Aravot.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Լուսյանը:
-Կա կարծիք, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավում դերակատարություն ունի «Կյանքի Խոսք» եկեղեցին: Ինչքանո՞վ են այս պնդումները իրատեսական, հավաստի:
– Կցանկանայի պաշտոնապես վստահեցնել, որ Մայր Աթոռի եւ ՀՀ վարչապետի միջև ծավալվող լարված հարաբերություններում «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին որեւէ կերպ ներգրավված չէ, եւ ոչ էլ նման ցանկություն կամ հավակնություն ունի։ Բոլոր այն պնդումները, որ իբրեւ թե մենք ինչ-ինչ դերակատարություն ունենք այս գործընթացներում, բացարձակապես անհիմն են։ Այս կարգի խոսույթ տարածողները պարզապես կրակի վրա յուղ են լցնում՝ փորձելով խորացնել կրոնական անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ։
– Դուք հերքել եք, որ «Կյանքի Խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը մասնակցել է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, ինչո՞ւ հենց Արթուր Սիմոնյանի անունը շրջանառվեց եկեղեցու դեմ իշխանությունների արշավի շրջանակում:
Կարդացեք նաև
– Այո՛, ճիշտ եք, մենք հերքել ենք այդ կեղծ լուրերը, որ իբրեւ թե Արթուր Սիմոնյանը մասնակցել է Գյումրիի Յոթ վերք եկեղեցու պատարագին։ Դա ապատեղեկատվություն էր թեկուզ միայն այն պատճառով, որ ավագ հովիվ, եպիսկոպոս Արթուր Սիմոնյանը ներկայումս արտերկրում է։ Իսկ թե ինչու է Մայր Աթոռի շուրջ լարվածության ֆոնին շրջանառվում հենց Արթուր Սիմոնյանի անունը, դժվար է ասել։ Հավանաբար այդ ջրաղացին ջուր լցնողները ցանկանում են ավելորդ անգամ կրքերը բորբոքել կամ լրացուցիչ սրություն հաղորդել լարված մթնոլորտին։ Մի բան կարող եմ ասել, որ սա վերին աստիճանի անպատասխանատու մոտեցում է։
– «Կյանքի Խոսքն» ինչպե՞ս է գնահատում իշխանությունների միջամտությունը եկեղեցու գործերին, երբ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից:
– Առիթ ունեցել ենք հայտնելու մեր դիրքորոշումը, որ մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին։ Սա ենթադրում է երկկողմանի երթեւեկություն․ նախ՝ եկեղեցին պետք է չմիջամտի պետական գործերին եւ քաղաքական գործընթացներին, պետությունն էլ իր հերթին պետք է հարգի եկեղեցու ներքին ինքնավարությունը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իհարկե, շատ բարդ եւ բազմաշերտ գործընթաց է։ Մենք մեզ իրավունք չենք վերապահի մեկնաբանել բոլոր նրբերանգները։
Մի բան հաստատ է, որ մեր ազգային-հոգեւոր շահերը պահանջում են, որպեսզի ինչ-որ պահից կողմերը գան փոխըմբռնման։ Թե ինչը կարող է լինել նման փոխըմբռնման կոմպրոմիսային հանգուցալուծումը, դժվար է ասել, սակայն, կարծում ենք՝ բոլորիս ցանկությունն ու սպասումն է, որպեսզի պետություն-եկեղեցի հարաբերությունները հնարավորինս շուտ թեւակոխեն խաղաղ եւ բնականոն հուն։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































