Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Ավերակ շենքերից մեկի փլատակներում՝ պանելի տակից երեխայի ձայն լսվեց։ Անցք բացեցինք պանելի վրա, ու հրաշք․ մի ամբողջ ընտանիք փրկվեց

Դեկտեմբեր 08,2025 11:27

Ազգովի տարված էինք Արցախյան հարցի լուծմամբ, չնայած Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում ու Արցախում (1988-ին՝ դեռևս ԼՂԻՄ) պարետային ժամ, արտակարգ դրություն էր հայտարարված Խորհրդային Միության իշխանությունների կողմից։ Այնուամենայնիվ՝ շատերը դեռ հավատում էին Գորբաչովին ու Կոմկուսի քաղբյուրոյին, որ կիրականանա մեր ժողովրդի պահանջ-խնդիրը։

Սակայն 88-ի դեկտեմբերի 7-ին Հայոց երկիրը ցնցվեց։ Տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որի ցնցումները զգացինք Երևանում և Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում… Զգացինք իրականում… հոգով։

Նույն օրը երեկոյան արդեն Սպիտակում էի՝ Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանի մոտ 20 տղաների հետ։ Առաջին ահավոր տեսարանը. բազում խմբեր էին աշխատում ավերված շենքերի մոտ՝ փրկելով մարդկային կյանքեր։ Փլատակների միջից հանում էինք մարդկանց՝ ողջ կամ անշունչ, վիրավոր։ Ծանր էր, բայց կարևորում էինք յուրաքանչյուր վայրկյան։ Շատ էին զոհվածները… Մոտ 10 օր մնացի Սպիտակում ու Լենինականում։ Աշխատում էինք՝ մեր հոգում խեղդելով կորստի ցավը։

Հատկապես անտանելի տեսարաններ էին դպրոցների ու մանկապարտեզների մոտ։ Անտեր մնացած դպրոցական բազում պայուսակները պատմում էին, որ իրենց տերերից շատերն այլևս ողջ չեն։ Անհնար է նկարագրել առաջին պահը, հետագա ընթացքը։ Սկսեցինք աշխատել Սպիտակի շրջկոմի շենքի արդեն ավերակներում։ Այդ օրը կոմերիտմիության շրջանային խորհրդի նիստ էր եղել երկրաշարժի պահին, և մոտ 15 հոգի այդպես էլ մնացել էին սեղանի մոտ։ Աշխատում էինք գիշերը։ Կրկնվող ցնցումներից ավերված բարձրահարկերը դարձյալ քանդվում էին։ Ավերակ շենքերից մեկի փլատակներում՝ պանելի տակից երեխայի ձայն լսվեց։ Անցք բացեցինք պանելի վրա, ու հրաշք․ մի ամբողջ ընտանիք փրկվեց։

Առավոտյան ավելի սոսկալի ու ահավոր էր տեսածս քաղաքի դպրոցներից մեկի բակում։ Իրենց կրթօջախի ավերված շենքի մոտ տասնյակ երեխաների անշունչ մարմիններն էին… Սոսկալի այդ տեսարանը մշտապես ուղեկցում է ինձ։ Սա ընդամենը եղած ավերածությունների ու մարդկային կորուստների մի փոքր նկարագրություն է. շատ էին նման տեսարանները։ Մի երիտասարդ քրոջն էր փնտրում, իսկ մոտակա շենքի պատի տակ տասնյակ անշունչ մարմիններ կային։ Ու լսվեց տղայի ճիչը․ գտել էր քրոջը՝ սկզբում տեսել էր իր նվիրած մատանին քրոջ մատին։

Վերջին տարիներին երկրաշարժի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց․ հենց սկզբից մի տեսարան է, իբր մեր ժողովուրդը զբաղված էր դիակապտությամբ, գողությամբ, թալանով, սպանությամբ։ Սակայն նման բաներ գրեթե չեն եղել։ Երկրաշարժին մեր թշնամիներն էին ուրախացել։ Դեռևս Բաքվով դեպի Հայաստան եկող երկաթուղին աշխատում էր, որով նաև գնացքներով օգնություն էին ուղարկում մեզ։ Սակայն թուրքերը դատարկում էին վագոնները և դրանց վրա ցինիկաբար «Շնորհավորում ենք» բառն էին գրում։ Վստահ էին, որ մոռանալու ենք Արցախի մասին, որ վերջ ազգային պայքարին։ Սակայն այդպես չեղավ, ինչ-որ տեղ նաև հակառակը ստացվեց։ Արցախցին օգնության հասավ աղետից տուժածներին, իսկ ամիսներ անց արդեն զինված խմբեր աղետի գոտուց էին Արցախ հասնում։

Այն ժամանակ Խորհրդային Միության ղեկավար Գորբաչովը եկավ Գյումրի։ Աղետի սարսափները տեսած մեր հայրենակիցները նրան էին դիմում ոչ թե իրենց խնդիրների, այլ Արցախի հարցը լուծելու համար։ Եվ մեր միասնությունը, համախմբվածությունը դարձավ միակ երաշխիքը, որ հաղթեցինք Արցախյան գոյամարտում, ազատագրեցինք և մեր հայրենիքի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքների մի մասը։

Աղետից որոշ ժամանակ անց եղա նաև Կիրովական–Վանաձորում։ Դպրոցները գործում էին վրաններում։ Մարդիկ իրենց ավերակ տներն էին վերանորոգում, նորերն էին կառուցում։ Սակայն 37 տարի է անցել, ու դեռ կա երկրաշարժ–աղետի խնդիրը Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, մեր հոգիներում։

Առավել ցավալի է այսօր․ հայաթափ է ամբողջ Արցախը, անկայուն է երկրի քաղաքական իրավիճակը, երկպառակված է Հայոց եկեղեցին։ Հազարավոր անմեղ զոհերի, Արցախյան բոլոր գոյամարտերի նահատակ-մարտիրոսների հոգիները մեզ երբեք չեն ների, եթե չմիավորվենք, չստեղծենք հզոր պետականություն՝ ազգային գաղափարներով կառավարությամբ։

Յուրաքանչյուր անգամ այս օրը, բացի երկրաշարժի տեսարանները հիշելուց, միշտ մտաբերում եմ 1989 թ․ աշունը․ Բերդաձորից եկել էի Ստեփանակերտ, որ օդանավով Երևան գնայի։ Ծանրաբեռնված էր Ստեփանակերտի օդանավակայանը, շատերն էին ուզում Երևան հասնել․ բազում պատճառներ ու խնդիրներ։ Բայց օդանավն ուշանում էր, բացի այդ՝ օդանավակայանը հսկող խորհրդային բանակի զինվորներն ու Մոսկվայից, Բաքվից եկած ոստիկանները, ՊԱԿ-ի աշխատակիցներն առավել էին ստուգում ՀԽՍՀ քաղաքացիների փաստաթղթերը, հետաքրքրվում Արցախ գալու ու վերադառնալու պատճառները։

Սպասում էի ուղեկցողներից հետ։ ՅԱԿ–40 ինքնաթիռ իջավ։ Գյումրիից ալյուր ու այլ սնունդ էին բերել Ստեփանակերտ։ Գյումրիից եկած տղերքը պարկերը շալակած իջեցրեցին։ Տղերքից մեկին ճանաչեցի․ միասին Բերդաձորում էինք եղել։ Հետ դարձին իր ալյուրոտ շորն ինձ տվեց, հագա և հետը գնացի դեպի ինքնաթիռ։ Դատարկելուց հետո ինքնաթիռը վերադառնալու էր Գյումրի։ Սրահում սպասում էի, և ներս մտան զինվորները, ստուգեցին ինքնաթիռը, և մեկն ինձ հարցրեց՝ ինչո՞ւ եմ նստել։ Ասացի՝ հոգնել եմ․ մի քանի պարկ բարձել եմ ինքնաթիռ, իջեցրել եմ։ Նայեց-նայեց ու իջավ։ Մի քանի ժամ օդանավակայանում էի եղել, մտածեցի՝ հիշեց․ մտքովս վատ բան անցավ, բայց․․․

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում կանգուն էր Սպիտակի երկրաշարժին նվիրված հուշակոթողը, որի քանդակագործն էր գյումրեցի Հովհաննես Մկրտչյանը։ Ամեն տարի դեկտեմբերի 7-ին հուշակոթողի մոտ տեղի էր ունենում ոգեկոչման արարողություն։ Եկեղեցում կատարվում էին հոգեհանգստյան կարգ, մոմավառություն, խնկարկում, երգչախումբը հոգևոր երգեր էր կատարում։ Երկրաշարժը տեսած արդեն քաշաթաղցիները հուշեր էին պատմում այդ ծանր օրերի մասին․ շատերը հարազատներ էին կորցրել։

Այսօր նաև հուշ է դարձել Քաշաթաղը, քանդված է Սուրբ Համբարձման եկեղեցին, բայց 1988 թ․ երկրաշարժից հետո ոտքի ելած ու պատերազմը հաղթած հայը կրկին կմիավորվի, ու ինչպես 110 տարի առաջ ասում էր Թումանյանը․

 

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք,

Հըզո՜ր հայրենիք․․․

 

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031