Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանի ղեկավարությունը չի զբաղվում դժգոհների «փնտրտուքով». Դիանա Խոդերյանը փոխանցեց բուհի տեսակետը

Դեկտեմբեր 09,2025 16:32

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում սկանդալային իրավիճակ է, բուհի ղեկավարությունը փորձում է հայտնաբերել այն ուսանողներին, որոնք կասկածվում են ԿԳՄՍ նախարարություն նամակ գրելու մեջ, որ բուհում ջեռուցում չկա, դասերն անցնում են ցուրտ լսարաններում:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան բուհի լրատվության պատասխանատու Դիանա Խոդերյանը հետեւյալը փոխանցեց. «Համալսարանում որեւէ արտառոց իրադարձություն չի գրանցվել։ Դասընթացներն անցկացվում են լիարժեք՝ ուսումնական տարվա սկզբին հաստատված ժամանակացույցի համաձայն։ Պարզապես վերջին երկու շաբաթների ընթացքում դրանք անցկացվել են հիբրիդային (առկա-հեռավար) ձեւաչափով՝ մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Հիմնական պատճառը ջեռուցման համակարգի լայնամասշտաբ արդիականացումն է՝ նորագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։

Հաշվի առնելով վերանորոգման աշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, որոշում է կայացվել պարապմունքներն հիմնականում անցկացնել համալսարանի նոր մասնաշենքում, որտեղ ջեռուցման համակարգը լիովին գործում է, իսկ հին մասնաշենքում օգտագործել միայն օդորակիչներով հագեցած լսարանները։

Դասերի մյուս մասը անցկացվում է առցանց։ Հետեւաբար, ոչ մի ուսանող էական անհարմարություն չի զգացել, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը եւ ադմինիստրացիան ըմբռնումով են մոտեցել որոշմանը՝ գիտակցելով նման միջոցառումների ժամանակավոր բնույթը եւ ջեռուցման համակարգի արդիականացման նպատակահարմարությունը՝ ի բարօրություն Ռուս-հայկական համալսարանի ամբողջ թիմի» ։

Համալսարանի պարզաբանման մեջ նաեւ ընդգծվել է. «Համալսարանի ղեկավարությունը չի զբաղվում դժգոհների «փնտրտուքով»,  քանի որ ցանկացած, նույնիսկ ամենաարդարացված իրավիճակում, անհամաձայնության առանձին դեպքերը չեն կարող բացառվել։

Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն  ուսանողներին և աշխատակիցներին ուղղված իր հրապարակային ելույթներում բազմիցս կոչ է արել ըմբռնումով մոտենալ որոշ ժամանակավոր անհարմարություններին, քանի որ բոլոր աշխատանքներն ուղղված են համալսարանական կյանքի եւ կրթական գործընթացի բարձր որակի ապահովմանը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031