«Հրապարակի» զրուցակիցն է Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
– Դատարանը երկու ամսով կալանավորեց Արշակ սրբազանին: Սպասելի՞ էր նման որոշումը Ձեզ համար:
– Այո, սպասելի էր:
– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում Արշակ սրբազանին թիրախավորելը:
Կարդացեք նաև
– Պա՞րզ չէ, չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում: Մենք այսօր քաղաքակրթական աղետի մեջ ենք՝ քաղաքակրթական աղետի՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես ազգ, որպես ժողովուրդ: Եվ այս ամեն ինչից էլ ածանցվում են հակաժողովրդական, հակաիրավական, հակասոցիալական, հակաբարոյական, հակահոգեւոր, հակաբնական բոլոր այդ դրսեւորումները: Մենք այս վիճակի մեջ ենք: Հիմա կհարցնեք՝ լուծում, ես լուծում չունեմ: Լուծում ունենայի՝ կձեռնարկեի ինչ-որ մի բան:
– Վերջին օրերին տարբեր հոգեւորականների, եպիսկոպոսների կողմից հայտարարություններ են հնչում՝ ի սատարումն Վեհափառի, բայց որոշ թեմերի քահանաներ իրենց հավատարմության հավաստիքն առ Հայրապետ չեն հայտնել․․․
– Դա դեռ չի նշանակում, որ իրենք հավատարիմ չեն: Եթե հիշատակություններն արվում են, դրանով ի՞նչ են անում իրենք: Խոստովանում են, որ բարձրաձայնված հոգեւորականներից Ամենայն հայոց հայրապետն է, թեմի առաջնորդն է եւ պատարագիչ քահանան է: Բարձրաձայնում են նախեւառաջ եկեղեցու այս հոգեւորականների հավատքի եւ դավանանքի ուղղափառությունը, իրար հետ հաղորդակցությունը՝ հաղորդության միությունը, եւ երրորդը՝ հավատարմությունն ու հնազանդությունը նվիրապետական կարգի մեջ վերեւի իշխանություններին։ Այսինքն, առաջնորդը՝ Վեհափառին, քահանան՝ առաջնորդին եւ Վեհափառին: Խոշոր հաշվով, սա եկեղեցու միասնության, միության մասին է: Եթե հիշատակում ես, նշանակում է՝ այդ երեքն անում ես՝ ուղղափառ ավագի խոստովանություն, հաղորդության միության հռչակում, եւ ում իշխանության տակ ես, եւ հավատարմություն ու հնազանդություն:
Եթե չես անում, նշանակում է՝ չես ճանաչում նրա ուղղափառությունը, հայտարարում ես քեզ հաղորդությունից դուրս եւ որ այլեւս չես ենթարկվում այդ իշխանությանը: Հիմա այն, ինչը որ կատարվում է մեր կիրակիից կիրակի՝ վերջին շաբաթվա ընթացքում, եկեղեցաբանական անհեթեթություն է, ինչո՞ւ, որովհետեւ չի հնչում Վեհափառի անունը քահանայի կողմից՝ այն դեպքում, երբ որ իր առաջնորդն այնտեղ կանգնած է: Եվ երբեմն զեղչում են հենց նույն պատարագիչ քահանայի անունը։ Սա եկեղեցաբանական անհեթեթություն եւ անգրագիտություն է։ Եթե միտումնավոր է արվում, շատ ավելի վատ: Ուրեմն, եթե չես հնչեցնում, նշանակում է՝ հայտարարում ես, որ չես ճանաչում այլեւս քո առաջնորդի ուղղափառությունը, հաղորդություն չես կիսում այլեւս իր հետ եւ այլեւս չես հնազանդվում: Բայց մեկ էլ տեսնում ես, որ հաջորդ կիրակի այդ նույն մարդիկ հնչեցնում են: Դա ի՞նչ է նշանակում, որ այս եկեղեցաբանական անհեթեթ աղճատումն արվում է մեկ պատճառով, որ այնտեղ կանգնած է ինչ-որ մեկը, որը հակասահմանադրական ճանապարհով միջամտում է եկեղեցու գործերին։ Այսքան բան:
– Այդ՝ «ինչ-որ մեկը» երեկ հայտարարեց, թե կասկածներ ունի, որ Ամենայն հայոց հայրապետն ինչ-որ երրորդ երկրների կողմից կարող է հավաքագրված լինել, նույն թեզն իշխանամետ լրատվամիջոցում առաջ էր տանում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
– Տեսեք, ես չեմ ուզում մեկնաբանել այն, ինչը որ այդ մարդը կրկնում է տարբեր ամբիոններից: Ինքը թող պատասխան տա բոլոր այն լիազորություններով եւ պարտականություններով օժտված իր առաքելության համար, որը ձախողել է տոտալ՝ վերից վար: Ի՛նքը պիտի պատասխան տա մեզ, ոչ թե մենք՝ իրեն:
– Գյումրիում չկարողացան քահանա գտնել, որ կհամաձայներ Փաշինյանի պայմաններով պատարագ մատուցել: Դրական հույսեր չի՞ ներշնչում սա:
– Այն, ինչը որ հիմա փորձ է արվում անել առաջիկա կիրակի օրը, նշանակում է պետական ահաբեկչությամբ եկեղեցու զավթում՝ իրավունքների յուրացում, որն իրենցը չէ, ահաբեկչություն, մարդկանց վախեցնում են, ստիպում են, պարտադրում են, որի իրավունքը Սահմանադրությամբ իրենք չունեն: Իսկ ինչո՞ւ Սահմանադրությունը չի պահվում․ որովհետեւ բոլոր այն պետական մարմինները, որոնք երաշխավորում են մեր երկրում օրինապահությունը, սահմանադրականությունը, իր գրպանում են:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































