Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընտրություններից հետո. պատերազմ ու քաոս

Դեկտեմբեր 10,2025 11:38

Դատելով ներկա պահին հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կառուցվածքից, Նիկոլի հաղթանակը 2026թ․ ընտրություններում անկասելի է թվում։ Նա է թելադրում քաղաքական օրակարգը․ ձերբակալում ու ծեծում է ընդդիմախոսներին, ջրում է արցախյան դավաճանությունը, փակում է լրատվամիջոցներ, փլուզում է եկեղեցին, քանդում է բանակը, երկպառակություն է սերմանում հասարակության մեջ։ Այս ամենին ընդդիմությունը պատասխանում է լոկ ֆեյսբուքյան գրառումներով, լավագույն դեպքում՝ հարցազրույցներով, եւ մինչեւ չփոխվի նման կրավորական դիրքը, Նիկոլի դեմն առնելու մասին խոսելը անհեթեթություն է։ Սակայն առավել սարսափելի է ոչ այնքան այս դժնի ներկան, որքան հետընտրական անխուսափելի ապագան։ Առնվազն երկու մղձավանջ է սպասվում երկրին ընտրություններից հետո։

  • Պատերազմ․ Ալիեւը ատամները սեղմած սպասում է, թե երբ են ավարտվելու ընտրությունները, որպեսզի խախտի Նիկոլին տված չկրակելու խոստումը։ Պարզ է, որ այս խոստումը նա տվել է ոչ թե Նիկոլի հանդեպ սիրուց, այլ որպեսզի վերջինս ընտրությունների ժամանակ ցույց տա, թե ինչ լավ ու խաղաղարար քաղաքականություն է ինքը վարում, ու հաղթի։

Մինչդեռ, խաղաղության նշույլ անգամ չկա։ Ալիեւը աննախադեպ զինում է իր բանակը, իսկ Նիկոլը այն կրճատում է, փլուզում գեներալիտետի հանդեպ ճնշումներով, ստրատեգիական բարձունքներ զիջելով, ցուցահանդեսային՝ ոչ պատերազմին պատրաստվելու համար սպառազինությամբ, անվտանգության ծառայություններին երկրի անվտանգության համար կապ չունեցող առաջադրանքների լծելով։

Ինչ վերաբերվում է անվտանգություն ու խաղաղություն ապահովող դիվանագիտությանը, ապա չնայած Նիկոլն ամբողջ օրը աշխարհով մեկ հանդիպումներ է ունենում՝ նա չի բերել որեւէ անվտանգային երաշխիք, բացի Թրամփի վոթսափի համարից: Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը հասցվել է նվազագույնի, լավագույն դեպքում այն կարող է ծառայել որպես Ադրբեջանից Նախիջեւան գնացող մայրուղի։ Իսկ իր այս բոլոր զիջումների դիմաց՝ Նիկոլը նույնիսկ չի կարողացել հասնել նվազագույնին՝ Թուրքիայի սահմանը բացել։ Ըստ էության, իր անընդհատ «կռուտիտներով» Նիկոլը Հայաստանը անվտանգության տեսանկյունից մերկացրած է կանգնեցրել աշխարհի առաջ, ու Ալիեւը ամենամեծ հիմարը կլինի, եթե չօգտվի նաեւ իր ձեռքով ստեղծած այս առիթից։ Նրա հարձակման դեպքում Հայաստանը մնալու է մեն-մենակ՝ ատոմիզացված հասարակությամբ եւ փլուզված բանակով։

Ալիեւն այս ընթացքում, բացի բանակը մինչեւ ատամները զինելուց ու լավագույն մարտավիճակի բերելուց՝ նաեւ պատրաստել է Հայաստանի վրա հարձակվելու բազմաթիվ առիթներ․ անկլավներ, ադրբեջանցիների վերադարձ, Զանգեզուրի միջանցք ։ Հայաստանի իշխանությունները լավագույն դեպքում ոչ ադեկվատ, անհոդաբաշխ թոթովանքով են պատասխանում Ալիեւի ագրեսիվությանը, մինչդեռ նա սրանցից յուրաքանչուրը կարող է օգտագործել որպես casus belli, թեեւ համոզված եմ, որ Նիկոլը մի լրացուցիչ անկապ ասույթով ավելի կոնկրետ առիթ կտա Ալիեւի հարձակման համար։

 

  • Քաոս․ Արդեն եղած զարգացումները հիմք են տալիս պնդելու, որ համատարած քաոսը մուտք է գործում Հայաստան։ Մարդիկ ծայրաստիճան կատաղած են․ աննախադեպ էր,երբ մեկին սպանում են, ու հետո երեք անգամ ավտոմեքենան վրայով քշում, դպրոցականները օրումեջ ծեծուջարդով հաշիվ են պարզում, որ օրը ցերեկով քաղաքի մեջտեղում հարձակվում են ընդդիմախոսի վրա ու ջարդուփշուր անում, ամեն օր կրակոցներ են հնչում Երեւանից մինչեւ երկրի տարբեր ծայրեր։

Այս երեւույթների պատճառները երկիրն ու հասարակությունն աշխատացնող երկու հիմնական մեխանիզմների՝ բարոյական եւ իրավական բացակայությունն է։

Ատելության եւ անօրինականության քարոզը նիկոլիստների շրջանում (հերձվածողների, լուզերների, պողոսների՝ կարելի օգտագործել ցանկացած տերմինը) պարարտ հող է գտել, քանի որ անհաջողակների դեպքում չարությունը դառնում է կենսաձեւ։ Հիմա, երբ այն քարոզվում է ամենաբարձր ամբիոնից, եւ որպես արդյունք՝ հաղթում է (հաղթանակը ընտրություններում), լուզերները հասկանում են, որ ճշմարտությունը դաժան ու չար լինելու մեջ է։

Սրան գումարվում է դժնի ու կոպիտ գործելակերպը իշխանության կողմից, ընդդիմախոսների հանդեպ բռնությունները, ձերբակալությունները, ասֆալտին փռելը, հարձակումները դատարանների վրա, աննախադեպ կոշտ արշավը եկեղեցու դեմ, այս բոլորը համոզում են նիկոլիստներին, որ «Բռնությունը նորաձեւ է»։

Սրան գումարած այն, որ հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անձինք կալանավորված են, եւ մինչեւ ընտրությունները դեռ նորերը կկալանավորվեն։ Եթե այս մարդիկ իրենց խոսքով կամ գործողություններով կարող էին փոքր-ինչ ազդել բռնության տարածման վրա, ապա հիմա նրանք խաղից դուրս են։

Սրան գումարվում է օրենքի իսպառ բացակայությունը, երբ իրավապահ մարմինների կարող են ցանկացած առիթով կամ առանց առիթի գնալ բռնության։ Իսկ Նիկոլի դատարաններում անհնար է ճշմարտություն գտնելը, դրա համար էլ ճշմարտությանը մարդիկ փորձում են հասնել իրենց ձեւով։

Սրան գումարած այն, որ իրավապահներն ամբողջովին զբաղված են ընդդիմախոսներին պատժելով (50+ քննիչներ ամիսներ շարունակ փորձում են կրիմինալ գտնել Սամվել Կարապետյանի արտասանած երկու խոսքի մեջ!)։ Նրանք պարզապես ժամանակ չունեն զբաղվելու իրական հանցագործներով, եւ, միգուցե, արդեն կորցրել են նման հմտությունները։

Իրավական ու բարոյական այս նիհիլիզմը քանդել է բոլոր ինստիտուտները, իրականում վերանում է պետությունը։

Արդեն իսկ ծայր առած բռնությունները ընտրություններից հետո՝ պողոսության հաղթանակից հետո, վերածվելու են քաոսի։

Ընդ որում, քաոսը նպաստելու է պատերազմում թշնամու հաղթանակին, իսկ պատերազմը՝ քաոսին։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031