Լրահոս
Օրվա լրահոսը

Նյութով, ֆինանսով հայ հոգեւորականին չես ներքաշի. Տեր Փառենը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 08,2025 21:05

-Մենք հստակ ասել ենք, որ Վեհափառ հայրապետը մնալու է: Եթե այդ քարտեզի առաջին քայլը Վեհափառի հեռանալն է, մնացած քայլերն արդեն էական չեն: Վեհափառ հայրապետի գնալուց հետո ճանապարհային քարտեզ ու քայլեր չենք ընդունում: Ճշմարիտ քայլն այն կլինի, որ երբ մարդը դիմացինին վիրավորում է,  ավազանի անունով դիմելով, էլ չդիմի,- Aravot.am-ին ասաց Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած Վեհափառ հայրապետի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին:

«Վերջին շրջանում տեսաք ՝գրեթե բոլոր թեմերը հայտարարությամբ հանդես եկան, մենք՝ բոլորս միաբերան ասում ենք ՝մենք ընդունում ենք Վեհափառ հայրապետին որպես մեր հոր: Այսինքն՝ հարյուրավոր օծված հոգեւորականների կարծիքը արդյոք կարծիք չէ՞, առ ոչի՞նչ է: Եթե հարյուրավոր հոգեւորականներ՝ սկսած եպիսկոպոսից մինչեւ պարզ քահանա ասում են՝ Վեհափառ հայրապետը պետք է մնա, դրանից հետո խոսակցության տեղ չկա: Մենք չենք կարող խոսել կառուցողական երկխոսության մասին, երբ ասում են՝ ձեր հայրը պետք է գնա»,- հավելեց Տեր Փառեն:

Տեր Փառեն անդրադարձավ նաեւ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում հոգեւորականների ֆինանսական խնդիրների լուծմանը, որով Փաշինյանն առաջարկում է հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներ՝ հոգեւոր ծառայողները կօգտվեն կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն կստանան: Ըստ Փաշինյանի՝ ներկայումս հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով:

«Երբ որ Աստվածաշունչ ենք կարդում, Հիսու Քրիստոսին, երբ չարը մոտեցավ ասաց՝ եթե Աստծո որդի ես, ասա՝ թող քարերը հաց լինեն: Քրիստոսը պատասխանեց՝ մարդը ապրում է ոչ միայն հացով: Մենք՝ հայ հոգեւորականներս, գոհ ենք մեր սոցիալական, տնտեսական վիճակից, մեր ծառայության մեջ ենք, մեր ծառայությունից գոհ ենք: Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին, բժշկական ապահովագրությանը, մենք հարկ եղած դեպքում այդ ամեն ինչից օգտվում ենք: Եթե ուզենանք ապահովագրությունից օգտվենք, ապահովագրական ընկերություններ կան: Նյութով, ֆինանսով հայ հոգեւորականին չես ներքաշի: Մենք գոհ ենք մեր վիճակից: Դա էլ մուտք է Հայ Առաքելական եկեղեցու ընտանիք, եկեղեցին իր հարցերը լուծում է ներսում, թող որեւէ մեկը մեր անունից չխոսի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031