«Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Պետք է օր առաջ լուծվի այդ հարցը, հնարավորություն պետք է ընձեռվի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվի վիրահատությունը»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ահազանգեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը սարսափելի ցուցանիշ համարեց այն, որ 23 մահվան դեպք է արձանագրվել քրեակատարողական հիմնարկներում։ Ըստ նրա՝ պատճառներից մեկն էլ այն է, որ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են՝ քաղաքական գործերի առնչությամբ։ Սա կոնկրետ քննության տեղիք է տալիս. «Այնպես պիտի անենք, որ այդ 23-ը չդառնա 24․ կարող է այդ 24-րդը նաև լինի սրբազան հայրը։ Պահանջատեր եմ լինելու, իմ պահանջը պետք է անհապաղ բավարարվի»։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Միքայել սրբազանի պաշտպանը դիմում է ներկայացրել, սակայն նշել են, որ դիմումի ձևը պետք է փոխվի․ «Խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Միտում տեսնում եմ․ ի՞նչ է նշանակում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Եթե համարում են՝ ինչ-որ խնդիրներ կան, մենք դրանք էլ կշտկենք, կտեսնենք՝ դրանից հետո էլի՞ ձգձգումներ և արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե՝ ոչ»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր առաջադրած հարցերը պատշաճ վերաբերմունքի է արժանացրել, սակայն այլ օղակների վերաբերյալ նույնը ասել չի կարող․ «Մենք ակնկալում ենք խնդրի համապարփակ լուծում, ոչ թե խնդիրը բարձրաձայնենք, ու դառնա հերթական վիճակագրություն։ Գլոբալ փոփոխություններ պետք է իրականացնենք քրեակատարողական հիմնարկներում։ Չպիտի հասցնենք այն վիճակին, որ մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի, հետո գնանք այդ մարդու հետևից»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































