Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին. Գարեգին Բ

Դեկտեմբեր 06,2025 21:36

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն այսօր Վեհափառ Հայրապետին դիմավորեցին ջերմ խոսքերով, աղոթքներով: Վեհափառը քաղաքացիների հետ քայլեց, զրուցեց, օրհնեց ու իր ուղերձն ուղղեց:

«Մենք հայրապետական եռօրյա այցով մեկնեցինք Ժնեւ եւ Մարսել, հանդիպեցինք մեր հավատավոր զավակների հետ:

Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ ե՛ւ Ժնեւի, ե՛ւ Մարսելի համայնքները ապրում ու գործում են հոգեւոր եւ ազգային ոգով: Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում է  եւ ջերմ վերաբերմունքի արժանանում քաղաքային եւ շրջանային իշխանությունների կողմից: Այդ վերաբերմունքին մենք ականատես եղանք մեր հանդիպումների ընթացքում պետական ներկայացուցիչների հետ: Մարսելում գտնվելով՝ մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով: Հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ:

Այս պարագայում Արշակ սրբազանը  եղավ չորրորդ սրբազանը, որ կալանավորվեց: Մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով, քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները: Անվեհեր, հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի իրենց կյանքում: Իրենք արդարացված պետք է դուրս գան ու ազատ արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր  ու ազգաշեն իրենց ծառայությանը: Մենք եկեղեցական ուղերձներում, ինչպես նաեւ կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին: Վերջ դնել եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին, նրանց արդար ձայնը լռեցնելուն, նաեւ հարկադրելուն եկեղեցու կարգած կարգերի խախտմամբ գործողություններ կատարելուն:

Հակառակ ստեղծված այսպիսի կացության եւ տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության՝ մենք՝ որպես հայրապետ հայոց, եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգեւոր  դասի հետ միասին մեր Մայր Աթոռի միաբանության եւ թեմերում պաշտոնավարող եկեղեցականների հետ միասին պետք է շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարողանալու ենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունն ու համերաշխությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմն մեր ժողովրդի կյանքի: Այդ արժեքների վրա կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր օրը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Դիմելով եկեղեցականներին՝ Վեհափառը շարունակեց. «Իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատկան պատվիրանները եւ լուսամիտ մեր հայրապետների պատգամները: Այդպես Աստծո, մեր հայրերի եւ մեր ժողովրդի առջեւ մենք պետք է իրականացնենք տեսիլքը մեր հայրերի հոգեփրկչական առաքելությամբ եւ նաեւ արժանի դառնանք նրանց օրհնությանը»:

Դիմելով քաղաքացիներին՝ Վեհափառ Հայրապետը հավելեց. «Դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրումի ու հավատարմության մեջ եւ Աստծո կամքով պետք է կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում ու դուրս գալ այս փորձություններից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031