Դեկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ասթինե Կալաշյանի «Դարպասից այն կողմ» գրքի շնորհանդեսը, որից հետո իմ ձեռքին մի փոքրիկ գիրք է, իսկ գրքում՝ մի մեծ աշխարհ. այնքան մեծ, որքան կարող է լինել կորսված հայրենիքի կարոտը։ Հենց այդ կարոտն էլ հյուսել է Ասթինե Կալաշյանի ավանդապատումը, որը մեզ տանում է դարպասից այն կողմ, ուր կա մի գյուղ, մի թոնիր, մի հացթուխ, մի հսկա ընկուզենի ու մի տաք աղբյուր եւ մեծ, մի շատ մեծ սիրտ, որ տեղավորում է մի ամբողջ աշխարհ ու մի հայրենիք, որ աշխարհ արժե։
Եվ Ասթինե Կալաշյանի հիշողության բանալին տուն առ տուն բացում է այդ թանկ աշխարհի՝ Արցախի Մեծ Թաղերի բոլոր այն դռները, որոնց ետեւում մարդկային ամենատարբեր պատմություններ են՝ կորստի ու վերընձյուղման, անսահման հավատի ու նվիրումի, պատերազմի ու խաղաղության մասին։
Պատահական չէ, որ Ասթինեի «Դարպասից այն կողմ» ստեղծագործությունը գրքի խմբագիր Ռուզան Մինասյանը համեմատում է մեղվահացի հետ.այն բույն-բույն հյուսած քաղցր պատմությունների մի կուռ համակարգ է, որն իր մեջ նաեւ ծաղկափոշու դառնությունն ու ակնամոմի ամոքիչ ազդեցությունն է ամփոփում։
Կարդացեք նաև
Ինչպես նշում է Ռուզան Մինասյանը. «Նրա հերոսներն իրական մարդիկ են, որոնց թողել է իր մանկության դրախտավայրում՝ «Մեծ գյուղում», մեկ տասնյակից ավելի անուն ունեցող թաղերում՝ Քյալունց, Հայրունց, Ճեղացեն, Կլուբեն եւ այլն…
Ասթինեն իր կերպարներին սիրում է, անգամ ցավոտ նկարագրության մեջ փխրուն մի գույն է ավելացնում, որ այդ ցավի նախշի մեջ մարդն ապրի:
Դարպասից այն կողմ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Յակովն է, որը, կես մարմին դարձած՝ վերադարձել է գյուղ, ապա՝ կես մարմնի մեջ ապրող անասելի մեծ սրտի մեջ տեղավորել է հայրենիքն ու ընտանիքի հետ գյուղից «հեռացել»… »։
Յակով Ալթունյանը, որը ներկա էր գրքի շնորհանդեսին, հուզմունքով նշում է. «Հերոսները, որոնց Ասթինեն նկարագրում է, բոլորն իմ հարազատներն են, այդ ամբողջ միջավայրն է ինձ համար հարազատ, եւ ես ուզում եմ նկատել խիզախությունն այդ ամենի մասին գրելու։ Այդ բոլորը մենք կարողանում ենք պատմել, բայց գրի առնել, պատմություն սարքել ու արժեք ստեղծել… Դա հատուկ է մարդուն, որը մեծացել է ազնիվ միջավայրում եւ կրում է իր մեջ այդ ազնվությունն ու խիզախությունը»։
Ռուզան Մինասյանն ասում է. «Ասթինեի գիրը ձգող է, նրա առաջին իսկ պատումը կարդալով՝ հասկանում ես, որ հանդիպել ես մեկին, որն իր հետ քեզ տանում է մի վայր, որտեղ յուրահատուկ բանաստեղծական տողաշխարհի տակ թաքնված արժանապատիվ ներկայություն կա, անհանգիստ սիրտ, ձայներ, հիմա արդեն՝ կորուսյալ աշխարհի, որ զգուշորեն պիտի հանդիպի իր Նորեկին, իր Մոտին, իր Յուրայինին»։
Արձակագիր Ալվարդ Սամսոնյանը իրավամբ հավելում է.«Թեկուզ մի փոքրիկ գյուղի, բայց սա պատմություն է Արցախի մասին, սա խոսում է այն մասին, որ թեկուզ դարպասից այն կողմ, չնայած Արցախից հեռու ու անկախ բոլոր դժվարություններից, Արցախի մշակույթը կա, ապրում է, շնչում է…կա ու պիտի լինի»։
Գրքի հրատարակիչ Ծովինար Տուրատուրյանն էլ, կիսվելով իր տպավորություններով, ասում է, որ խոսելու է որպես ընթերցող, այլ ոչ՝ հրատարակիչ.«Գիրքը կարդալով իսկապես հայտնվեցի Մեծ Թաղերում, տեսա այն բալենին, որը միայնակ կանգնած է եւ արդեն քանի տարի է՝ ծաղկում է, բայց, ափսոս, հիացող չունի, բերքը հավաքող չունի, մինչդեռ ամեն տարի դույլերով էին հավաքում բերքը… Անցա այն սառը աղբյուրի կողքով, որից, ցավոք սրտի, այլեւս ոչ ոք չի հագեցնում իր ծարավը, գուցե չորացել է արդեն այդ աղբյուրը… Դարպասից այն կողմ այն լվացքի պարանն է, որից կախված են մնացել 3 եղբայրների զինվորական համազգեստները, որոնք, ցավոք, հավաքող չկա…»։
Բանաստեղծ, նկարիչ Հակոբ Հարությունը հանդիսատեսի ուշադրությունն է հրավիրում գրքի գեղարվեստական պատկերների վրա՝ դրանք շատ գեղեցիկ բնորոշելով, ինչպես նաեւ նշում է, որ հատկանշական է Մեծ մոր՝ աքայի կերպարին Ասթինեի հատուկ անդրադարձը, եւ կատակելով՝ ավելացնում է. «Դու էլ Մեծ մայր կդառնաս, Ասթինե…»։
Գրքի շնորհանդեսն անցավ գրքի բովանդակությանը բնորոշ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ հոգեթով մեղեդիների ուղեկցությամբ։ Հուզիչ, միեւնույն ժամանակ հետաքրքիր էր տեսնել գրքի հերոսներին իրական կյանքում. նրանց Ասթինեն կարողացել էր կերտել զարմանալի դիպուկությամբ՝ գտնելով կերպարին բնորոշ դիմագիծը, բնավորությունը, նկարագիրը։
«Հո՞ւնց ես, Ասթինե». հուզմունքը հազիվ թաքցնելով՝ հարցնում է զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանն ու ավելացնում. «Էս խոսքերը կարող են լինել թե՛ տխուր եւ թե՛ ուրախ, ես կխոսեմ ուրախից, քանի որ այսօր Ասթինեն իր երեխային դաստիարակում է այնպես, կարծես Սաթենիկն ապրում է Արցախում, եւ այդպես լինելով՝ մեծ հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի…»։
Իսկ ամեն ինչ լավ կլինի, քանի դեռ կա հիշողությունը, որը բացում է բոլոր կողպված դարպասներն ու փակված դռները, ու կարոտը, որն անշեջ է պահում այդ հիշողությունը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2025

























































