Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ Ալիևին․ եթե վստահ եք, որ մենք այդքան հանցանքներ ենք կատարել, ապա և´ մենք, և´ դուք գնանք Միջազգային քրեական դատարան․ Արման Թաթոյան

Դեկտեմբեր 06,2025 21:40

«Երեկ Ադրբեջանի նախագահն ունեցել է շատ վտանգավոր ելույթ, որով Հայաստանին մեղադրել է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության, ադրբեջանցիների զանգվածային ունեզրկումների մեջ, մեզ բնութագրել է որպես վայրագ ժողովուրդ, որը իբր թալանել է ադրբեջանական հարստությունը, և նորից պնդել է, որ Հայաստան գոյություն չի ունեցել, չկա հայկական ինքնություն։

Նա բաց, պարզ խոսում է, որ ուզում է զավթել, վերացնել Հայաստանը և բացահայտ այդ մասին ասում է։

Ես նրա այս քաղաքականության մասին անընդհատ եմ խոսում, զգուշացնում, իսկ ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. զբաղված են թիթեռ նկարելով, ֆեյքերով հարձակումներ են գործում սեփական երկրի ներսում։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եկեղեցու դեմ արշավով և վախենում է Իլհամ Ալիևին պատասխանել, ես եմ պատասխան տալիս ու ասում, որ իմ ժողովուրդը և ես բացառապես խաղաղություն ենք ուզում, դրան էին ուղղված ԱՄՆ ջանքերը, և որ այդ երկրի միջնորդությունը հիմա ուղղակի մսխվում է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։

Բայց քանի որ Իլհամ Ալիևն այսպես է անում, ես առաջարկում եմ գնալ Միջազգային քրեական դատարան, որ այս ամենն ապացուցվի։

Եվրոպական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը փակել են ձեր կողմից այդքան ակտիվորեն շրջանառվող ադրբեջանական վերադարձի թեմաները, բայց մենք շատ լավ ենք հասկանում, որ ձեր քաղաքականությունը մեր երկիրը զավթելու պետական ծրագիր է, այլ ոչ թե հումանիտար հարց։ Ձեր հիմնական մեխը 90-ականներն են ու իբր մեր կատարած հանցանքները, որոնք որևէ դատարանում քննվել չեն կարող։

Մեզ անընդհատ մեղադրում եք մարդկության դեմ ուղղված հանցանքների ու ցեղասպանության մեջ։

Ես առաջարկում եմ ձեզ. եթե այդքան վստահ եք, որ նման սարսափելի արարքներ են տեղի ունեցել, ինչը վստահաբար այդպես չէ, եկեք գնանք Միջազգային քրեական դատարան․ սա այն դատարանն է, որը սահմանում է անհատական քրեական պատասխանատվություն ու պատիժ միջազգային հանցագործությունների համար։ 2002թ.-ից սկսած ամեն ինչ կարող են քննել:

Մի վախեցեք, գնացեք ընդունեք ՄՔԴ իրավազորությունը և դուք էլ դիմեք մեր դեմ՝ 2002թ.-ից սկսած ինչի համար ուզում եք։ Մի տարբերակ էլ ունեք. քանի որ չեք վավերացրել ու չեք էլ ընդունել ՄՔԴ իրավազորությունը, կարող եք գտնել երկիր, որը դա արել է, որ ինքն էլ հօգուտ ձեզ դիմի մեր դեմ։

Դե ի՞նչ՝ համաձայն եք։

Գնում ենք 2002թ.-ից բոլոր ժամանակների համար, այդ թվում 2016թ. քառօրյա պատերազմը, 2020թ. 44-օրյա պատերազմ, 2022թ. սեպտեմբերի 12-ին Ջերմուկում, Գեղարքունիքում և Սյունիքում կատարվածը, 2023թ. Արցախի հայաթափումը։

Ժողովուրդ ջան, միշտ հիշեք, իրավունքը մեր ձեռքին է, փաստերը մեր ձեռքին են, մենք շատ հարց կարող ենք լուծել, եթե խելացի աշխատենք, մի ընկճվեք, մի տրվեք վախերին ու հուսահատություններին, բոլոր հարցերի լուծումները կան, և ես վստահ եմ, որ մենք որպես պետություն հզորանալու ու հաջողելու բոլոր հնարավորություններն ունենք։

Արման ԹԱԹՈՅԱՆ
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՒԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031