Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոլցո»-ից հետո ի՞նչ է փոխվել

Մայիս 05,2023 12:00

«Օղակ» գործողությունն անմիջապես համարժեք, օբյեկտիվ եւ հասցեական գնահատականի է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից

32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») պատժիչ օպերացիան։ Արցախի ԱԳՆ-ն «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ, որում պատմական հայացք էր գցել այդ օրերին: «1991թ. ապրիլից մինչեւ օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել ԼՂ-ի ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։ Մասնավորապես, 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՈՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմական գործողություն։ 1991թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՈՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երեւան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները: Ապրիլի 30-ին Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետեւ ադրբեջանական ՕՄՈՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրեւ թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման եւ դրան հաջորդող տեղահանության նպատակով», նշվում էր հայտարարությունում։

Այս գործողությունների արդյունքում ամբողջովին ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 հազար մարդ: Իսկ «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի սկիզբ: Արցախի ԱԳՆ-ն այնուհետեւ նշում է. «Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները եւ մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական եւ բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ»։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողությունները, էթնիկ զտումներն իրականացվել են ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների եւ Խորհրդային Ադրբեջանի Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի` ՕՄՈՆ-ի կողմից: Հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերեվարվել եւ խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ: «Օղակ» գործողության ընթացքում 1991թ. ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի եւ Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց եւ տեղահան արել բնակչությանը։ Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ:

«Օղակ» գործողության դաժան, ահասարսուռ դրվագներից մեկը Ոսկեպարում ոստիկանների գնդակահարությունն է, որը շատերն անվանում են` «Ոսկեպարի կոտորած»:  Այսօր լրանում է  այդ սարսափելի իրադարձությունների 32 տարին:

1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու օգտագործմամբ  փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 եւ ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։ Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ եւ 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձում են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար գնդակահարվում են, իսկ մյուսները գերեվարվում ու տեղափոխվում են Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահանում են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարում ու ադրբեջանական ՕՄՈՆ-ին են հանձնում նաեւ գյուղում գտնվող եւ բնակավայրը պաշտպանող 45 ոստիկաններին, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվում։ Առաջ անցնելով՝ նաեւ հիշեցնենք, որ Կիրովաբադում տեղակայված 23-րդ ռուսական դիվիզիան 1992-ի ամռանը հարձակվեց եւ գրավեց Հյուսիսային Արցախը եւ ԼՂԻՄ-ի տարածքի 52%-ը մենք կորցրեցինք։

Հայտնի է, որ այս դաժան գործողությունների պատասխանատվությունից խուսափելու եւ միջազգային գնահատականները մեղմելու նպատակով կազմակերպվեց հետաքննություն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդում լսումներ անցկացվեցին, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չպատժվեցին։

Հիշեցնենք նաեւ, որ Ոսկեպարում գնդակահարված ոստիկանների հիշատակին հուշարձան է կառուցված Նոյեմբերյանում, որը սրբավայր է դարձել, եւ ամեն տարի ոստիկանների հիշատակը այստեղ հարգում են:

Թեեւ Արցախի ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ նշել էր, թե` «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները եւ մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական եւ բարոյական պատշաճ գնահատականին», այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս արձանագրումը հեռու է իրականությունից: «Կոլցոն»-ն անմիջապես ստացել է արժանի գնահատական ու միանշանակ դատապարտվել է:

Մասնավորապես, 1991թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների Սենատը բանաձեւ է ընդունել: 128-րդ բանաձեւը ԱՄՆ-ի Սենատ է ներկայացվել` Կարլ Լեւինի, Բոբ Դոուլի, Լարրի Փրեսսլերի եւ այլոց կողմից: Բանաձեւում դատապարտում են բռնությունը Հայաստանում, արձանագրում, որ Խորհրդային Միության իշխանությունն ու Ադրբեջանի կառավարությունը կտրուկ սաստկացրել են հարձակումները հայ խաղաղ բնակչության նկատմամբ` Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում եւ հենց Հայաստանում: Նշվում է, որ Խորհրդային Միության կառավարությունը մերժել է Հայաստանի խնդրանքը գումարել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հատուկ նիստ` լուծում գտնելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հանգուցալուծման նպատակով: Բանաձեւում արձանագրվում է, որ խորհրդային եւ ադրբեջանական ուժերը ավերել են Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա հայկական գյուղերը, հայաթափել են դրանք` խախտելով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները: Այս ամենն արձանագրելով, Սենատը`

  1. Դատապարտել է հայ անմեղ երեխաների, կանանց եւ տղամարդկանց նկատմամբ հարձակումները Լեռնային Ղարաբաղում ու նրա շրջակայքում, ինչպես նաեւ` Հայաստանում:
  2. Դատապարտել է ուժի կիրառումը, ներառյալ հրետակոծությունը քաղաքացիական տարածքների ուղղությամբ, Հայաստանի արեւելյան եւ հարավային սահմաններին:
  3. Կոչ է արել դադարեցնել շրջափակումը, ուժի այլ կիրառումները եւ ահաբեկումը՝ ուղղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել ահաբեկման նպատակով նոր տեղակայված խորհրդային ուժերի դուրսբերումը:
  4. Երկխոսության կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին՝ որպես հակամարտության լուծման ճանապարհին միակ ընդունելի քայլ:
  5. Վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության եւ Խորհրդային Միությունում տարբեր հանրապետությունների ինքնորոշման իրավունքի նկատմամբ, արտահայտել է խորը մտահոգություն` խորհրդային ուժերի ցանկացած գործողություն, որը ելնում է քաղաքական նկրտումներից եւ որոնք հանգեցնում են հաշվեհարդարի, ահաբեկման գործողությունների։

Նախ, Սենատի վերոնշյալ բանաձեւը ես մեկ անհերքելի ապացույց է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմը սկսել է Ադրբեջանը, որի մասին Հայաստանի ներկայիս իշխանությունները անհասկանալի պատճառներով չեն բարձրաձայնում միջազգային ամբիոններից: Տպավորություն է, թե պատմական այդ փաստի մասին ընդունված չէ խոսել, այն դեպքում, երբ երեք տասնամյակ անց օտարերկրյա երիտասարդ որոշ պաշտոնյաների, պատգամավորների պաշտոնական Բաքուն կաշառելու միջոցով երբեմն կարողացել էր Հայաստանին ներկայացնել «ագրեսոր»:

Ինչ վերաբերում է «Օղակ» գործողությունից անմիջապես հետո 1991թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների Սենատի ընդունած բանաձեւին, ապա այն միանգամայն համարժեք, օբյեկտիվ եւ հասցեական գնահատական էր, որը, թերեւս, Արցախում մոռացության է արժանացել:

32 տարի անց իրադարձությունները կրկնվում են` ռազմական ագրեսիա, տարածքների օկուպացիա, շրջափակում, խաղաղ բնակիչների սպանություններ, էթնիկ զտումներ, ահաբեկչություն` Արցախի ժողովրդի նկատմամբ։

Պաշտոնական Բաքվի ձեռագիրը նույնն է, Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031