Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ հեղինակած օրենքի նախագծով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ օգոստոսի 3–ը նշվում է որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Առ այսօր իմ բազմաթիվ ազգակիցներ ապրում են վրաններում. Ռուստամ Բաքոյան

Դեկտեմբեր 09,2025 16:26

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ հեղինակած օրենքի նախագծով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 3–ը նշվում է՝ որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Այս օրը՝ դեկտեմբերի 9-ը, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրն է։
Հենց դատապարտման և կանխարգելման գործելակերպի շրջանակներում համապատասխան օրենքի նախագիծ առաջարկեցի, որին առանձնահատուկ մոտեցում դրսևորեցին և՛ ՀՀ վարչապետը, և՛ Արտաքին գործերի նախարարը, և՛ առհասարակ մեր ողջ քաղաքական թիմը:

Իսկ դեռևս 2021 թվականին մեր խմբակցությունը միաձայն ընդունեց օրենքի նախագիծ, որով ցեղասպանության կամ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտման համար սահմանվեց քրեական պատասխանատվություն:

Ցանկացած ժողովրդավարական երկրի համար ցեղասպանության կանխարգելիչ գործելակերպը նվազագույնը պետք է լինի մարդկության դեմ ուղղված այս ոճիրը բացառելու ճանապարհին։
Մարդկային զարգացման տարբեր շրջափուլերում աշխարհը ականատես է եղել մի շարք ցեղասպանությունների և դժբախտաբար դրանք իրականացվում են նաև այսօր։

Ցավոք՝ հայ և եզդի ժողովուրդները ևս անմասն չեն մնացել այդ դաժան փորձությունից։ Այստեղ էլ իմ երկու ժողովուրդներն ունեն ընդհանրություններ. 1915 թվականին և դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում հայերը կրեցին միլիոնավոր մարդկային կորուստներ, ազգակիցներս ևս այդ իրադարձությունների ժամանակ դաժան փորձությունների միջով անցան։ Գրեթե մեկ դար անց` 2014 թվականի օգոստոսի 3-ին, Սինջարում բնակվող ազգակիցներս՝ ենթարկվելով ցեղասպանության՝ ունեցան հազարավոր զոհեր, դարձան տարագիր, շուրջ 3000 կանանց և աղջիկների ճակատագրերը դեռևս անհայտ են: Առ այսօր իմ բազմաթիվ ազգակիցներ ապրում են վրաններում` տարրական պայմանների բացակայությամբ։

Չափազանց կարևոր եմ համարել և համարում ցանկացած հասարակության լայն համախմբվածությունը՝ ցեղասպանության արդարացումը կամ կատարված ցեղասպանության ժխտումը չհանդուրժելու, նման հակումները խստագույնս դատապարտելու, նոր ցեղասպանությունների իրականացումը բացառելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031