ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պայմանավորված ժամից ուշ եկավ «Հայելի» ակումբ, քանի որ մասնակցում էր, ինչպես ինքն ասաց, շատ կարեւոր փակ քննարկման։
«Ուշանալս պատճառ ունի եւ շատ կարեւոր պատճառ։ Այն կապված է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի հետ։ Արդեն մահվան 23 դեպք է տեղի ունեցել ՔԿՀ-ներում, որոնցից ութը՝ ինքնասպանություն, մնացածը՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Ես բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ այս հարցն Ազգային Ժողովում, պահանջել եմ, որ հատուկ նիստ հրավիրվի եւ այս հարցերը վեր հանվեն։
Այս ընթացքում սրվել է նաեւ բազմաթիվ քաղաքական բանտարկյալների առողջական վիճակը։ Ժողովրդական լեզվով ասած, այս մարդիկ մի լավ օրի չեն եւ ՔԿՀ-ներում բավականին լուրջ խնդիրներ կան։ Այսօր ուշացումով փակ քննարկում է տեղի ունեցել։
Շատ կարեւոր մի հարցի եմ ուզում անդրադառնալ։ Դա Միքայել Սրբազանի առողջական վիճակն է։ Դիմել են առողջապահության նախարարությանը կից ՊՈԱԿ-ին, որը զբաղվում է ՔԿՀ-ում մարդկանց առողջական խնդիրներով։ Եվ այդ խնդիրը ձգձգումների, խոչընդոտների առիթ է հանդիսանում։ Ես այդ հարցը բարձրաձայնել եմ։
Կարդացեք նաև
Միքայել Սրբազանը անհապաղ պետք է բուժօգնություն ստանա։ Պետք է կազմակերպվի անհապաղ վիրահատություն։ Եվ ես շատ կոնկրետ ու շատ կտրուկ պահանջ եմ ներկայացրել, որպեսզի պատկան մարմինները օր առաջ ապահովեն մարդկանց առողջության ապահովումը։ Չպետք է թույլ տանք, որ Աստված մի արասցե, 24-րդ մահվան դեպքը տեղի ունենա: Սա շատ կարեւոր առանցքային հարց է, որը մեր ամենօրյա ուշադրության, հոգածության կարիքը ունի:
Ոչ միայն Միքայել Սրբազանը, այլեւ, մենք գիտենք՝ Բագրատ Սրբազանը ունի առողջական խնդիրներ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ունի առողջական խնդիրներ եւ մի քանի անգամ հոսպիտալացվել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ Ու այդ մարդկանց էլի պահում են նույն տեղում։
Պարզ է չէ՞, թե ով է այն անձը, որն այդ ամեն ինչը կազմակերպել է, ՔԿՀ-ները լցրել է քաղբանտարկյալներով եւ արդեն տեղ ու դադար չկա։ Մենք արդեն ունենք ինքնախոստովանություն, որ ազգակործանը ԱԱԾ-ին հանձնարարել է, որ գնա, ներգործություն ցուցաբերի քահանաների վրա, ճնշի, սպառնա։ Նա դա կոչում է հորդոր։ Բայց ես չեմ հասկանում. դու ի՞նչ իրավունք ունես, որ ԱԱԾ-ին հանձնարարես, որ մի հատ էլ ԱԱԾ-ն գնա քահանաների հետեւից։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի թեմի մեր պատվելի հոգեւորականներին, որոնք այդ ճնշումներին, ներգործություններին տեղի չտվեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցու մյուս արժանապատիվ հոգեւորականների հետ միասին մեր ազգի, ՀԱԵ-ի այսօրվա իմունիտետն են»,-ասաց պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































