Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում գործող ԲԿԳԿ-ի՝ Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ հայագիտության համար կարևոր և սպասված իրադարձություն։ Լեզվաբան, դոցենտ, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ Մհեր Քումունցը հաջողությամբ պաշտպանեց դոկտորական ատենախոսություն՝ արժանանալով բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։
Ատենախոսության թեման՝ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը», այսօր առավել քան արդիական է և ունի ոչ միայն գիտական, այլև ռազմավարական ու ազգային նշանակություն։
Հայոց լեզու Ժ.02.01 մասնագիտական խորհրդի նիստը բացեց Լեզվի ինստիտուտի տնօրեն, խորհրդի նախագահ, բ. գ. դ. Վիկտոր Կատվալյանը։
Կարդացեք նաև
Խորհրդի քարտուղար, բ. գ. թ., դոցենտ Ն. Սիմոնյանը ներկայացրեց ատենախոսի կենսագրական տվյալները։ Ծնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և կրթություն ստանալով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում՝ Մհեր Քումունցը դեռևս 2004 թ.-ին ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (թեման՝ «Արևելյան լեզուներից (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն) անցած փոխառությունները Խ. Աբովյանի գեղարվեստական արձակում»), 2005-ին՝ դոցենտի կոչում։
Երկար տարիներ նա աշխատել է Գորիսի պետական համալսարանում որպես դասախոս՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ 2022 թվականից նա ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի գիտաշխատող է։
Ուշագրավ է նաև նրա հասարակական-գիտական գործունեությունը․ 2015-ին հիմնադրել և ղեկավարում է Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (www.syunik.net), միջազգային գիտական հանդեսների (International Journal of Language and Linguistics, Translation and Foreign Language Learning) խմբագրական խորհուրդների անդամ է, բարձր վարկանիշով մի շարք հանդեսների գրախոս։
Ատենախոսության պաշտպանության ընթացքում Մ. Քումունցը հանգամանալից ներկայացրեց աշխատանքի բնութագիրը՝ առանձնացնելով թեմայի արդիականությունը պայմանավորող մի քանի առանցքային գործոն։
Նախ, լեզվաբանն արձանագրեց, որ եթե նախկինում բարբառագիտական ուսումնասիրությունները կենտրոնացել են հիմնականում հնչյունաբանության և քերականության վրա, ապա այս աշխատությամբ լրացվում է կարևոր բացը՝ բառապաշարի համակարգային վերլուծությունը։
Երկրորդ՝ և թերևս ամենացավոտ խնդիրը՝ Արցախի բռնի հայաթափման հետևանքով բարբառային միավորները կանգնած են անվերադարձ կորստի վտանգի առջև։ «Այս պայմաններում բարբառային ժառանգության փաստագրումը դառնում է ոչ միայն լեզվաբանական, այլև ազգային-մշակութային հրատապ խնդիր»,— նշեց բանախոսը։
Շուրջ 397 էջ ծավալով աշխատությունը հիմնված է Կարլ Դարլինգ Բաքի և Գևորգ Ջահուկյանի մշակած թեմատիկ դասակարգման սկզբունքի վրա։ Բառերը քննվել են ըստ 23 իմաստային խմբերի (օրինակ՝ «Ֆիզիկական աշխարհ», «Ազգակցություն», «Ուտելիք», «Մարմնի մասեր» և այլն)։ Կիրառելով պատմահամեմատական և ստուգաբանական մեթոդները՝ հեղինակը քննության է ենթարկել Սյունիք-Արցախի բարբառներում պահպանված նախահայերենյան (հնդեվրոպական) և հին հայերենի (գրաբարյան) շերտերը, վերանայել է որոշ բառերի՝ փոխառություն համարվելու տեսակետները՝ ապացուցելով դրանց բնիկ հայկական ծագումը, առաջադրել է ստուգաբանական նոր փորձեր, վարկածներ։
Աշխատանքը նպատակ է ունեցել Սյունիքի և Արցախի բարբառները դիտարկել որպես մեկ պատմալեզվական ամբողջություն՝ չնայած զարգացման որոշակի ինքնուրույն ուղիներին։ Այն հարստացնում է հայերենի պատմական զարգացման մասին մեր պատկերացումները և մեծ ներդրում է հայագիտության բնագավառում։
Ատենախոսության պաշտպանությունը անցավ ակտիվ մասնագիտական քննարկման մթնոլորտում։ Առաջատար կազմակերպությունը (ԵՊՀ), պաշտոնական ընդդիմախոսները՝ բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Թերեզա Շահվերդյանը, Ս. Հայրապետյանը և Է. Մկրտչյանը, բարձր գնահատեցին կատարված աշխատանքը. «Նկատենք, որ եթե նույնիսկ այդ բառաքննական-ստուգաբանական դիտարկումների գեթ 10 %-ը դիմանա ժամանակի քննությանը, դա արդեն իսկ կարևոր նպաստ կլինի հայերենագիտությանը։ Իրականում մի առանձին գիտական աշխատանքի նյութ կարող է լինել հեղինակի առաջարկած ստուգաբանական, բառաքննական վերլուծությունների ստուգումը, ճշգրտումը, հաստատումը կամ մերժումը․ այնքան ծավալուն ու բազմազան են դրանք»,— նշվում է առաջատար կազմակերպության կարծիքի մեջ։
Բ. գ. դ., պրոֆեսոր Թ. Շահվերդյանը հատկապես ընդգծեց, որ Մհեր Քումունցը 70-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հայաստանյան և միջազգային հեղինակավոր հանդեսներում, և այս ատենախոսությունը երկար տարիների բծախնդիր աշխատանքի արդյունք է։ Ընդդիմախոսները նշեցին նաև որոշ դիտարկումներ, որոնց ատենախոսը տվեց սպառիչ պատասխաններ։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մասնագիտական խորհուրդը որոշեց՝ Մհեր Սուրենի Քումունցին շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և միջնորդել ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ հաստատելու մասնագիտական խորհրդի որոշումը։
Ամփոփիչ խոսքում ատենախոսության հեղինակը երախտագիտություն հայտնեց Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնին, մասնագիտական խորհրդին, առաջատար կազմակերպությանը և ընդդիմախոսներին՝ աջակցության, վստահության և ծավալուն աշխատանքն անաչառ գնահատելու համար։ Այս աշխատությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրագրելու հայոց լեզվի արևելյան դարպասների՝ Սյունիքի և Արցախի լեզվամշակութային ժառանգությունը։
Ատենախոսության սեղմագրին, ընդդիմախոսների և առաջատար կազմակերպության կարծիքներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»։
Զոհրաբ Ըռքոյան
























































