Կասկած չկա, որ եթե մի օր նորահայտ աղանդի առաջնորդը առավոտյան զարթնի և միացնի որևէ ադրբեջանական երաժշտություն, օրինակ՝ Զեյնաբ Յախյա գըզը Խանլարովայի երգերից որևէ մեկը և ղառի նշանով սեր խոստանա, ապա նույնքան հավանումներ ու պոզիտիվ մեկնաբանություններ կստանա իր «ստատուսի» տակ, որքան միշտ ստանում է։
Կարծում եմ, հավանումների և պոզիտիվ մեկնաբանությունների պակաս չի զգա տաղանդավոր աղանդավորը նաև այն դեպքում, եթե, օրինակ մի օր էլ հայտարարի, որ հանուն խաղաղության մենք պետք է Ադրբեջանի դրոշը կախենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մուտքերի մոտ, որպեսզի Բաքվում և Անկարայում չմտածեն հանկարծ, որ մենք իրենց արածները ապերախտաբար ըստ արժանվույն չենք գնահատում։
Եվ ընդհանրապես կապ չունի թե նա ի՞նչ կասի կամ ի՞նչ կցուցադրի, նույն զանգվածը միշտ իր կողքին է։ Սոցցանցերում դրանց թիվը արհեստականորեն ուռճացված է, իսկ իրականում, եթե պետական ռեսուրսներում ծառայողներին կամ աշխատողներին չհաշվենք, ապա նրանց թիվը անհամեմատելի քիչ է, նույնիսկ մեր բարեխիղճ ու աշխատասեր լրագրողների շնորհիվ նրանց արդեն իրենց անուններով կարող ենք առանձնացնել, դրանք այն «հավատացյալներն» են, ովքեր շրջում են իրենց կուռքի հետ և հրճվանքով «պատարագներ» դիտում։ Գուցե մի հարյուր հոգի լինեն նրանք։ Ավելի ժամանակ ծախսել այդ «Հայ Առաքելական Եկեղեցու» հետևորդներին բնութագրելու համար, կարծում եմ չարժե։
Հայաստանի Հանրապետության դրոշի և օրհներգի հետ կապված «բարեփոխիչ» աղանդավորի առաջարկություններին լավագույնս պատասխանել է Գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը իր երեկվա հոդվածով։
Կարդացեք նաև
Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին Պետություն սիրելու դասեր տալը ուղղակի զավեշտալի է։ Հայոց Եկեղեցին միշտ Հայոց Պետության կողքին է եղել ու համագործակցել է կրթական, մշակութային, բարեգործական և այլ ազգանպաստ ծրագրերում։ Եթե այսօր չի համագործակցում, ապա դա միայն մեկ բան է նշանակում, դա նշանակում է, որ մենք չունենք ազգային Պետություն, դա նշանակում է, որ իշխանությունները պետք է վերանայեն իրենց ներքին և արտաքին քաղաքականությանը առնչվող զգայուն հարցերը միասնաբար՝ Հայոց Եկեղեցու հետ։ Հայոց Եկեղեցին հենց Հայոց Պետության մաս է կազմում, դա է վկայում հենց Հայոց պատմությունը։
ՀՀ դրոշը միշտ ծածանվել է ու այժմ էլ ծածանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր մուտքի առաջ, ինչպես արդարացիորեն արդեն նշել էր Սերովբե սրբազանը։
Բավական է արդեն մանիպուլյատիվ քարոզչությամբ զբաղվել։ Ազնիվ եղեք դեռևս վերքերը չբուժած հայ ժողովրդի հետ ու հարգանք դրսևորեք Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ և ազատ արձակեք մեր սրբազաններին ու բոլոր քաղբանտարկյալներին, որպեսզի մենք էլ ձեզ հարգելու ուժ գտնենք մեր մեջ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































Այո, հարցը դասեր տվողի մեջ է, ի վերջո բոլորն էլ յուրովի են սիրում հայրենիքը, մեկը համեմատաբար շատ կոռումպացաված, մյուսը՝ քիչ։ Սրանց դասավանդած հայրենասիրությունն էլ, բնականաբար, տարբեր է։