Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնիկ տերերը պետք է վերադառնան Արցախ` տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

Դեկտեմբեր 10,2025 11:16

1991թ. սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին՝ 34 տարիներ առաջ ճիշտ այս օրը, ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթե 40 անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Հանրաքվեի ընթացքին և ձայները հաշվելու պրոցեսին հետևած անկախ միջազգային դիտորդները հանրաքվեից անմիջապես հետո հրապարակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների մասին ակտ»-ում նշել են, որ իրենք որևէ խախտում չեն արձանագրել ո՛չ քվեարկության և ո՛չ էլ ձայները հաշվելու ընթացքում:

Անկախ դիտորդները հայտնել են նաև, որ քվեաթերթիկները տպագրվել են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն:

Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…որ հանրաքվեն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ (Ադրբեջանի կողմից իրականացվող – Ս. Հ.-Ջ.) ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի չդադարող հրետակոծություններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներ և հրետանի: Քվեարկության օրը հրետակոծություններից զոհվել են 10, վիրավորվել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտեզները, դպրոցները:… Պայթեցվել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկա հաց, դեղորայք»:

Ահա այսպիսի ծանր ու դաժան պայմաններում արցախահայությունը, զարգացնելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթները, դրսևորելով բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն, ժամանակի ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերին համապատասխան, ձեռնարկել է օրինական քայլեր՝ իր պետական-իրավական հետագա կարգավիճակի հարցը լուծելու ուղղությամբ:

Նկատի ունենալով Արցախի Հանրապետության անկախության հռչակման նպատակով արցախահայության իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հարակից Շահումյանի շրջանի հետ միասին հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ:

Հարկ է նշել, որ Եվրոպական խորհրդարանը 1999թ. մարտի 11-ին ընդունած «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձևում Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:

Փաստորեն, միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման օրինականությունն (լեգալություն) ու լեգիտիմությունը:

19 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության ժողովուրդը, զարգացնելով պետականության շինարարությունը, համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունել է նաև մայր օրենք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:

Անհրաժեշտ է նշել, որ Արցախում սահմանադրաիրավական մշակույթն ունի ավելի քան 1500 տարիների պատմություն:

Դեռևս 488 թվականին աշխարհում առաջիններից մեկը, իսկ հայոց մեջ առաջինը հենց Արցախում է ընդունվել մայր օրենք, որը պատմությանը հայտնի է «Սահմանադրություն կանոնական» անունով:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին միջազգային իրավական ակտերի կոպտագույն խախտմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման, ինչպես նաև ի հակառակ իր պարտավորությունների Հայաստանի վարչակազմի անգործության հետևանքով Արցախի պետականակիր բնիկ տերերը, ենթարկվելով ցեղասպանության, հարկադրված լքել են իրենց նախնիների գրեթե 3000-ամյա բնօրրանը:

Երբեք, որևէ պարագայում չպետք է հաշտվել ստեղծված անբնական ու անօրեն իրավիճակի հետ:

Արցախահայության վերադարձին այլընտրանք չկա ու չի կարող լինել:

Արցախի բնիկ տերերը պետք է վերադառնան Արցախ` տիրոջ իրավունքով և կարգավիճակով, որտեղ պետք է շարունակեն գործել Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Արցախի ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը պետք է շարունակի կատարել իր պարտականություններն ու իրականացնել իր լիազորությունները:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031