«Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ․ խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, որ գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի և այդտեղ պահվող անձանց հետ։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, համապատասխան գերատեսչությունը անհրաժեշտ գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է, և, ըստ էության, որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգին, որ Միքայել սրբազանն ունի անհապաղ վիրահատության կարիք։
Սրբուհի Գալյանը վստահեցրեց՝ որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը։
Անդրադառնալով Միքայել սրբազանի փաստաբանի ներկայացրած դիմումին՝ նա ասաց․ «Այն դիմումը, որը պետք է ներկայացվեր, չի ներկայացվել։ Հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանը տեղյակ չէ՝ ինչպես պետք է համապատասխան դիմում ներկայացնի, տեղում մեր իրավաբանը կմոտենա իրեն և դիմումը կվերցնի ու կներկայացնի ՊՈԱԿ-ին»։
Կարդացեք նաև
Սրբուհի Գալյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































