Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան․ Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա հավատամքը Արդարության նկատմամբ․ փաստաբան

Դեկտեմբեր 09,2025 16:15

Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.

  • Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվհետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
  • Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:
  • Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը:

Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ` Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա:

Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։

Կարծում եմ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։

Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, Արդարությունը և Մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:

17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը Արդարության և Մարդկության նկատմամբ:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Վարդան Ղուկասյանի փաստաբան

09 դեկտեմբերի, 2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031