Ինչո՞ւ էր քննարկվում Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքների տրամադրումը, կամ` ԼՂ կարգավիճակի հստակեցումը
Կառավարությունն անցյալ շաբաթ ընտրողաբար հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ որոշ փաստաթղթեր։ Այդ ցանկում չկար, օրինակ` Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարի փաստաթուղթը, առհասարակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ստեղծման պատմությունը, համանախագահների մանդատի ստեղծումը, այդ ձեւաչափի հիմնական նպատակները, 1995թ. մարտին Պրահայում ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը` որպես հակամարտության կողմ, եւ կոչն ուղղված կողմերին` Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին, սկսել բանակցություններ` առանց նախապայմանների:
ԼՂ հակամարտության կարգավորման պատմությանը ծանոթ մարդկանց իշխանություններն իրենց հրապարակած փաստաթղթերով զարմացնել չէին կարող, սա պարզ էր ի սկզբանե: Իսկ իշխանությունները, եթե անկեղծ էին, նրանք պետք է հիմնավոր կերպով մոտենային ԼՂ հակամարտության կարգավորման պատմությանը` ներկայացնելով հարցերի պատասխաններ, թե ինչո՞ւ էր հաստատվել բանակցային գործընթացի ֆորմատը, ինչո՞ւ եւ ինչի՞ շուրջ էին ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ բանակցություններն ընթանում:
Ի վերջո, համանախագահության գործունեության նպատակները որո՞նք էին, նրանց մանդատի հիմքում` կարգավորման գործընթացը որտեղի՞ց մինչեւ ուր հասավ: Ինչո՞ւ էին համանախագահող երկրների կողմից բերվում կարգավորման տարբերակներ, ի՞նչ էր պատասխանում պաշտոնական Երեւանը բոլոր այդ հրապարակված տարբերակներին: Առհասարակ, ինչո՞ւ էր քննարկվում Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքների տրամադրումը, կամ` ԼՂ կարգավիճակի հարցի հստակեցումը:
Կարդացեք նաև
Սրանք պարզապես հարցեր չեն, այս ամենի տակ մի ամբողջ պատմություն է. ամեն մի բառ, կետ ու ստորակետ նշանակություն ու իմաստ է ունեցել, որի համար պայքար է գնացել, մարդիկ ամիսներով-տարիներով աշխատել, ջանք ու եռանդ են գործադրել:
Այն, որ թե՛ իշխանությունները, թե՛ նախկին իշխանությունները ղարաբաղյան կարգավորման թեմաներով հաճախ իրենց համար շահեկան դրվագներն են միայն ներկայացրել, դա, իհարկե, եւս փաստ է:
«Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քի Ուեսթի փաստաթուղթ չկա»,- անցյալ շաբաթ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Ես շատ մտածել եմ, թե ինչո՞ւ չկա, եւ իմ պատասխանը մեկն է՝ որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն: Եվ դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունները: Ուրիշ բացատրություն չկա»: Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը, երբ հակադարձեց, թե` «Փաշինյանը չի հրապարակել բանակցային գործընթացին վերաբերող այդ փաստաթուղթը, քանի որ դա իրեն «ձեռք չի տվել», որովհետեւ Քի Ուեսթով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին», ի պատասխան Փաշինյանը կոչ արեց, որ հենց ընդդիմությունն էլ դա անի, եթե ունի Քի Ուեսթի փաստաթուղթը: «Դուք հրապարակեք Քի Ուեսթի թուղթը, մենք չունենք, տվեք էդ թուղթը, կստուգենք, կապագաղտնիացնենք, կհրապարակենք»:
Ղարաբաղյան թեմայով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը «փայլուն» շրջան ներկայացնելու փորձեր ժամանակ առ ժամանակ արվում են: Այս տարվա հունվարին նրա որդին` պատգամավոր Լեւոն Քոչարյանը գրառում էր արել, նշելով. «Հեյդար Ալիեւը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց: Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն: Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով: Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ: Չնայած նախնական համաձայնության՝ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից»:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը բավականին կասկածելի էր համարել ամերիկյան լրատվամիջոցների ռեպորտաժում շարադրված փաստերի արդիականությունը։ ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա պատրաստված հրապարակման էությունն այն էր, որ Հայաստանի իշխանությունները 1999-ին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, համաձայն որի` ԼՂ-ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։ Ահա, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Sputnik Արմենիային» տված մեկնաբանությունում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվում են միայն ադրբեջանցի, թուրք եւ ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով եւ ընկալումներով։
Փոխարենը Միկոյանը ուշադրություն էր հրավիրել մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001-ին Քի Ուեսթում։ Այսինքն, ըստ նրանց տրամաբանության` եթե 1999-ին Հեյդար Ալիեւն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Նա ընդգծել էր` այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջեւան։ Միկոյանը նաեւ առաջարկել էր հրապարակել Քի Ուեսթի փաստաթուղթը, քանի որ, ըստ նրա` հանրության դատին հանձնելուց հետո, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։ Հիշեցնենք նաեւ, Ռոբերտ Քոչարյանը 2021թ. դեկտեմբերին կայացած ասուլիսում անդրադառնալով Քի Ուեսթի բանակցություններին, նշել էր, որ Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ իր երկրի ներսում անխուսափելի հասարակական ճնշման պատճառով:
Նախ, արձանագրված փաստ է, որ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է թողել: Ավելի վաղ` 1998-ին, իբր ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումից դժգոհ՝ նա խոստացավ Ղարաբաղյան խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել:
Քոչարյանը 2016թ. Սերժ Սարգսյանի իշխանությանը նախ մեղադրեց, թե` «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին եւ վերանայման կարիք ունեն: Նաեւ այդ ժամանակվա իշխանություններին մեղադրեց «չափից դուրս», «խիստ անհամաչափ զիջումների գնալու պատրաստակամության» մեջ:
Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է կարեւոր: Իսկ հիմա տեսնենք, թե Քոչարյանի բանակցած առաջարկները որքանով էին հայանպաստ: 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին, Ադրբեջանին եւ ԼՂՀ-ին ներկայացրեցին «Ընդհանուր պետություն» կոչվող կարգավորման առաջարկները, որոնք Երեւանը եւ Ստեփանակերտը վերապահումներով ընդունեցին, իսկ Բաքուն մերժեց:
Թեեւ Քոչարյանը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել, «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց, այսինքն՝ ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը հետին պլան էր մղվում:
Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում Լեռնային Ղարաբաղն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը հետեւյալ կերպ էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին: «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում:
Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն՝ ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Մյուսը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:
Հաջորդ ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը
Այսինքն, Քոչարյանը Տեր-Պետրոսյանի բանակցածի համեմատությամբ էականորեն ավելի էր թուլացրել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում: Ավելին` նրա պատրաստակամությունը ընկալվեց Ադրբեջանի կողմից. Բաքուն մերժեց «Ընդհանուր պետությունը»` ավելի մեծ «ախորժակ» ունենալով:
Ահա, որոշ ժամանակ անց էլ բացահայտվեց` Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծման գաղափարը, տխրահռչակ «Մեղրիի տարբերակը»` տարածքների փոխանակումը: Դե, իսկ 2001թ. ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանու ներքո Քի Ուեսթում անցկացված Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություններով ավարտվեց «քիուեսթյան» փուլը: 2004-ից մեկնարկեց բանակցությունների նոր փուլ, որն անվանվում էր` Պրահյան գործընթաց: Իսկ 2007-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մադրիդի նախարարական հանդիպմանը Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացվեց 14 կետանոց շրջանակային փաստաթուղթ` հիմնված հանրաքվեի փիլիսոփայության վրա: Դրանք բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքներն են, որոնք եւս Քոչարյանի համար ընդունելի էին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2025


















































