Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության պառակտման գործընթացն արդեն անշրջելի է

Դեկտեմբեր 10,2025 13:00

Նույնիսկ Փաշինյանի գնալուց հետո շատերս իրար այլեւս չենք բարեւի

Ամենասարսափելի «ժառանգությունը», որը Փաշինյանը թողել է Հայաստանին, հասարակության անվերականգնելի, անվերադարձ պառակտումն է: Ընդ որում, դա արդեն փաստ է՝ անկախ նրանից, թե որքան է ներկայիս վարչապետը մնալու իր պաշտոնին: Եթե վաղը լինի այլ վարչապետ, այդ տեկտոնական ճեղքվածքը, որը կա Հայաստանում, դժվար թե հնարավոր լինի ծածկել: Կամ գուցե դրա համար տասնամյակներ պետք լինեն:

Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակությունը «միասնական» էր՝ այն իմաստով, ինչպես որ այդ խոսքը սովորաբար կիրառվում է հրապարակախոսության մեջ: Հայաստանի, ինչպես եւ ցանկացած այլ հասարակություն (բացառությամբ, հավանաբար, տոտալիտար երկրները) այդ առումով «միասնական» չէ, որովհետեւ միատարր չէ:

Հատկապես մեր անկայուն, սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման «միասնություն» հնարավոր չէր: Մեզ մոտ կային հարուստներ, որոնք մեծամասնության կարծիքով, հարստացել են անիրավ ճանապարհներով, կային պաշտոնյաներ, որոնց ընդունված էր կաշառակեր համարել:

Բայց «մենք-նրանք» սահմանագիծն անցնում էր «պաշտոնյաների-հարուստների» բարակ շերտի եւ մնացած բնակչության միջեւ: Հասարակ, սովորական քաղաքացիների միջեւ բաժանարար գծերը պայմանական էին, թույլ էին արտահայտված: Օրինակ, երբ մարդիկ ասում էին «ղարաբաղցի», նրանք, որպես կանոն, դարձյալ նկատի ունեին «պաշտոնյաներին-հարուստներին» եւ ոչ թե իրենց նման չարքաշ կյանքով ապրողներին:

Ամեն ինչ փոխվեց 2018-ին, քանի որ շատ արագ պարզվեց, որ այս իշխանությունների հիմնական ռեսուրսը «ոչ յուրայինների» հանդեպ ատելությունն է: Իսկ այդ ատելության թիրախը ոչ միայն նախկին պաշտոնյաներն էին (հարուստների մեծ մասը միանգամից անցավ իշխանության թեւի տակ), այլեւ նրանց հետ իրականում կամ իշխանությունների երեւակայության մեջ «փոխկապակցված անձինք», պայմանականորեն ասած՝ «թալանչիները», իսկ նրանք անթիվ-անհամար են եւ ունեն մեկ հատկանիշ՝ Փաշինյանի աչքի վերեւը ունք են տեսնում:

Պատերազմում պարտությունից հետո այդ ճեղքը խորացավ, որովհետեւ պարտության մեղավորը հրաժարվեց լքել իր աթոռը: Եվ որպեսզի այդ աթոռը պահպանի, սկսեց մոգոնել «մեղավորների» տարբեր խմբեր, ինչի արդյունքում «թշնամիների» թիվն ավելացավ: Որովհետեւ «թշնամի» են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Փաշինյանն է պարտության մեղավորը: Դրան ավելացել է նաեւ «ռուսական» թեման, քանի որ այդ «թշնամիները» նաեւ «ռուսական գործակալ» են: Դե, պարզ է, որ եթե իրավիճակը սրվում է մի կողմից, ապա հակառակ կողմը նույնպես դառնում է ավելի ագրեսիվ:

Բայց դրանով Փաշինյանի քանդարար գործունեությունը չի սահմանափակվում: Վերջին կաթիլն է՝ կաթողիկոսին փոխելու նրա մտասեւեռումը, որը, անկեղծ ասեմ, իմ մեջ հատուկ ցասում, ներքին դիմադրություն առաջացրեց: Որովհետեւ դա լկտիության (թույլ տվեք «ռսաստրկական» բառ օգտագործել՝ «оборзение») անասելի, ֆանտաստիկ դրսեւորում է: Եվ այստեղ արդեն բաժանումը ոչ թե իշխանություն-ընդդիմություն է, «ներկա – նախկին» է, ոչ թե «ռսաստրուկ – եվրոպամետ» է, այլ պարկեշտ եւ անպարկեշտ մարդկանց միջեւ է: Որովհետեւ ոչ մի պարկեշտ մարդ, նույնիսկ եթե մարտնչող աթեիստ է կամ ատում է Գարեգին Բ-ին, չի պաշտպանի եկեղեցու վրա այս վայրագ հարձակումը:

Ես այդպես եմ մտածում: Իսկ հարձակվողները կամ հարձակման կողմնակիցները կարծում են, որ ես եմ անպարկեշտ: Ահա այդ անդունդի մասին եմ ես խոսում՝ անդունդ, որը Փաշինյանի գնալուց հետո էլ չի լցվի: Ինձ դժվար կլինի սեղմել այն մարդկանց ձեռքը, որոնք աշխատել են Փաշինյանի մոտ կամ արդարացրել են նրա անպատկառ վարքը: Նրանց էլ, կարծում եմ, դժվար կլինի:

Եվ այս վիճակն ուղիղ վտանգ է պետության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031