Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա հղմամբ Հայաստանի 60 տոկոսը Ադրբեջանի տարածքն է, մինչդեռ Հայաստանն է փոխում իր Սահմանադրությունը. փխրուն խաղաղությո՞ւն, թե՞ երաշխավորներ

Մարտ 23,2026 18:24 Share

Տարբեր երկրներում, խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ, կուսակցությունները լայնորեն կիրառում են քարոզչական նարատիվներ, որոնց մի մասն առնչվում է պատերազմին: Սա հատկապես այն երկրներում, որտեղ կամ պատերազմ է եղել, կամ այլ երկրում տիրող պատերազմի պատճառով որոշակի լարվածություն կա:

Օրինակ՝ 2024թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը նախընտրական ժամանակահատվածում շրջանառում էր «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ» կարգախոսը։

«Բազմազգ Վրաստան» հանրային շարժման հետազոտող Մալխաս Գագուայի խոսքով՝ 2024թ. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանությունը պնդում էր՝ եթե ժողովուրդն իր ձայնը տա արևմտամետ ընդդիմությանը՝ պատերազմ կլինի:

Մոլդովայի անկախ մամուլի ասոցիացիայի ծրագրերի համակարգող Լիյա Զահարիայի մեկնաբանմամբ՝ Մոլդովայում ևս 2024թ. նախագահական և 2025թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատերազմին առնչվող քարոզչական նարատիվ էր շրջանառվում. «Ընդդիմադիր որոշ ուժեր ասում էին, թե գործող նախագահի՝ Մայա Սանդուի և նրա կուսակցության հաղթանակի պարագայում հնարավոր է երկիրը պատերազմի մեջ ներքաշվի: Հաշվի առնելով Մայա Սանդուի արևմտամետ հայացքները՝ համեմատություն էր տարվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Սա քաղաքական հայտարարություն էր՝ առանց փաստարկների»,-ասաց Լիյա Զահարիան:

Նշենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեք կուսակցություններին մեղադրեց պատերազմի դուռը բացելու ճանապարհով գնալու համար: «Հստակորեն արձանագրվեց, որ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով»,-ասել էր ՀՀ վարչապետն ու ընդգծել, որ երաշխավորների մասին խոսույթը ենթադրում է մեր երկիր խաղաղապահներ բերել, իսկ թե ինչ հետևանքի է բերել նրանց գործունեությունը՝ արդեն տեսել ենք: «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք միայն մեր վրա, ոչ թե երաշխավորի: Դա համարել ենք մեր լուծելու խնդիրը: Երաշխավորի միջոցով այդ խնդիրը լուծելը բերել է պատերազմի, կորուստների: Մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով»,-ասել էր ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կարևորել էին երաշխավորված խաղաղությունը:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում երաշխավորի առկայությունը կարևորում է այն հանգամանքով, որ խաղաղությունը կախված չլինի մեկ անձի՝ Ադրբեջանի նախագահի քմահաճույքից:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի դուռը բացելու արտահայտությանը, ասել էր. «Խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը տասը տարի խաղաղություն էր ապահովել»:

Հունիսի 7-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս իր նախընտրական խոստումներում նշել էր, որ իր կուսակցության առաջնահերթ նպատակը երաշխավորված և արդար խաղաղության հաստատումն է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ ընդգծել էր, որ ուժեղ դիվանագիտություն է պետք՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի թույլ խաղաղության, որտեղ Ալիևի հույսին ենք լինելու: «Մեր առաջարկն է՝ երաշխիքներով խաղաղություն: TRIPP-ի շրջանակում նախաստորագրված համաձայնագիրը բովանդակային առումով չենք վիճարկելու, այն ունի խաղաղություն բերելու պոտենցիալ: Լավարկելու ենք երաշխավորների ինստիտուտը»,-ասել էր Նարեկ Կարապետյանն ու շեշտել, որ խաղաղության երաշխավորները պետք է լինեն մեկից ավելին, իսկ թե որ երկրներին են դիտարկվում որպես երաշխավորներ՝ չի մանրամասնել:

Նարեկ Կարապետյանը հիշատակել էր, որ Իլհամ Ալիևը բազմիցս խախտել է հրադադարը, և չկա երաշխիք, որ հետագայում Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտում չի ունենա՝ հետևաբար խաղաղությունը ապահովելու համար, ըստ իրենց կուսակցության՝ միջնորդ է պետք. «Եթե 2020թ. Ադրբեջանը 2.5 անգամ ավելի շատ զենք ուներ, քան Հայաստանը, ապա այսօր 8 անգամ ավելի շատ զենք ունի Ադրբեջանը»:

Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ունեցած տարածքային նկրտումներն արձանագրված են նաև Ադրբեջանի Սահմանադրությամբ: Մասնավորապես 2025թ. Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր. «Մենք նույնպես ունենք մտահոգություն՝ կապված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության հետ: Եվ մենք սա չենք ասում ուղղակի՝ հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով: Ես կարող եմ բացատրել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի Առաջին (Ժողովրդավարական) Հանրապետության իրավահաջորդ: Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի»

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի Սահմանադրության խնդրահարույց լինելուն անդրադարձել էր նաև 2024թ. տարեվերջյան ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանը Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել է այդ (տարածքային պահանջի) խնդրին:

2024թ. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս խոսել էր այս թեմայով Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունում, փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. «Եվ, կրկնում եմ, յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։ Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը»:

Եվ թեպետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բարձրաձայնել են Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին, սակայն սահմանադրական փոփոխությունների է գնում միայն Հայաստանը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրապարակային ելույթներում բազմիցս պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ Սահմանադրության նոր տեքստի շուրջ իրավաբանական աշխատանքն ավարտվել է, և փաստաթուղթն այժմ վերջնական վերանայման փուլում է։ Վարչապետը նաև համոզմունք հայտնեց, որ դրանում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի:

ՀՀ Սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որտեղ բացի Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածից, կա նաև Հայոց ցեղասպանության մասին դրույթ, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031