Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի խանգարում, որ ընդդիմությունը «դուրս գա» իշխանության օրակարգից եւ ձեւավորի սեփական հայեցակարգը․ «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 07,2025 10:30

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների: 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց աջակիցներով, որոնցից շատ է վախենում:

Ամենաշատը, բնականաբար, վախենում է չվերարտադրվելուց, քանի որ լավ գիտի՝ ինչ տառապանք է բերել ժողովրդի գլխին ու ինչի է արժանի: Գիտի, որ այլեւս չի վայելում մեծամասնության վստահությունը, որովհետեւ անուղղելի ստախոս է, բանսարկու, անբարեհույս, ազգադավ ու հոգեպես անկայուն անձ: Դատելով ամենից՝ Փաշինյանը չունի վերարտադրվելու որեւէ նախադրյալ եւ, մեծ հաշվով, այդ հարցը մղվել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում այն հարցն է, թե ովքեր կգան իշխանության ու ինչ կլինի հետո: Բոլոր հավանական թեկնածուներին, ովքեր կարող են խոչընդոտել իր վերընտրությունը, Փաշինյանը մեկառմեկ շարքից հանում է՝ օգտագործելով ոստիկանության եւ մյուս ուժային կառույցների ռեսուրսները:

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների «թանաքը չչորացած»՝ ԱԱԾ-ականների ու ոստիկանների խումբը հայտնի անձի հրահանգով խուզարկություններ էր իրականացնում ավելի քան 10 հազար քվե ստացած եւ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջատար անձանց տներում, որոնցից 5-ին ձերբակալեցին տարբեր մտացածին պատրվակներով: Ընտրական գործընթացներին Երկրորդ նախագահի մասնակցությունը խափանելու դիտավորությամբ վերաբացել են «Մարտի 1»-ի գործը, իսկ «Մեր ձեւով» նախաձեռնությանը խանձարուրում «խեղդելու» համար ԱԱԾ նկուղում ապօրինաբար փակել են հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին:

Մի խոսքով՝ պատկերը պարզ է. հերթական խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս առաջ Փաշինյանը եւ նրա խմբակը կատաղի իշխանակռվի մեջ են: ՔՊ-ն մոլեգնում է՝ թույլ չտալով որեւէ մեկի՝ «մոտենալու» իրենց աթոռներին: Բայց հանդիսատես ժողովուրդը թքած ունի այդ աթոռների վրա, նրան ամուր ու արդար իշխանություն է հարկավոր, որը կպաշտպանի Հայաստանի շահերը, նրա անվտանգությունը, եւ որը պետությունը կտանի կայուն զարգացման ու բարեկեցության հունով: Ի՞նչ անել, ինչպե՞ս քշել այս անդիմագիծ, անինքնություն զանգվածին: Ինչի՞ց սկսել: Բնականաբար՝ պետք է սկսել նրանից, ինչին սպասում է հանրությունը: Իսկ հանրությունը սպասում է նոր առաջարկների, ծրագրերի եւ իրավիճակից բխող վճռական քայլերի:

Նման քայլեր ասելով՝ հանրությունն ուզում է հասկանալ, թե որն է այս պահի դրությամբ իշխանությանը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը՝ արտահերթ ընտրությո՞ւնը, իմպիչմե՞նտը, թե՞ հերթական ընտրությունները: Խոսքը օրինակարգ միջոցների մասին է, որովհետեւ փողոցային պայքարը երկար ժամանակ ոչ մի դրական արդյունք չէր տալիս, ամեն անգամ իշխանությունները կարողանում էին ոստիկանական անհամաչափ ուժի գործադրմամբ, ծեծուջարդ տալով՝ ջլատել պայքարի ոգին: «Սրբազան պայքարի» վերջին բազմամարդ հավաքի ժամանակ իշխանությունը նույնիսկ արգելված զենք էր կիրառել ցուցարարների դեմ՝ լուսաձայնային նռնակներ, որից մի քանի տասնյակ քաղաքացիներ լուրջ վնասվածքներ էին ստացել:

Այժմ գոյություն ունեցող օրինական միջոցներից իմպիչմենտը անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու անհնարինության պատճառով անկենսունակ դուրս եկավ, տակը մնացին ընտրությունները՝ արտահերթ կամ հերթական: Ընդդիմության կողմից լրջագույն նախապատրաստական աշխատանք է սպասվում, սակայն նրա շարքերում այս օրերին դալուկ անդորր է: Ճիշտ է՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական ժամանակը դեռ հեռու է, բայց ոչինչ չի խանգարում, որպեսզի ընդդիմությունը կարգի բերի իր շարքերը, իր օրակարգը, ճշգրտի առկա հիմնախնդիրների իր տեսլականը, առաջարկի լուծումներ: Մի խոսքով՝ «դուրս գա» իշխանության օրակարգից եւ ձեւավորի սեփական հայեցակարգը՝ ժողովրդի լայն շերտերին մատչելի եղանակով:

Դանիել ՓԱՆՅԱՆ

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031