոխել է։

Թաթուլ Ասիլյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում  եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը։

2024 թ. նոյեմբերի 6-ից ընտրված կալանք խափանման միջոցը մնացել է։

Հիշեցնեմ, որ հաղորդման հիման վրա 2023 թ. դեկտեմբերի 26-ին հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախաձեռնվել է թիվ 62284523 քրեական վարույթը։

2024 թ. օգոստոսի 20-ին հսկող դատախազի որոշմամբ Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն հանցանքի կատարման համար, որ նա կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

2024 թ. օգոստոսի 28-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ՝ Ս. Պետրոսյանի, որոշում էր կայացրել մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, կազմվել էր հետախուզական գործ:

Հսկող դատախազի 12.09.2024 թվականի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է:

Դատական նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդություն եւ հայտնել, որ համաձայն է մեղադրանքին։

Ըստ դատարանի՝ «մեղադրյալը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, արարքը ճիշտ է որակված եւ համապատասխանում է մեղադրական եզրակացությամբ հաստատված հոդվածին»։

Ի դեպ, նոյեմբերի 13-ին նրան հեռացրել է ՔՊ կուսակցությունից։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031