Լրահոս
Օրվա լրահոսը

Անկանոն երթևեկության պայմաններում ապագա վարորդներից պահանջվում է կանոններով վարում. ովքե՞ր են վարորդական վկայական ստացողները

Դեկտեմբեր 09,2025 16:03

Վարորդական վկայականի գործնական քննության ժամանակ, ժամերով հերթ կանգնելով, չես կարող զրույցի չբռնվել անհամբեր իրենց հերթին սպասող մարդկանց հետ: Շատերը սրտատրոփ, ոմանք էլ արդեն հուսալքված սպասում են հերթական փորձությանը՝ ո՞վ կընդունի քննությունը, ի՞նչ տրամադրությամբ, քննական ո՞ր ավտոմեքենայով կվարեն։ Ի դեպ՝ քննական ավտոմեքենաների մեջ կան այնպիսիք, որոնց, մեղմ ասած, «հասկանալը» դժվար է. օրինակ՝ «ձեռքի արգելակը» մեկ անգամ ուժգին ներքև իջեցնելը պարզվում է բավարար չէ, պետք է երկրորդ անգամ էլ հրես ներքև, հակառակ դեպքում տեսուչը դա ոչ թե ավտոմեքենայի անսարքություն, այլ սխալ քայլ կգնահատի։

Հիմա անցնեմ այն հարցի պատասխանին, թե ովքե՞ր են վարորդական վկայական ստացողների շարքերում։ Օրինակ՝ Երևանի հաշվառման-քննական բաժնում սպասելիս տեսնում ես, որ բոլորն անկեղծ զրուցում են իրար հետ՝ մեկը հինգերորդ անգամն է արդեն, որ փորձում է վարորդական վկայական ստանալ, մյուսը՝ երրորդ, և այդպես շարունակ։ Զրույցի բռնվելով պատմում են, թե ինչ պատճառներով են ձախողել նախորդ գործնական քննությունները, բայց նաև շեշտում, որ ավտոմեքենա են վարում առանց վարորդական վկայականի։ Օրինակ՝ կանանցից մեկը պատմում էր, որ երեխաներին է տանում մանկապարտեզ, որովհետև առավոտյան ցրտին երեխաների հետ առավել հարմար է ավտոմեքենայով տեղափոխվելը, մյուսն էլ, թեև երեխաներ չուներ, բայց էլի խոստովանեց՝ տևական ժամանակ է առանց վարորդական վկայականի ավտոմեքենա է վարում, ու այդ ընթացքում էլ գործնական քննությունից հասցրել է բացասական ստանալ։ Եվ հանկարծ թեժ զրույցի պահին հնչում է անուն ազգանունդ՝ հասել է քննության պահը։

Գործնական քննությունն ընդունող երիտասարդներից մեկը՝ Գարեգին Խլղաթյանը, առաջին հայացքից ընկերական է թվում, բայց հետո ստեղծվում է տպավորություն, որ փորձում է ամեն ինչ անել, որ չհաջողես։ Օրինակ՝ նա հրահանգում է կայանել հենց այն վայրում, որտեղ դիմացի քննական ավտոմեքենան վարողը այդ պահին չհաջողեց։ Դու հաջողում ես կայանելը, բայց Գարեգին Խլղաթյանը գոհ չէ, զուգահեռ կայանման ժամանակ էլ A4 ֆորմատի թղթով չափում է մայթի եզրաքարից ավտոմեքենայի միջև ընկած հեռավորությունը՝ սանտիմետր առ սանտիմետր, մինչդեռ որևէ օրենսդրությամբ չես հանդիպի, թե քանի սանտիմետր հեռավորության վրա պետք է կայանել ավտոմեքենան մայթից։ Շարունակում ես վարել ու օրենքի սահմաններում սպասում ես հետիոտնային անցումից առաջ, մինչ դիմացի ավտոմեքենան հետադարձ կատարի, բայց Գարեգին Խլղաթյանն էլի դժգոհ է… Իսկ ի՞նչ կանի, երբ խաչմերուկ չմտնես՝ խցանում չստեղծելու համար, ու այդ պատճառով ավտոմեքենան հպվի հոծ գծին։ Ստեղծված իրավիճակը նա դիտարկում է օրենսդրական խախտում ու միանգամից բացասական է գնահատում։ Իսկ եզրակացությունն առցանց տարբերակով ստանալու համար ամիսներով ընկնում ես, այսպես ասած, բյուրոկրատական քաշքշուկի մեջ։

Երևանի հաշվառման-քննական բաժնում վաղ առավոտից մեկը մյուսին հերթ չտալով ակտիվ աշխատում են, քննություն ընդունողների շարքում է նաև Արայիկ Վերդյանը։ Նա էլ տեղի անտեղի նկատողություն է անում, տպավորություն է, որ մարդու մոտ դժգոհելը սովորություն է դարձել։

Միգուցե ճիշտ են քննություն ընդունողները՝ անթերի վարել է պետք, ինչը երբեք չես հանդիպի հատկապես Երևանի փողոցներում։ Էրեբունու վարչական շրջանի այն փողոցներում էլ, որտեղ վարում են քննական ավտոմեքենաները, ճանապարհային նշանների մեջ կան նաև այնպիսիք, որոնք թելադրում են առավելագույն արագությունը, սակայն, բացի քննություն հանձնողներից, որևէ այլ վարորդ չի հետևում այդ նշանների պահանջներին։ Ավելին՝ մարդիկ գործնական քննություն են հանձնում այն փողոցներում, որտեղ ամիսներով ճանապարհային գծանշումները ջնջված են՝ ընդհանրապես չեն երևում, հատկապես ձմռան ու գարնան ամիսներին։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը քաղաքապետարանի գծանշումների մասին տեսանյութում ընդգծում էր, որ ժամանակի ընթացքում գծանշումների մաշված լինելը բերում է երթևեկության անկանոն կազմակերպմանը։ Այսինքն՝ Երևանի փողոցներում ամիսներ տևող անկանոն երթևեկության պայմաններում ապագա վարորդներից պահանջվում է կանոններով վարում։

Ինչ վերաբերում է հոծ գծերը հատելուն, օրինակ, Լոս Անջելեսում հոծ գծերը, այդ թվում՝ խաչմերուկների շարունակ, հատվում են վարորդների կողմից։ Սակայն վարորդների խոսքով՝ իրենք դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում։ Վարորդները պնդում են՝ հոծ գծին հպվելը կամ հատելը Կալիֆոռնիայում դիտարկվում է տվյալ պահի իրավիճակային գնահատական։ ԱՄՆ-ի այս հայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում, ի տարբերություն Հայաստանի, գործնական քննությանը ապագա վարորդը պարտադիր պետք է ներկայանա այն ապահովագրված ավտոմեքենայով, որը վարելու է։ Այս մոտեցումը ձեռնտու է թե պետական կամ համայնքային բյուջեի ծախսերի տեսանկյունից, թե ապագա վարորդի համար՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ սովոր է այն մեքենային, որը պետք է վարի։

Երևանում գործնական քննության ժամանակ սպասելիս, թեև տեսնում ես, որ բազմաթիվ են բացասական եզրակացություն ստացողները, բայց նաև պետք է ընդգծել, որ դրական ստացողներ էլ կան։ Մի պահ փորձեցի մտաբերել, թե ո՞վ էր իմ վերջին ծանոթը, որը հաջողությամբ հանձնել է գործնական քննությունը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է՝ հաջողել էր առաջին փորձից։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031