ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության եւ արդի քաղաքական զարգացումների գիտական խումբը նախաձեռնել է «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողով: Վերջինիս կազմկոմիտեի անդամ, ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը նվիրված է անվանի պատմաբան, գրող եւ հասարակական, քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին:
«Մենք որոշեցինք այդ տարեդարձը եւս մեկ անգամ օգտագործելով՝ կարեւոր շեշտադրումներ անել հատկապես վերջին ժամանակահատվածում պատմակեղծարարության դեմ պայքարի համատեքստում: Գիտաժողովի բոլոր թեմաներում էլ այդ շեշտադրումներն առկա են: Գիտաժողովի ծրագիրը կազմված է՝ հաշվի առնվելով ժամանակագրական հիմունքները: Թեմաներն ընտրվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայրենիքի պատմաաշխարհագրական այդ հատվածը ժամանակավորապես բռնազավթված է, եւ հիմնականում այդ հատվածի պատմությունը, մշակութային ժառանգությունն ամենաշատն է կեղծվում Ադրբեջանի կողմից, նաեւ զուգահեռաբար պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման դեպքեր են արձանագրվում: Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում, երբ փորձ է արվում Արցախի թեման տարբեր ձեւաչափերով օրակարգից հանել, գիտաժողովի նպատակը նաեւ Արցախի թեման գիտական օրակարգում պահելն է եւ նշելը, որ Արցախի հիմնախնդիրն ավարտված չէ, Արցախի էջը փակված չէ»,-նշեց Հովիկ Ավանեսովը:
Ինչ վերաբերվում է իր՝ «Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման եւ գործառույթների փոփոխության ադրբեջանական քաղաքականությունը 1921-1960-ականներին» վերնագրով զեկուցման թեմային, մեր զրուցակիցը նշեց. «Նպատակն է ցույց տալ, որ պատմական հուշարձանների ոչնչացման քաղաքականութունն Ադրբեջանի կողմից նոր երեւույթ չէ: Այդ հուշարձանների, կառույցների փոփոխությունը սկսվել է Ադրբեջան արհեստածին կազմակերպության ձեւավորման ժամանակվանից: Հատկապես 1921-1960-ական թվականներին ամենաշատ դեպքերն են արձանագրվել, երբ պատմաճարտարապետական հուշարձաններն են ոչնչացվել, ոչնչացված հուշարձանների քարերով, մասնիկներով, որոնք սրբազան քարեր են, շինարարության մեջ են օգտագործել: Օրինակ, Արցախի Ծար գյուղում ադրբեջանական դպրոցը հայկական խաչքարերով է կառուցված, կամ 60-ականներին Շուշիում հայկական որոշ եկեղեցիներ, պատմաճարտարապետական հուշարձաններ քանդվել են շինարարական աշխատանքների պատրվակով եւ այդ տարածքում բնակելի կամ հասարակական նշանակության շենքեր են կառուցվել:
Կարդացեք նաև
Ի դեպ, 1960թ ավելի մեծ թափ եւ համակարգված բնույթ ստացավ պատմաճարտարապետական հուշարձանների աղվանացման քաղաքականությունը, այդ ժամանակահատվածում հիմնական շեշտադրումը Արցախ-Ուտիք- Նախիջեւանի ժառանգությունն էր որպես աղվանական ներկայացվում, հետո արդեն 2000-ականների սկզբից աշխարհագրությունն ընդարձակվեց՝ ներառելով Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանի որոշ հայկական եկեղեցիներ, Արեւմտյան Հայաստանում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:
1960թ Խորհրդային Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտը համակարգող մարմինը որոշում կայացրեց, որում նշվում էր, որ հայկական եկեղեցիները կարող են օգտագործվել որպես գյուղմթերքի կամ տնտեսական նշանակության պահեստներ: Այսինքն` մի կողմից եկեղեցիները հայտարարում էին աղվանական, մյուս կողմից վերածում էին պահեստների, մեկ այլ կողմից էլ այդ նույն ժամանակահատվածում հայկական հուշարձանները ոչնչացվում էին: Այն, ինչին մենք հիմա ականատես ենք լինում՝ Արցախում, Նախիջեւանում, նոր չէ, ընդ որում Արցախ ասելով՝ նկատի ունենք ոչ թե Արցախի Հանրապետության, այլ պատմական Արցախի տարածքը: Մեր զեկույցի ընթացքում նաեւ զուգահեռներ են անցկացվում նույն ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող մշակութային ցեղասպանությանը՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ շարունակական շղթայի եւ նույն ցեղասպան քաղաքականության ու ձեռագրի հետ գործ ունենք»,-ընդգծեց Ավանեսովը:
Պատմության ինստիտուտի աշխատակիցն անդրադարձավ նաեւ Լեռնիկ Հովհաննիսյանի «1823թ. Ղարաբաղի պրովինցիայի կամերալ ցուցադրությունը եւ ադրբեջանական շահարկումները», Վահրամ Բալայանի «Բագրատ Ուլուբաբյանի գրական-գեղարվեստական եւ պատմագիտական ժառանգությունը, հասարակական-քաղաքական գործունեությունը» թեմայով զեկուցումներին: Հետաքրքիր համարեց Մելանյա Բալայանի զեկույցը՝ «Ծիծեռնավանքը որպես ուխտատեղի». «Հատկանշական է, որ այդ թեման ավելի մեծ արդիականություն ստացավ հատկապես այն հանգամանքով, որ վերջերս Ադրբեջանի մշակույթի նախարարությունը եւ այլ կառույցներ հայտարարեցին, որ «վերականգնողական աշխատանքներ» են իրականացվելու, իսկ մենք գիտենք, թե դրանց արդյունքում ինչ է կատարվում հուշարձանների հետ»:
Ի թիվս այլոց, անդրադարձ եղավ նաեւ Արմեն Կարապետյանի «Պատմական ճշմարտությունը Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» պատմավեպում», Մհեր Հարությունյանի «Արցախյան պատերազմի եւ բանակաշինության թեմաները Բագրատ Ուլուբաբյանի պատմագիտական հորիզոններում», Իսկուհի Ավանեսյանի «Ադրբեջանի Էթնիկ զտման քաղաքականությունը, Արցախի շրջափակումը (2022թ դեկտեմբեր-2023թ հունիս)» զեկուցումներին:
Հավելեց, որ գիտաժողովի բոլոր զեկուցումներն էլ հետաքրքրական են, եւ բոլորն էլ գիտաժողովի ավարտից հետո կամփոփվեն առանձին ժողովածուում, եւ ուսումնասիրողների համար կարեւոր նշանակություն ունեցող ժողովածուներից մեկը թերեւս դա կլինի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































