-Այդ տրամաբանությամբ նա հետո կպահանջի, որ բոլոր եկեղեցիներում փակցվի իր նկարը, սուրբ սեղանին Տիրամոր ու մանուկ Հիսուսի նկարի փոխարեն դրվի իր նկարը:Ես բացարձակապես չեմ զարմանա, որ նա այդպիսի առաջարկությամբ էլ հանդես գա,- Aravot.am-ին ասաց «Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկություններին՝ եկեղեցիներում պետական օրհներգը հնչելու ու դրոշի տեղադրման վերաբերյալ:
Սողոմոնյանի խոսքով՝ Փաշինյանի հայտնած անհեթեթությունների նպատակը եկեղեցու դեմ արշավի օրակարգը տաք պահելն է. «Նրա նպատակը եկեղեցին քանդելն է եւ քանդված եկեղեցու բեկորները իրեն ենթարկեցնելն է: Այդ ֆոնի վրա, հանրային նոր թշնամություն, ատելություն, խռովահույզ վիճակ սերմանելն է , որ այդ ատելության ֆոնին կարողանան կառավարել:
Դա կառավարման ձեւ է, երբ հանում ես մարդկանց իրար դեմ, ստեղծում արհեստական օրակարգեր, մեկը մյուսի դեմ բորբոքելով՝ բոլորի ուշադրությունը շեղում ես իրական խնդիրներից՝ կրթական, սոցիալական, անվտանգային եւ մեր ժողովրդի գլխին ծառացած մարտահրավերներից: Հայ Առաքելական եկեղեցին է մնացել որպես կառույց, որ ունի անկախություն Հայաստանում ու շատ ավելի բարձր վարկանիշ, քան կառավարութան վարկանիշն է, ինքը ամեն գնով պետք է քանդի»:
Սողոմոնյանը տգիտություն որակեց Փաշինյանի պնդումը, թե Հայ Առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից 301 թվականին. «Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) ինչպես եւ քրիստոնեական մյուս բոլոր եկեղեցիներն աշխարհում ստեղծվել են Հիսու Քրիստոսի կողմից, նրա առաքյալների ձեռամբ: ՀԱԵ-ն մասնավորապես հիմնադրել են Քրիստոսի առաքյալներ՝ Բարդուղեմիոսն ու Թադեւոսը: Նույնիսկ Խոր Վիրապ եկեղեցու մոտ կա ելման խաչ, որտեղ ըստ ավանդության առաքյալները իրենց քարոզչական գործունեությունն իրականացնելիս հանդիպել են: Ի գիտություն Փաշինյանին՝ Հայ Առաքելական եկեղեցին հիմնվել է 1-ին դարում ու մեր եկեղեցու քահանայապետերին այդպես էլ կոչում են՝ սուրբ Թադեւոսի գահի ժառանգորդներ»:
Կարդացեք նաև
Պատմաբան Մենուա Սողոմոնյանը Փաշինյանին նաեւ հիշեցրեց, որ 301 թվականին Քրիստոնեությունն է ընդունվել որպես պետական կրոն:
«ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ եկեղեցին անջատ լինի պետությունից, այդպիսի քայլ անելով՝ նա հերթական անգամ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: ՀԱԵ-ն Հայաստանի հանրապետության եկեղեցին չէ, Հայաստանյայց եկեղեցին ամբողջ հայերի եկեղեցին է: Այդ հայերի մեծ մասը ապրում են ՀՀ-ի տարածքներից դուրս: Երբ մենք ՀՀ տարածքում գտնվող եկեղեցիների մեջ ներմուծում ենք պետական խորհրդանիշներ՝ պետական դրոշ, օրհներգ եւ այլն, դա նշանակում է զատում ենք Հայաստանի եկեղեցիները ՀՀ –ում ֆիզիկապես չգտնվող եկեղեցիներից, սա ավերում է ՀԱԵ նվիրապետական կարգն ու կառույցը: ՀԱԵ-ն ՀՀ եկեղեցի չէ, ամբողջ հայության եկեղեցին է , կաթողիկոսն էլ ՀՀ կաթողիկոսը չէ, ամենայն հայոց կաթողիկոսն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































