Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Վատ կազմակերպված, ծափողջյուններով պատարագ, սադրանք ու  հրմշտոց, միջադեպեր, փոխադարձ վիրավորանքներ․ Գյումրիում շատ խառն էին

Դեկտեմբեր 07,2025 15:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Գյումրի էր եկել նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՔՊ-ական ողջ վերնախավի՝ նախարարների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորների ուղեկցությամբ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում պատարագի մասնակցեց, որը, սակայն, մատուցում էին ոչ թե Շիրակի թեմի, այլ դրսից եկած հոգևորականները։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մի մարդու պես հրաժարվել էին Փաշինյանի թելադրած օրակարգով պատարագ մատուցել, հրաժարվել էր նաև երգչախումբը, նույնիսկ մոմավաճառն էլ լքել էր եկեղեցին։

ՔՊ-ական վերնախավը  բավական երկար սպասեց մինչ պատարագի սկսվելը։ Թվում էր՝ թե նոր պատարագիչն էլ հրաժարվել է այն մատուցել, մինչև որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ ներս մտան Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Պատարագը մատուցեց Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանը։

Եկեղեցին լեցուն էր․ նույնիսկ կային քաղաքացիներ, որոնք եկել էին մանկահասակ երեխաների հետ, սակայն նկատելի էր, որ նրանց մի մասը պետական աշխատակիցներ էին, մյուս մասը տարբեր տեղանքներից Գյումրի եկած մարդիկ, և  իհարկե՝ կային նաև Փաշինյանի ջերմ երկրպագուներ, որոնք նրա ներս մտնելու պես ծափահարեցին, բացականչեցին․ «Ջանիդ մեռնեմ»։

Նշենք, որ եկեղեցու մուտքը փակած մեծ թվով ոստիկանները սովորական քաղաքացիներին չէին թողնում եկեղեցի մտնել, կոնֆլիկտ էին ստեղծում։ Սա ևս մեկ վկայությունն էր այն բանի, որ Փաշինյանի օրակարգով պատարագի մասնակիցներին նախապես էին ընտրել կամ հրավիրել։

Գյումրեցները, որոնք սովոր էին Միքայել Սրբազանի՝ մեկ շնչով լսվող հետաքրքիր պատարագներին, թերևս այսօր իրավունք ունեին քննադատելու այս պատարագը, որը տարբեր էր ոչ միայն նրանով, որ չհնչեցվեց Վեհափառի անունը, այլ փոքր-ինչ անկենդան մատուցման ձևով։

Ինչևէ, պատարագի ժամանակ եղան մարդիկ, որոնք հնչեցրեցին Վեհափառի ու թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

«Տեսնես ո՞վ է այդ կինը»,-հարցնում էին հավաքվածները։

Պարզվեց «ՀայաՔվեի» Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ղազարյանն է, որն այնքան բարձր ձայնով հիշատակեց Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները, որ անմիջապես գրավեց բոլոր ուշադրությունը։ Նրան դուրս հանեցին, Փաշինյանի համակիրները սկսեցին վիրավորական խոսքեր հնչեցնել ու բացականչել․  «Կտրիճը կաթողիկոս չէ, մենք չունենք կաթողիկոս, դուրս վռնդեք սադրիչներին»։

Ի դեպ, այսօր միջադեպերի պակաս չէր զգացվում․ Փաշինյանի համակիրները գալիս էին, հարցազրույցներ վերցնող լրագրողների հետ կոնֆլիկտի մեջ մտնում, վիրավորական խոսքեր հնչեցնում ու խանգարում։

Պատարագի ավարտից հետ, երբ թեմի քահանաներից մեկը՝ Տեր Նշան քահանա Պանֆյորովը եկեղեցու բակում պատասխանում էր լրագրողների հարցերին, մի տղամարդ եկավ, ընդհատեց ու փորձեց վիրավորել նրան։

Վերջինս հոգևորականին  մեղադրում էր ժողովրդի անունից չխոսելու մեջ։ Տեր Նշանը մի պահ զայրացավ՝ ասելով․ «Գնա էն կողմ, նզովյալ»։

«Ո՞վ է նզովյալ»,- հաշիվ պահանջեց տղամարդը։ Նա Տեր Նշանին անվանեց նաև 50 հազարով թաղում անող, 100 հազար կնունք անող։

Սադրիչ տղամարդուն ուղեկցող մի անձ նրան տարավ՝ սաստելով․ «Ասել եմ լրագրողների մոտ մի գնա, կնկարահանվես ախր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031