ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«2025թ․ հունվար–հոկտեմբերին Հայաստանի արտահանումը նվազել է –44․7%-ով։ Սա ոչ միայն խորը անկում է, այլև՝ տնտեսական անվտանգությանը ուղղված ուղիղ հարված։
Նույնիսկ հոկտեմբեր ամսվա ցուցադրած թվային «վերականգնումը»՝ սեպտեմբերի համեմատ +12%, չի փոխում ընդհանուր վիճակը․ արտահանման հիմնական հենասյունը շարունակում է մնալ փլուզված (հոկտեմբերին արտահանումը՝ 744․4 մլն ԱՄՆ դոլար, սեպտեմբերին՝ շուրջ 664 մլն ԱՄՆ դոլար)։
Արտահանման կառուցվածքի մանրամասն դիտարկումը բացահայտում է երեք ծանր իրողություն․
Կարդացեք նաև
1️⃣ Արտահանման անկման ամբողջ ծանրությունը գալիս է մեկ ապրանքախմբից
Արտահանման կտրուկ նվազումը պայմանավորված է «թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ» ապրանքախմբի կտրուկ անկմամբ․ այս խմբի արտահանումը հունվար–հոկտեմբերին նվազել է մոտ 73–75%-ով (2024թ․ 10 ամսվա՝ 7․4 մլրդ ԱՄՆ դոլարից՝ 2025թ․ 10 ամսվա 1․96 մլրդ ԱՄՆ դոլար)։
Այս ապրանքախումբը շուրջ մի քանի տարիներ շարունակ եղել է վերաարտահանվող ոսկու և հարակից գործարքների հենարանը։
Երբ այս հոսքը գրեթե կանգ է առել՝ 👉 արտահանման ողջ համակարգը մնացել է առանց շարժիչ ուժի։
2️⃣ Եթե հանում ենք վերաարտահանման ազդեցությունը՝ «իրական» արտահանումը աճ գրեթե չունի
ԱՎԿ ապրանքային կառուցվածքի տվյալներով՝ մեր արտահանման այն հատվածները, որոնք կապված են իրական արտադրության հետ, գրանցել են որոշակի աճ։ Մասնավորապես, «Պատրաստի սննդամթերք»՝ +25․3%, «Սարքեր և ապարատներ»՝ +49․7%, «Բուսական ծագման արտադրանք»՝ +27․5%, «Հանքահումք»՝ +11․1%։
Բայց այս դրական աճը ընդհանուր արտահանման անկման մեջ փոխհատուցել է ընդամենը մի քանի տոկոսային կետ։
Հետևաբար․ 👉 եթե դուրս ենք թողնում ոսկու ազդեցությունը՝ արտահանման «մաքուր» աճը մնում է 2–3%, ինչը փաստացի նշանակում է, որ արդյունաբերական արտահանումը, ըստ էության, կանգ է առած։
3️⃣ Ներմուծման –31․2% անկումը ևս վտանգի ազդանշան է, ոչ թե լավատեսության
Ներմուծումը հունվար–հոկտեմբերին կազմել է 10․1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է –31․2%-ով։
Սա վկայում է մի քանի հանգամանքների մասին․ շուկան նեղանում է, ներմուծվող ներգործիչների՝ հումքի, սարքավորումների, բաղադրիչների պահանջարկը նվազում է, ներդրումային ակտիվությունն ու արտադրության ծավալներն «անկումային» են։
Այսինքն՝ 👉 արտաքին առևտրի ամբողջ համակարգը թուլացած է․ ո՛չ արտահանում, ո՛չ ներմուծում, ո՛չ շրջանառություն։
🟥 Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար
Սա պարզապես տնտեսական թվերի հարց չէ։ Սա տնտեսական ինքնիշխանության խնդիրը է։ Երբ երկիրը չի արտահանում՝ այն չի ամրապնդում իր արժույթը, չի մեծացնում եկամուտները, չի ստեղծում աշխատատեղեր։
Երբ երկիրը ավելի շատ ներմուծում է, քան արտադրում, երբ ապրում է սպառման հաշվին, ոչ թե ստեղծման, այն դառնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքականորեն խոցելի։
Այսօր մենք կանգնած ենք մի մոդելի առաջ, որը չի ապահովում ո՛չ տնտեսական կայունություն, ո՛չ պետական դիմադրողականություն։
❓Հիմնական հարցը մնում է նույնը․ Այս մոդե՞լն է, որ պետք է պահի Հայաստանի ապագան»։


















































