Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք. Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 10,2025 11:30

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։

Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ Շատ երկրներում կան զսպման և դիմադրության համակարգեր՝ պետական ինստիտուտներ, հասարակություն, ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Որևէ օղակ կկասեցնի փլուզումը։

Ինչու եմ սա ասում։ Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ, մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք։ Բոլոր ջանքերը նախ և առաջ պետք է դնել հանրային տրամադրությունները փոխելու համար։

Բոլորիս ընդհանուր գործն է՝ բացատրել ժողովրդին, թե ինչի´ մասին են այս ընտրությունները։ Ժողովուրդը դեռևս չի հասկանում, որ դրանք Հայաստանում ապրելու՝ իր հնարավորության մասին են։

Եթե սա չարեցինք, վաղը կարող է ուշ լինել։ Վաղը բոլոր մերկանտիլ հաշվարկները չեն իրականանալու, ու կանգնելու ենք այլանդակ իրականության առաջ։

Ի՞նչ եք կարծում, եթե հասարակությունը չի ընդվզում, երբ իմանում է, որ իր ընտանիքը, իր երեխան շնչում են քաղցկեղածին օդ, և շարունակում է հանգիստ ապրել, կարո՞ղ է գիտակից ընտրություն կատարել։

Երբ մի հասարակություն իմանում է, որ իր իշխանությունը մերժել է 2019-ին խաղաղ կարգավորման՝ միջնորդների առաջարկը, ինչը բերել է պատերազմի, զոհերի ու ազգային ստորացման, և չի ընդվզում, շարունակում է իր հանգիստ կենցաղը, կարո՞ղ է ընտրություններին քվեարկել որպես պատվախնդիր քաղաքացի։ Պատասխանը կարող է լինել և´ այո, և՝ ոչ։ Պատասխանն իրականում կախված է ընդդիմադիր դաշտի ադեկվատ աշխատանքից։

Եթե առաջիկա ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կա մեծ շանս, որ ընտրությունների շեմին ունենանք փոփոխությունների պատրաստ, իր քվեի արժեքն իմացող հասարակություն։ Եթե շարունակենք աշխատել այսպես, ապա՝ ոչ։

Պատերա՞զմը դարձրեց մեր հասարակությունն ու մեր էլիտաներին այսպիսին, թե՞ մեր հասարակության և էլիտաների որակը դարձան  պատերազմի ու այսպիսի անկման պատճառ։

Այս հարցի պատասխանն էլ կիմանանք ընտրություններից հետո։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031