Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Մանգասարյան․ Եթե հրապարակված փաստաթղթերի գոնե կեսը կարողանայինք կյանքի կոչել, շատ ավելի շահավետ դիրքերում կլինեինք, քան հիմա․ «Փաստ»

Դեկտեմբեր 06,2025 10:10

«Բավականին ծավալուն փաթեթ է հրապարակվել, և միջին վիճակագրական քաղաքացին այս փաթեթների հետ ծանոթանալիս շատ հնարավոր է, որ ճիշտ եզրահանգումներ, դատողություններ չկարողանա անել և չկարողանա կողմնորոշվել, թե ինչի մասին է այդ փաթեթը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, երբ անդրադառնում ենք օրերս կառավարության կողմից՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթային փաթեթի հրապարակմանը։

Ընդգծում է՝ մինչ դրա հրապարակումը իշխանության տարբեր դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի շարք թեզեր էին առաջ քաշում։ «Ասում էին, որ միջազգային մեր բոլոր գործընկերները, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները մինչ այդ էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Այս փաթեթների հետ ծանոթանալուց և մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո շատ մեծ երևակայություն ունենալու պարագայում էլ նման եզրահանգման դժվար է հանգել։ Երկրորդ պնդումն այն էր, որ «նախկինների» ժամանակ բանակցային պրոցեսի ընթացքում Արցախը ճանաչվել, շատ վաղուցվանից եղել է Ադրբեջանի կազմում։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նման պնդումները սուտ են եղել, իրականության հետ, ընդհանուր առմամբ, կապ չեն ունեցել, որովհետև թե՛ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե՛ մեր իշխանության գործադրած ջանքերը ցույց են տալիս, որ ամեն դեպքում բանակցային պրոցեսի ընթացքում փորձել ենք հնարավորինս մեր երկրի շահերից բխող քայլեր իրականացնել՝ մեզ համար էլ ավելի շահավետ դիրքեր ունենալու համար։ Հիմա փաստացի ստացվում է, որ գործող իշխանության ժամանակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, և գործող իշխանության այն թեզերը, որոնք մինչ այժմ նրանք առաջ էին քաշում, հօդս են ցնդել։ Ոչ ոք «նախկինների» կառավարման օրոք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Եթե հրապարակված փաստաթղթերի գոնե կեսը կարողանայինք կյանքի կոչել, շատ ավելի շահավետ դիրքերում կլինեինք, քան հիմա»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ո՞րն էր գործող իշխանությունների ակնկալիքը, որ փորձագիտական հանրույթը և լրատվամիջոցները չեն ծանոթանալո՞ւ այս փաստաթղթերին, և չեն ներկայացնելո՞ւ հանրությանը։ «Հույսը դնում են նրա վրա, որ մարդկանց մեծ մասն ուղղակի չի կարդալու դրանք և մնալու է այն թեզերի ներքո, որոնք մինչ այժմ նրանց հրամցվել են։ Թե՛ փորձագիտական, թե՛ լրատվական դաշտերը տևական ժամանակ այս հարցը պետք է օրակարգում պահեն և փորձեն հնարավորինս տարբեր ասպեկտներով, որքան էլ դժվար լինի, ինչ-որ փուլում նույնիսկ հոգնեցնող, հասարակությանը հասցնել այն թեզը, որ փաստացի գործող իշխանության կատարած քայլերի արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Նաև ասում են՝ այդքան հեշտ հարց էր Արցախի հարցը, դուք լուծեիք։ Այստեղ նույնպես մեծ մանիպուլյացիա կա։ Պատկերավոր նկարագրեմ։ Պատկերացնենք՝ ինչ-որ լաբորատորիայում ենք աշխատում և գիտահետազոտական բարդ խնդիր ենք փորձում լուծել, պայմանական ասած՝ ռոբոտ շուն ստեղծել։ 30 տարի մեր գիտնականների խումբը աշխատում է այդ նախագծի վրա։

Փոխվում է ղեկավար կազմը, դրանից հետո մեր ամբողջ նախագիծը հօդս է ցնդում, և նույն ղեկավարությունն ասում է՝ եթե այդքան հեշտ էր, նախկինում այդ ռոբոտ շունը ստանայիք, ինչո՞ւ եք մեզ մեղադրում։ Մեր քննարկած հարցի կոնտեքստում, փաստացի, գործող իշխանությունն է ասել, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները, այսինքն՝ լաբորատորիա մտնելու առաջին իսկ օրվանից ասել են՝ մենք ավելի լավ ալգորիթմ գիտենք այս բարդ խնդիրները լուծելու համար և այդ ճանապարհով ենք գնում։ Նախկինում կատարված ամբողջ գործընթացը դրել են մի կողմ և փորձել են իրենց ալգորիթմով առաջ շարժվել։ Իսկ վերջնարդյունքում ունեցանք սարսափելի իրավիճակ՝ Արցախի կորուստ և էթնիկ զտում։ Այդքանից հետո էլ ասում են՝ հեշտ խնդիր է, այն ժամանակ լուծեիք։ Դա նույնն է, որ Էյնշտեյնին մեղադրենք ու ասենք՝ եթե հեշտ էր հարաբերականության տեսությունը, ինչո՞ւ ես 20 տարի աշխատել այդ նախագծի վրա, կարճ ժամանակում լուծեիր։ Ոչ ոք չի ասում, որ Արցախի հարցը շատ հեշտ հարց է, եթե հեշտ լիներ, մարդիկ լուծած կլինեին»։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031