Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ուշացումով սկսվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը

Դեկտեմբեր 08,2025 23:03

Aravot.am-ը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե եկեղեցում Նիկոլ Փաշինյանի օրակարգով, իշխանական վերնախավի մասնակցությամբ, Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ պատարագ մատուցելուց հետո նորմալ վիճակում հանձնեցի՞ն եկեղեցին Շիրակի թեմին։ Հիշեցնենք, որ եկեղեցու դռները կապարակնքվել էին, որոշ իրեր եկեղեցուց դուրս բերվել։

Տեր Հուսիկն ասաց․ «Մենք առանձին տեղ տեղափոխեցինք եկեղեցու գույքը, որովհետև վստահ չէի, որ եկեղեցու գույքը կարող էր մնար անվնաս։

Դրա համար մենք պայմանավորվածության հասանք, որ մեր գույքն առանձին տեղ տեղափոխենք, կնքենք, պահենք, հետո կգանք, մեր կնքածին տեր կանգնենք, տեսաձայնագրել էինք, որ որևէ բան չպակասեր։

Իհարկե, որոշ բաներ կային, որոնք պատարագի համար պիտի տանեինք, քանի որ պատարագը չպետք է տեղի ունենար Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում։ Եկանք, տեսանք և կարող ենք հիմա էլ փաստել, որ ինչ-որ պահվել էր, ապահով էր, անվնաս էր»։

Շիրակի հոգևորականները ձեռաց խաչը, սկիհը, խաչվառը, որոնք օգտագործում են պատարագների ժամանակ, չեն թողել Սուրբ Յոթ վերք եկեղեցում, քանի իրենք էլ իրենց հերթին պատարագ էին մատուցում Ամենափրկիչ եկեղեցում։

Մեր հարցին՝ գույքի առանձնացումն ազդե՞լ էր Սուրբ Յոթ վերք եկեղեցում երգչախմբի ելույթի վրա․ Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագը սկսվեց բավական ուշ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երգչախմբի համար պայմաններ ստեղծված չէին։

Հոգևորականը մեզ ասաց, որ դա Շիրակի թեմի երգչախումբը չէր։

«Մեր երգչախմբի բոլորն անդամները նախապես մոտեցան, ասացին՝ «Տեր հայր, հրաժարվում ենք գալ ու ներկա լինել տեղի ունեցող դրությանը։ Մենք էլ չընդդիմացանք այդ մարդկանց ազատ կամքով արտահայտված որոշմանը, ասացինք՝ եթե գնում եք, գնացեք։

Հրաժարվեց և ժամկոչը, հրաժարվեցին, ինչպես բազմիցս ասել եմ՝ հոգևորականաց դասը, սարկավագները, այս իմաստով եկեղեցում որևէ մեկը չկար, որ իրենց կարողանար ուղղորդել այսպես անել, այնպես անել։

Ինձ թվում է՝ դա է եղել պատճառը, որ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչպես գործածել կամ օգտագործել այս կամ այն, օրինակի համար ասենք՝ երգեհոնը»,- ասաց տեր Հուսիկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031